Գրող փետուրները մարդը հայտնագործել է դեռ 5 հազար տարի առաջ։ Անգլերեն pen-ը (գրիչ), ծագում է լատիներեն penna (թռչնի փետուր) բառից։ Լավագույն գրիչները ստացվում էին կարապի, սագի և հնդկահավի փետուրներից, քանի որ դրանք հաստ էին։ Փետուրի ծայր սրում էին և պարբերաբար թաթախելով թանաքի մեջ՝ գրում։ Արքաների կամ իշխանների համար փետուրները կարող էին ոսկեջրել, բրոնզապատել։ Բայց դե գրիչը մնում է գրիչ, և նրա առաջնային գործառույթն ամենևին էլ զարդ լինելը չէ։
Փետուրներն օգտագործել են երկար դարեր։ Ինքնահոս գրիչը ստեղծվել է միայն 19-րդ դարում՝ ամերիկացի վաճառական Լևիս Ութերմանի կողմից։ Նա ինքը գրենական պիտույքներ էր վաճառում, և այդ գյուտը, այսօրվա լեզվով ասած, նաև հնարամիտ մարքեթինգային քայլ էր (մրցակցությունը շուկայում միշտ էլ օգտակար է սպառողի համար)։ Ինքնահոս գրիչը, անխոս, ավելի հարմար էր․ կարիք չկար շարունակ ընդհատելու գիրը, որպեսզի փետուրին թանաք ավելացնեիր։ Սակայն սա էլ իր թերությունն ուներ․ թանաքը կարող էր մեկ էլ ծորալ և հետքեր թողնել թղթին, մարդու ձեռքին, հագուստին։
Միայն 1944 թվականին ավստրիացի Լասլո Բիրոն, օգտվելով մեքենաների համար պատրաստվող գնդիկավոր առանցքակալի մեթոդից, կաթիլային բարակ անոթին ավելացրեց նույնատիպ մեխանիզմ և աշխարհին ներկայացրեց առաջին գնդիկավոր գրիչը։
Այդ պահից սկսած՝ անելիք կար նաև քիմիկոսներին։ Նրանք պիտի ստանային արդեն այլ հատկանիշներով թանաք։ Գրելիս գնդիկը պտտվում է, և շարունակ թանաքը տեղափոխում թղթի վրա: Ուստի թանաքի խտությունն ու մածուցիկությունը պետք է լինի այնպիսին, որ այն չհոսի խողովակի և գնդիկի արանքից, կպչի գնդիկին և միայն թույլ սեղմելիս անցնի թղթի վրա, դրա համար էլ հին՝ փետրավոր գրիչների թանաքն այլևս չի համապատասխանում գնդիկավոր գրիչներին:
Մեր օրերում գրիչների գործածությունը որոշ չափով նվազել է։ Գրագրությունն արդեն հիմնականում կատարվում է համակարգչի օգնությամբ, և տարբեր կազմակերպություններում շատ անգամ գրիչը պետք է գալիս միայն ստորագրելու կամ մակագրություն թողնելու համար։
Սակայն ձեռագիրը, իհարկե, իր անփոխարինելի կարևորությունն ու հմայքն ունի, և գրիչները միշտ էլ կմնան անհրաժեշտ պիտույք մարդու համար։