Դարձվածքները երկու կամ ավելի բառից կազմված այն քարացած արտահայտություններն են, որոնք ունեն փոխաբերական նշանակություն և կիրառվում են խոսքն ավելի դիպուկ, տպավորիչ և գունեղ դարձնելու նպատակով: Թեպետ դարձվածքների բաղադրիչները գրվում են անջատ, սակայն նրանք ունեն մեկ բառի արժեք և ներառվում են բառարաններում: Դարձվածքներ կան բոլոր լեզուներում. դրանց մի մասը ժողովրդական են, այսինքն՝ ձևավորվել են ժողովրդի կենցաղում՝ տարբեր առարկաների և երևույթների համեմատությունների միջոցով, մյուս մասն էլ իրենց ստեղծման պատմությունն ունեն՝ ավանդություններ, գրական սյուժեներ, պատմական անցքեր և այլն։
Դարձվածքները, իրենց բնույթով պայմանավորված, կիրառվում են հիմնականում առօրյա-խոսակցական և գեղարվեստական ոճերում։
Ահա հայերենի մի քանի դարձվածք. գլուխ կոտրել, գլուխը կորցնել, սիրտ տալ, սիրտը շահել, աչքդ լույս լինի, նուրբ հարց, հոգու հատոր, առաջին ծիծեռնակ, ձեռքը բաց, սնդիկի նման, ոտքի վրա, խելքից դուրս, ասուպի պես և այլն, և այլն:
Այս բոլոր բառերն էլ գույն ու կենդանություն են հաղորդում խոսքին՝ միաժամանակ վկայելով և՛ խոսողի բառապաշարի հարստության, և այն մասին, թե տվյալ ժողովուրդն ինչպես է արտահայտում իր զգացմունքները, ինչն է նրա համար արժեքավոր ու նվիրական:
Հայերենում շատ են հատկապես բայական դարձվածքները՝ միտք անել, գլուխ խոնարհել, հայացքը կախել, հոնքերը կիտել, գլուխ բերել, ձեռք բռնել, առյուծ կտրել, աչքը մտնել, խոսք տալ, հոգի տալ, աչք չփակել, սիրտ անել, սիրտը բաց անել և այլն, և այլն։
Առհասարակ հայերենն առատ է հարադրական բայերով և ունի դրանք կազմելու լայն հնարավորություններ: Օրինակ՝ կան նաև զուգադիր բաղադրիչներով հարադրական բայեր, որոնք թեև դարձվածքներ չեն, սակայն նույնպես ավելի տպավորիչ են արտահայտում գործողության պատկերը, օրինակ՝ գալ հավաքվել, քայլել հասնել, գնալ հասնել, ելնել կանգնել, խոսել ու խոսել, ասել ու ասել, գնալ ու գնալ։ Կան և այսպիսի ձևեր․ սիրելով սիրել, մոռանալով մոռանալ, ծախսելով ծախսել։
Ն․ Աբասյան