Լավ դաստիարակություն կարելի է ստանալ ոչ միայն ընտանիքում կամ դպրոցում, այլ նաև․․․ ինքնուրույն։ Պետք է միայն իմանալ՝ ինչ բան է իրական դաստիարակությունը։
Ես չեմ համարձակվի դաստիարակման «դեղատոմսեր» տալ, քանի որ ինքս ինձ բնավ չեմ հայտարարի առաքինության մարմնացում։ Սակայն որոշ մտքեր կցանկանայի կիսել ընթերցողների հետ։
Օրինակ՝ ես համոզված եմ, որ իսկական դաստիարակությունը երևում է նախևառաջ մարդու սեփական տանը՝ նրա ընտանիքում՝ հարազատների հետ շփման մեջ։
Եթե տղամարդը փողոցում առաջ է թողնում կնոջը, ավտոբուսում է տեղը զիջում, անգամ նրա առջև բացում է դուռը, սակայն տանը չի օգնում իր հոգնած տիկնոջը ափսեները լվանալու, ապա նա դաստիարակված մարդ չէ։ Եթե ծանոթների հանդեպ բարեհամբույր է, իսկ տանեցիների հանդեպ նյարդայնություն է արտահայտում ամեն առիթով, ապա դաստիարակված մարդ չէ։ Եթե նա հաշվի չի նստում հարազատների խառնվածքի, հոգեբանության, սովորությունների և ցանկությունների հետ, ուրեմն դաստիարակություն չունի։ Եթե անգամ հասուն տարիքում «սիրահոժար» ընդունում է ծնողների օգնությունը, բայց չի նկատում, որ նրանք իրենք արդեն հոգածության կարիք ունեն, ապա դաստիարակություն չունի։
Եթե նա բարձրացնում է ռադիոյի և հեռուստացույցի ձայնը կամ պարզապես աղմուկով է խոսում, երբ տանն ինչ-որ մեկը դասերն է սովորում կամ ընթերցում է (թող որ նույնիսկ նրա փոքր զավակները լինեն), նա դաստիարակված մարդ չէ և երբեք չի զբաղվի իր երեխաների դաստիարակությամբ։
Եթե նա սիրում է ծաղրել կնոջը կամ երեխաներին՝ չխնայելով նրանց ինքնասիրությունը, հատկապես այլոց ներկայությամբ, ապա այս դեպքում նա արդեն պարզապես (ներեցեք ինձ) հիմար է։
Դաստիարակված մարդը նա է, ով ցանկանում և կարողանում է հաշվի նստել ուրիշների հետ, նա, ում համար նրբանկատ լինելը ոչ միայն ողջամիտ ու հեշտ է, այլև հաճելի։ Դա այն մարդն է, ով հավասարապես բարեհամբույր է և՛ ավագների, և՛ կրտսերների հանդեպ՝ ինչպես տարիքի, այնպես էլ կարգավիճակի առումով։
Դաստիարակված մարդը ոչ մի հանգամանքում ինքն իրեն չի ցուցադրում, խնայում է ուրիշների ժամանակը («Ճշտապահությունը արքաների նրբանկատությունն է»,- ասում է աֆորիզմը), անպայման իրականացնում է այլոց տված խոստումները, իրեն չի թանկացնում, քիթը չի տնկում և միշտ նույն մարդն է՝ տանը թե դպրոցում, բուհում թե աշխատավայրում, խանութում թե ավտոբուսում։
Ընթերցողը թերևս նկատեց, որ ես առավելաբար խոսում եմ տղամարդու մասին՝ ընտանիքի գլխի։ Դրա պատճառն այն է, որ կնոջն իսկապես պետք է ճանապարհ զիջել ո՛չ միայն դռան մոտ։
Սակայն խելացի կինն արագ կհասկանա՝ ինչ է հարկավոր անել, որպեսզի ամենուր երախտագիտությամբ ընդունելով տղամարդուց իրեն տրված բնական իրավունքը՝ հնարավորինս քիչ ստիպի նրան առաջանահերթությունը իրեն տալու։ Եվ դա շատ ավելի բարդ է։
Դրա համար էլ բնությունը հոգացել է, որ կանայք մեծամասնությամբ (ես չեմ խոսում արտառոց դեպքերի մասին) օժտված լինեն խիստ բարեկրթությամբ և ավելի մեծ նրբանկատությամբ, քան տղամարդիկ․․․
Բազում գրքեր կան «ճիշտ վարքականոնների» մասին։ Այդ գրքերը սովորեցնում են, թե ինչպես քեզ պահես հասարակության մեջ, հյուր գնալիս և տանը, թատրոնում, աշխատավայրում, ավագների և կրտսերների հետ շփվելիս, ինչպես խոսես՝ շրջապատի լսելիքը չվիրավորելով, և հագնվես՝ տեսողությունը չվիրավորելով։ Սակայն մարդիկ, ցավոք, քիչ բան են վերցնում այդ գրքերից։
Դրա պատճառը, կարծում եմ, այն է, որ ճիշտ պահելաձևի մասին գրքերում հազվադեպ է բացատրվում, թե ինչու են դրանք անհրաժեշտ։ Թվում է՝ բարեկիրթ լինելը կեղծ է, ձանձրալի, անպետք։ Ճիշտ պահելաձևի միջոցով մարդը իսկապես որ կարող է թաքցնել իր վատ արարքները։
Այո՛, բարեկրթությունը կարող է միայն արտաքին քող լինել, բայց ընդհանուր առմամբ՝ ճիշտ վարքականոնները մշակվել են բազում սերունդների փորձի հիման վրա և ցույց են տալիս մարդկության դարավոր ձգտումը լինելու ավելի լավը, ապրելու «հարմար» և գեղեցիկ։
Ո՞րն է ուրեմն խնդիրը։ Ի՞նչն է ընկած ճիշտ պահելաձև ձեռք բերելու ունակության հիմքում։
Արդյոք դրանք կանոնների հասարակ հավաքածո՞ւ են, լավ վարքի հեշտ «դեղատո՞մս», թե՞ պատվիրաններ, որոնք բոլորը հիշել դժվար է։
Բոլոր ճիշտ վարքականոնների արմատը հոգատարությունն է, հոգալը, որ մարդը մարդուն չխանգարի, որ բոլոր միասին իրենց լավ զգան։ Դրա համար է, որ չի կարելի աղմկել։ Դիմացինն աղմուկից չի պաշտպանվի ականջները փակելով․ հազիվ թե դա միշտ հնարավոր է։ Օրինակ՝ սեղանի շուրջը՝ ճաշելիս։ Ուրեմն՝ չի կարելի ճպճպացնել, չի կարելի պատառաքաղը զնգոցով դնել ափսեի մեջ, աղմուկով խմել ապուրը, ուտելիս բարձր խոսել կամ խոսել կերակուրը բերանում լի, որպեսզի հարևանությամբ նստածները անհանգստանալու առիթ չունենան։ Եվ չի կարելի արմունկները դնել սեղանին՝ դարձյալ կողքիդ նստածին չխանգարելու համար։
Կոկիկ հանգվել պետք է նրա համար, որպեսզի դրանում արտահայտվի ձեր հարգանքը ուրիշների՝ հյուրերի, հյուրընկալող տանտերերի կամ պարզապես անցորդների հանդեպ․ ձեզ նայելը տհաճ չպետք է լինի։
Չի կարելի ներկաներին հոգնեցնել անդադար կատակաբանությամբ, սրամտություններով ու անեկդոտներով, հատկապես այնպիսիններով, որոնք արդեն ինչ-որ մեկը պատմել է։ Դրանով դուք լսողներին անհարմար կացության մեջ եք դնում։ Ջանացեք ոչ միայն ինքներդ զբաղեցնել ուրիշներին, այլ նաև նրանց թույլ տալ մի բան պատմել։
Պահելաձևը, հագուստը, քայլվածքը․ մարդու ողջ վարքը պետք է զուսպ լինի և․․․ գեղեցիկ։ Որովհետև ոչ մի գեղեցիկ բան չի ձանձրացնում։ Գեղեցիկը «սոցիալական» երևույթ է։ Եվ ճիշտ պահելաձևի մեջ միշտ խոր իմաստ կա։ Մի՛ կարծեք, թե պահելաձևը միայն պահելաձև է, այսինքն՝ ինչ-որ մակերեսային բան։
Ձեր վարքով դուք դրսևորում եք ձեր էությունը։ Ոչ այնքան քո պահելաձև արմատավորելն է կարևոր, որքան այն, ինչև դրսևորվում է այդ պահելաձևի միջոցով՝ հոգատար վերաբերմունքը շրջապատի նկատմամբ՝ հասարակության, բնության, կենդանիների, բույսերի, միջավայրի գեղեցկության, այն բնակավայրի պատմության, որտեղ ապրում ես, և այլն։
Պետք է ոչ թե հարյուրավոր կանոններ անգիր անել, այլ մեկը՝ հարգալից վերաբերմունք ուրիշների նկատմամբ։ Իսկ եթե դուք ունենաք այդ հատկանիշը և մի փոքր էլ հնարամտություն, ապա վարքականոններն իրենք ի հայտ կգան կամ, ճիշտ կլինի ասել, ի հայտ կգա հիշողությունը ճիշտ վարքականոնների մասին, ինչպես նաև դրանք կիրառելու ցանկությունն ու ունակությունը։
Դմիտրի Լիխաչով