Ասում են՝ խաղողի հայրենիքը հենց Հայաստանն է: Արարատյան դաշտի խաղողը տարբերվում է աշխարհի մյուս վայրերում աճող բոլոր տեսակներից: Այն եզակի քաղցր համ ունի և շատ հյութալի է։ Եվ պատմում են, թե գինու գյուտը չէր լինի, եթե մարդիկ այդքան հրապուրված չլինեին Արարատյան դաշտի խաղողի համով և չորոշեին այն ամբարել՝ ձմռանը ևս ուտելու համար։
Նրանք խաղողի հատիկները լցրին մի տակառում և այն տեղավորեցին մութ մառանում:
Ահա եկավ ձմեռը: Մարդիկ գնացին մառան, բաց արեցին տակառն ու տեսան, որ խաղողահատիկները թոշնել են, իսկ նրանց հյութը ծորել ջուր է կապել։ Բոլորը տխրեցին, բայց ափսոսում էին դեն նետել իրենց ամբարածը:
Հանկարծ նրանցից մեկը մոտեցավ ու փորձեց առաջացած քաղցրահամ հյութը։ Տեսնելով նրա զարմացած հայացքը՝ մյուսներն էլ մոտեցան ու խմեցին հյութից, և քիչ անց ամենքի տրամադրությունը բարձրացավ․ մի ե՜րգ, մի խնդույթո՜ւն․ իսկական խենթանոց: Հետո մարդիկ սկսեցին իրենք ճմլել խաղողի հատիկները, որպեսզի հյութը մինչև վերջ քամեն: Այսպես հայոց երկրում ծնվեց գինին:
Սակայն պետք է հիշել հայտնի խոսքը գինու մասին․ «Մի թասը լավ է, երկուսը բավ է, բայց լա՛վ իմացիր․ երրորդը ցավ է»։ Գինին չարաշահողը միշտ ծիծաղելի, իսկ հաճախ էլ խղճալի վիճակում է հայտնվում։