Ասում են, որ շա՜տ ու շատ դարեր առաջ, երբ մենք՝ հայերս, դեռ քրիստոնյա չէինք, Հայկ նահապետի ծոռը՝ Գեղամը, հիմնադրեց մի ամրոց և իր թոռան՝ Գառնիկի անունով այն կոչեց Գառնի:
Ազատ գետի աջ ափին՝ խորունկ ձորի եզերքին, հպարտորեն կանգնած է Գառնու շքեղ տաճարը։
Ցավոք, ամրոցից շատ քիչ բան է պահպանվել: Ի՜նչ լավ է, որ գոնե տաճարը վերականգնվել է, և մենք այսօր կարող ենք հիանալ նրանով։ Այն հրաշալի դիրք ունի. բերդից բացվող կախարդիչ տեսարաններ։ Իսկ ներքևում քչքչում են գետի սառնորակ ու վճիտ ջրերը։
Ամրոցում պահպանվել է նաև բաղնիքը, որն իր խճանկարներով հատակը հիացնում է այցելուներին։ Այնտեղ օգտագործված են 15 տարբեր երանգների բնական քարեր։ Գունային անցումներն այնպե՜ս վարպետորեն են արված, ասես ծովի ալիքները ծփում են, ու ջուրը բաց կամ մուգ կանաչ երանգ է ստանում։ Դու կարող ես Գառնի այցելել նաև աշնանը, երբ բնությունը կախարդական գույներ կհագնի ու կնմանվի իսկական հեքիաթի: