Վերջերս հայկական դարբնության արհեստը ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, ինչը ենթադրում է հետագա միջազգային ուշադրություն ու խնամք այս արհեստի հանդեպ՝ նրա պահպանման, հանրայնացման և զագացման համար։
Դարբնությունը հին ժամանակներում ամենատարածված և պահանջված արհեստներից էր։ Հույները նույնիսկ դարբնության աստված են ունեցել՝ Հեփեստոսը։ Հին դարբինները պատրաստում էին աշխատանքային գործիքներ, զենքեր, սպասք, դարպասներ, ճաղավանդակներ՝ շենքերը պաշտպանելու համար։
Դարեր շարունակ դարբիններն անփոխարինելի արհեստավորներ էին Հայաստանի և պատերազմող այլ երկրների համար, քանի որ նրանք էին բանակին զրահներ, թրեր և այլ զինատեսակներ մատակարարում։
Դարբնությունը ուժի, հզորության խորհրդանիշ էր։ Ֆիզիկական աշխատանքի շնորհիվ դարբինները միշտ եղել են ամրակազմ և առողջ։
Հայերի մեջ դարբնությունը տարածված է եղել թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում։ Որպես քաղաքային արհեստ՝ այն իր ծաղկումն ապրել է 19-րդ դարում՝ առավելապես Գյումրիում: Քաղաքային դարբինները կազմում էին իրենց ընկերական համայնքները՝ զբաղեցնելով առանձին փողոցներ։ Եվ եթե գյուղերում դարբինները միայն կենցաղային իրեր էին պատրաստում, ապա քաղաքում շատ ավելի լայն պահանջարկ ունեին տան արտաքին ձևավորման տարրերը՝ դռների ու պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ։
Դարբնոցային արվեստի ժառանգությունը ներառում է նաև արհեստագործական հմտություններ, աշխատաոճ, ավանդական գեղագիտական լուծումներ, աշակերտության և վարպետության ավանդույթներ։
Հայաստանում վարպետներն աշակերտության էին վերցնում սեփական տղաներին կամ ազգակիցներից որևէ մեկին, որպեսզի արհեստը մնար ընտանիքի ներսում։ Արհեստի ժառանգորդության դրդապատճառներից մեկն էլ վարպետների հանդեպ համայնքում առկա հարգանքն ու պատիվն էր, ինչը ոչ պակաս կարևոր էր։
Սկզբնական շրջանում աշակերտի հիմնական գործը լինում էր փուքս փչելը, որն անհրաժեշտ էր կրակարանի կրակը վառելու ու թեժ պահելու համար, արհեստանոցում առօրյա ու կենցաղային բնույթի աշխատանքները։ Երկար ժամանակ նրան թույլ չէր տրվում մոտենալ զնդանին կամ մուրճով աշխատել։
Դարբնի գլխավոր սարքավորումներից է զնդանը, որը և այս արհեստի հիմնական խորհրդանիշն է։ Ասում են՝ զնդանը խորհրդանշում է տիեզերական ծառը, որի մոտ, ըստ առասպելական մտածողության, տեղի է ունենում արարչագործական առաջին գործողությունը։
Վարպետ կարգվելը մի ամբողջ ծես էր։ Աշակերտը հատուկ երդմնակալությամբ հայտնում էր իր հավատարմությունը արհեստում սահմանված չափանիշներին, ինչպես նաև մարդկային բարձր հատկանիշներին։ Նորաթուխ դարբինը պարտավորվում էր նաև հարգանքով մոտենալ իրենից ավագ վարպետներին, պահպանել պատվի ու արժանապատվության բոլոր նորմերը։ Արարողությունը, որպես կանոն, ավարտվում էր նվիրատվություններով և խնջույքով։