Գոշավանքը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին՝ Գետիկ գետի աջ ափին: 12-րդ դարի վերջում այն հիմնադրել է Մխիթար Գոշը և այստեղ միաբանություն հավաքել: Գոշավանքը եղել է ժամանակի լավագույն հոգևոր կենտրոններից։ Գոշավանքի վարդապետարանում տվել են հոգևոր կրթություն, դասավանդել հայերեն, հունարեն, լատիներեն, ինչպես նաև ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ և այլն: Այստեղ են ուսանել նշանավոր Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Վանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր:
Գոշավանքում առաջինը կառուցվել է Սուրբ Աստվածածին խաչագմբեթ եկեղեցին՝ Մխիթար Հյուսն վարպետի ձեռքով, Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների օժանդակությամբ: Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ 1197 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման առթիվ, բազո՜ւմ-բազում ընծաների հետ միասին, Զաքարյան իշխանները Գոշավանքին նվիրել են նաև Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը հիացրել է ամենքին:
Երկրորդ տաճարը, որը հիմնվել է Գոշավանքում, Սուրբ Գրիգոր եկեղեցին է: Այն սկսել են կառուցել Մարտիրոս և Գրիգոր եղբայրները՝ 1231 թ., սակայն շինարարությունն ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի ժամանակ և ավարտվել Գրիգոր Կապալեցու ջանքերով:
1237-1241 թվականներին Գրիգոր Տղա իշխանը կառուցել է վանքի մյուս՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այն փոքրիկ, բայց գեղեցկագույն միանավ աղոթատուն է, որը Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»: Այնուհետև Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են գմբեթավոր Սբ. Գևորգը: Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում Սուրբ Հռիփսիմե ժամատունը, Առաքելոց մատուռները, պատկերասրահը, գրատուն-զանգակատունը, չքնաղ խաչքարերը: