Օրերից մի օր Օսկար Ուայլդի ձեռքին է հայտնվում յուրահատուկ շապիկով և գեղեցիկ նկարազարդումներով մի ամսագիր, որով հիացած՝ նա որոշում է անպայմանորեն այցելել հրատարակչին: Եվ այդ այցն անպտուղ չի մնում:
Դեռևս 1888 թվականին երկու երիտասարդ արվեստագետ Փարիզից տեղափոխվում են Լոնդոնի Չելսի թաղամաս՝ հաստատվելով Վեյլ կոչվող N 1 տանը: Տունն ի վերջո դառնում է ոչ միայն յուրահատուկ մի հավաքատեղի-ակումբ ժամանակի արվեստագետների համար: Այս երկուսի՝ Չարլզ Ռիքեթսի և Չարլզ Շենընի՝ ուսանողական տարիներից սկիզբ առած ընկերությունն այսպիսով հիմք է դնում «The Vale» հրատարակչության գործունեությանը և անյունաքարային դառնում տպագրական արվեստի նորացման հարցում:
19-րդ դարը Անգլիայում արվեստի մի բացառիկ վերազարթոնիք փուլ էր: Հենց ինքը՝ Ռիքեթսը, այսպես է բնորոշում իր ժամանակները. «19-րդ դարը անցումային մի ժամանակաշրջան չէ՝ այնպիսին, ինչպիսին էր 18-րդ դարը․ սա մի նոր Վերածնունդ է…. Այն, ի վերջո, արվեստագետների համար հույսի և ձգտումի մի դարաշրջան է.․..»: 19-րդ դարը կարծես «ազատում» է արվեստը արտաքին ազդեցությունից, իսկ ստեղծագործողներիի առջև ծառանում են մի շարք նոր հարցեր, որոնց շուրջ էլ նրանք համախմբվում էին՝ նոր ուղիների իրենց փնտրտուքներով:
Հավանաբար Ուայլդի ձեռքն ընկել էր 1889 թ․ լույս տեսած՝ արվեստին նվիրված «The Dial» ամսագրի առաջին համարը: Շապիկի ձևավորումը Ռիքեթսինն էր, իսկ նկարազարդումները՝ Շենընինը: Սկզբունքը, որով նրանք առաջնորդվում էին, և որն էլ հետագայում դարձավ հրատարակչական արվեստի հիմք, հետևյալն էր․ վճարող հանրությունը չէ, որ պետք է ուղղորդի արվեստագետին։ Ըստ այդմ էլ՝ նրանք ջանում էին հանրային ընդունելություն վաստակել իրենց առջև դրած բարձր նպատակներով: Ռիքեթսը նկարազարդումն ըմբռնում էր որպես մի պատկեր, որն այլևս անջատ չէ տպագիր տեքստից․ այժմ գիծերն առավել թանձր էին ու հարուստ, աչքի համար խոսուն: Էջի տարածքն ազատորեն էր օգտագործվում, իսկ տեքստը խեղդված չէր թղթի մակերեսին: Ռիքեթսը վստահ էր, որ նկարազարդումը պետք է լինի ոչ թե զուտ հավելում գրքին, այլ տեքստի ուղեկիցը, մի տարր, որը լրացնում է պոետական մտքին:
Եվ այսպես՝ գրողն ու նկարիչը հերթ չէին տալիս՝ գովասանքի խոսքեր շռայլելու միմյանց: Ռիքեթսը Ուայլդին տեսնում էր որպես հանճարեղ, բարեկիրթ և հիասքանչ մի մարդու: Ուայլդն էլ մեծապես հիանում էր իր գրքերի՝ Ռիքեթսի արած նկարազարդումներով: Երկուսն էլ ի վերջո եկել էին այն կարծիքին, որ «Սֆինքսը» լավագույնս էր ստացվել: Ուայլդի պոեմի սեղմությունը և տողերի լայնությունը համակշռելու համար տեքստը բաշխվում է ավելի շատ էջերի վրա՝ թողնելով մեծ տարածություններ, իսկ բոլոր տառերը մեծատառ են՝ տարածքը լցնելու նպատակով. պատկերներում, Ռիքեթսի բառերով ասած, նա տալիս է տարբեր դարաշրջանների ոճային գծերի համակցում՝ «կերտելու մի հիասքանչ պահ կամ տեղ»: Այդպիսի մի պահ է հենց շապիկին պատկերված Մելանխոլիայի կերպարը, ով հայացքը գամել է դարերով քարացած Սֆինքսին:
Գրքարվեստի զարգացման այս փուլը հատկանշվում էր միջնադարի, Վերածննդի և արդի շրջանի ոճերի միաձուլման փորձով:
«The Vale» հրատարակչությունը գործեց մինչև 1904 թվականը՝ լույս ընծայելով 80-ից ավել հատոր գիրք:
Աննա Համբարձումյան