Գալիլեո Գալիլեյ

Այս մարդու շնորհիվ գիտությունը մեծ քայլ է կատարել:

Ուրեմն լսի՛ր:

Այն ժամանակներում, երբ ապրում էր Գալիլեո Գալիլեյը, մարդիկ շատ բաներ դեռ չէին հայտնագործել և պատկերացում չունեին Տիեզերքի, աշխարհի մասին: Եվ ահա Գալիլեյը, լինելով խելացի ու հետաքրքրասեր, փոքր տարիքից սիրում էր հարցեր տալ, սիրում էր պրպտել ու նոր բաներ իմանալ: Նա լավ գիտեր մաթեմատիկա, ֆիզիկա, բժշկություն, նկարում էր, շատ կարդում էր ու գրում:

Գալիլեյը մի քանի կարևոր հայտնագործություններ է արել: Բայց այն ժամանակ նրան քչերն էին հավատում, նույնիսկ ծաղրում էին հայտնագործությունները: Դրա պատճառն այն էր, որ Գալիլեյն իր ժամանակից առաջ էր ընկել, իսկ մարդիկ դեռ չէին հասկանում նրա հայտնագործությունների կարևորությունը: Շատ սովորական թվացող երևույթներում նա նկատում էր անսովորն ու իր բնավորության համաձայն` սկսում փորփրել և հետաքրքրվել: Օրինակ` նա երազող մարդ էր ու սիրում էր երկնքին նայել: Բայց քանի որ չէր գոհանում աչքով տեսածից, ուզում էր ավելին տեսնել ու իմանալ:

Այդպես Գալիլեո Գալիլեյը հայտնագործեց աստղադիտակը: Մոտ 400 տարի առաջ: Դա երկաթե մի պարզ խողովակ էր, որի ծայրերին նա ուռուցիկ ապակիներ էր տեղադրել: Առաջին աստղադիտակն առարկաները խոշորացնում էր ընդամենը 3 անգամ: Հիմա արդեն աստղադիտակներն առարկաները խոշորացնում են 100-միլիոնավոր անգամներ: Իհարկե, Գալիլեյը կատարելագործեց իր հատնագործությունն և աստիճանաբար հասավ նրան, որ աստղադիտակը մինչև 100 անգամ մոտեցնում ու խոշորացնում էր առարկաները:

Աստղադիտակի շնորհիվ Գալիլեյը նոր բաներ տեսավ Տիեզերքում. տեսավ նոր աստղեր, տեսավ, որ Յուպիտեր մոլորակը 4 արբանյակ ունի, որ Արևի վրա մուգ կետեր կան, որ Լուսնի վրա սարեր կան, որ Սատուրն մոլորակի շուրջը սկավառակ կա, և որ ամենակարևորն է` երկնային բոլոր մարմինները պտտվում են Արեգակի շուրջ: Իսկ այն ժամանակ կարծում էին, թե հակառակն է. Արևն է պտտվում Երկրի շուրջ:

Գալիլեյի հայտնագործած աստղադիտակի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Գալիլեյը հայտնի գիտնական դարձավ: Բայց կային նաև թշնամիներ, որոնք ամեն կերպ խանգարում էին նրան: Չծիծաղես, եթե ասեմ, որ մի օր հատուկ ժողով հրավիրեցին ու քննարկեցին` արդյոք Գալիլեյին թույլ տա՞ն, թե՞ արգելեն իր հորինած «երկաթե խողովակով» նայել երկնքին: Քննարկեցի՜ն-քննարկեցին և ի վերջո որոշեցին չարգելել նրան նայել երկնքին:

Հավանեցի՞ր. տարածիր