Նախադասության կետադրման հետ կապված մեր երկմտությունների մեծ մասը բութի կամ ստորակետի ընտրությանն են վերաբերում։
Բութը, ինչպես և ստորակետը, տրոհության նշան է, այսինքն՝ այն տրոհում, առանձնացնում է գրավոր խոսքի բաղադրիչ մասերը, ինչն ապահովում է և՛ դրանց քերականական նշանակության ճիշտ ընկալումը, և՛ կարդալիս շնչառության համար անհրաժեշտ արտասանական դադարները։ Սակայն ի տարբերություն ստորակետի, որի առաջնային նշանակությունը պարզ նախադասություններում ավելի շատ հենց անջատումն է` բութը, ընդհակառակը, տրոհելով նախադասության անդամները միմյանցից կամ խոսքի այլ բաղադրիչներից, միաժամանակ իմաստայնորեն դրանք իրար է կապում կամ ցույց է տալիս այդ կապը։
Ուրեմն՝ ստորակետի փոխարեն ճիշտ է բութ դնել՝
- Ըստ, չնայած, հանդերձ, հակառակ, համաձայն, շնորհիվ և նման կապերով ու կապական բառերով առաջադաս կամ հետադաս լրացումները (հիմունքի և զիջման պարագաները) տրոհելու դեպքում, օրինակ՝
Ըստ Արմենի՝ նրանք տեղ էին հասել գիշերվան մոտ։
Չնայած հոգնությանը՝ բոլորը կամենում էին ժամ առաջ անցնել ցանկապատի նորոգման աշխատանքներին։ - Նախ, ապա, առաջին, երկրորդ և նման այլ բառերի ուղեկցությամբ կատարվող թվարկումների ժամանակ (դրվում է այդ բառերի վրա), օրինակ՝
Նախ՝ դուք նրան սխալ եք հասկացել, երկրորդ՝ եթե անգամ սխալվել է, այն ուղղելու հնարավորություն ունի։ - Խոսքի ամփոփում, մեկնաբանություն բերող այսպես, այսպիսով, այն է, օրինակ, ասել է թե, այսինքն, ուրեմն և նման բառերի վրա։
Ի դեպ, հաճախ, երբ ոճական կամ այլ նկատառումներով անհրաժեշտ է խոսքում միտումնավոր դադար ապահովել, բութով կարող են տրոհվել առաջադաս կամ հետադաս ամենատարբեր լրացումներ՝ ձևի, ժամանակի, պատճառի, տեղի, չափ ու քանակի պարագաները՝ անկախ այն բանից՝ դրանք արտահայտված են դերբայական դարձվածո՞վ, թե՞ ոչ։ Ոճական նկատառումներով՝ հեղինակն ազատ է տրոհելու անգամ մեկ բառով արտահայտված լրացումը։
Ն․ Աբասյան