Բոլորաբերդը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Վերնաշեն գյուղից 6-7 կիլոմետր հյուսիս: Ամրոցը հիմնադրվել է 13-րդ դարում: Այն բոլորաձև է, այսինքն՝ կլորավուն, որտեղից էլ ծագում է անունը: Սակայն բերդը հայտնի է նաև Պռոշաբերդ անվամբ (հավանաբար այն վերակառուցել է Պռոշ իշխանը, երբ Զաքարյանները Վայոց ձորի մի մասը հանձնեցին նրա տոհմին):
Բոլորաբերդը զբաղեցրել է լեռան գագաթի հարթությունը՝ գրեթե 1.5 հեկտար տարածություն: Այն ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակների հետքերը պահպանվել են մինչ օրս։ Պահպանվել են նաև պարիսպը և բուրգերը։
Կա մի ցավալի պատմություն այս ամրոցի մասին: Մի անգամ պարսից խանը հարձակում է գործում բերդի վրա: Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել այն: Անցնում է մեկ ամիս, երկուսը, բայց ամրոցն անսասան է մնում: Խանը որոշում է կտրել բերդ մտնող ջուրը, բայց նրա զինվորները չեն կարողանում գտնել աղբյուրը: Այդ ժամանակ մի խորամանկ մարդ առաջարկում է յոթ օր ծարավ պահել մի ջորի: Երբ մեկ շաբաթ անց կենդանուն բաց են թողնում, նա սկսում է ջուր փնտրել ամրոցի մոտակայքում։ Ջորին, հողի տակ խոնավություն զգալով, փորում է և գտնում ջրատար խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։
Այսօր բերդի արևելյան կողմում կանգուն է մատուռը, ինչպես գրեթե բոլոր ավերված ամրոցների աղոթատները: