Դադիվանքը (Խութավանք) Արցախի ևս մեկ հրաշքն է: Հիմնադրվել է հեռո՜ւ-հեռավոր 1-ին դարում՝ առաջին քրիստոնյա նահատակներից Դադեի՝ Թադեոս առաքյալի աշակերտի գերեզմանի տեղում՝ գետի ձախ ափին՝ անտառապատ լեռան լանջին: Հետագա դարերում վանքը դարձել է Խաչեն գավառի հոգևոր կենտրոնը։
12-րդ դարում` սելջուկների ասպատակումների ժամանակ, վանքը ամրոցի դեր է կատարել։ Այնտեղ էր Առանշահիկ-Վախթանգյան իշխանների տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են 12-13-րդ դդ.։
Գլխավոր՝ Սբ. Կաթողիկե եկեղեցուն կից՝ թաղակապ գավիթով երկրորդ աղոթատունն է։ Իսկ համալիրի հյուսիսային մասում աչքի են ընկնում միանավ եկեղեցին և նրա գավիթը։ Հարավում էլ առանձին կանգնած է փոքրիկ գմբեթավոր մատուռը։
Վանքն ունի նաև սեղանատուն, հյուրատուն, ընթերցարան և տարբեր սենյակներ։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է` հնձանով ու մառանով։ Վանական համալիրն ունի նաև մատուռներ և խաչքարեր։ Իսկ շինությունների որմերը զարդարված են արժեքավոր արձանագրություններով։