Դպրոցը երեխաների համար ոչ միայն գիտելիք ստանալու հաստատություն է, այլ հոգևոր դաստիարակության կենտրոն, ինչն անվիճելիորեն ընդունում են բոլորը՝ մանկավարժ թե ծնող, տեսաբան թե արվեստագետ:
Հոգևոր զարգացման ընթացքը պայմանավորված է բազմաթիվ գործորններով՝ ընտանիք, փողոց, շրջապատող հասարակություն և, իհարկե, դաստիարակության մեթոդի ընտրություն:
Թերևս գիտելիք փոխանցելուց ավելի՝ դպրոցի առաքելությունն այսօր նախ և առաջ երեխայի մեջ մարդու և շրջապատի հանդեպ սեր ու հարգանք ձևավորելն է, սովորեցնելը գնահատել ազնվությունը, բարությունը, լինել արի, հանդուրժող, աշխատանքում՝ պարտաճանաչ:
Ի դեպ, աշխատանքի մասին: Ֆիզիկական աշխատանքի հոգևոր պտուղը շատ ավելին է, քան նյութականը՝ հարստություն, գումար: Մանավանդ եթե այդ աշխատանքը կատարվում է սիրով ու համեբարատրությամբ, այն երեխայի մեջ արժանապատվություն է ձևավորվում: Սեփական փորձով նա սկսում է գնահատել մարդկային տքնանքը և այդպիսով՝ դառնում է ավելի կարեկից հարազատների և մյուսների հանդեպ:
Հոգևոր զարգացման կարևոր գործոն է պատմության իմացությունը: Հայ դպրոցականը պետք է ծանոթ լինի նախ և առաջ դասական պատմագրությանը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկին, Խորենացու «Հայոց պատմությանը», մյուս հեղինակների գործերին: Որքան էլ խորհրդային տարիներին այս աշխատությունների վրա, գիտական հավաստիության առումով, դիտավորյալ ստվեր է գցվել, այդուհանդերձ միջնադարյան հենց այս փաղանգն էր, որ քաջ գիտակցեց հավատի և հայրենիքի դերը և հանձն առավ հայոց նոր մշակույթի կերտումը: Եթե երեխան, տարիքից ելնելով, չի կարող միանգամից ամբողջությամբ ընթերցել ու յուրացնել այս գրականությունը, ապա սկզբում ուսուցչի օգնությամբ նա գոնե պետք է իմանա կարևոր անցքերի, դրանց պատճառների և հետևանքների մասին:
Իր ազդեցությամբ՝ դաստիրակության գործում ահռելի դեր ունի նաև արվեստը: Այդ պատճառով չափազանց կարևոր է հետևել, թե ինչ գիրք է մատուցվում պատանուն, ինչ ֆիլմ, ինչ երաժշտություն: Դրանք ուղղակիորեն ազդում են նրա ենթագիտակցության վրա, ուստի դարձյալ՝ երեխային պետք է մատուցել արվեստ, որը չի լցնում նրա միտքն ավելորդ բժժանքով, փոխարենը հստակորեն ցույց է տալիս՝ ինչն է բարի, ինչը՝ չար: Ժամանակակից շատ ստեղծագործողներ ջանք չեն խնայում՝ պրիմիտիվ ներկայացնելու այս հստակ ու պարզ տարանջատումը: Բայց չէ՞ որ լավը լավ է, վատը՝ վատ: Եվ սա պետք է սովորեցնել երեխային: Կարևոր է նաև, որ արվեստը զվարթ ու սթափ պահի աշակերտի միտքը և անգամ գեղագիտական զմայլանքը, որին կարող է նա տրվել, վերջինիս չկտրի իրականության զգացողությունից: Իրականությունը պատկերավոր, բայց ճշմարտացի արտացոլելով` արվեստը կարող է մարդու մեջ ձևավորել ոչ միայն գեղեցիկի զգացողություն, այլև խոնարհություն, ազնվություն, արիություն:
Դպրոցում կարևոր է նաև առողջ ընկերական միջավայրի ապահովումը: Կարճատև դասամիջոցներին՝ աղմկոտ վազքի մեջ, դա հազիվ թե հնարավոր լինի իրագործել: Սակայն համատեղ արշավները, ուխտագնացությունները ոչ միայն կնպաստեն հայրենիքի ճանաչողությանը, այլև երեխաներին կկտրեն համակարգչից ու սոցիալական ցանցերից՝ հնարավորություն տալով միասին շփվելու, զրուցելու, խաղալու:
Հայ իրականության մեջ երեխայի հոգևոր զարգացման գործում անփոխարինելի է քրիստոնեական դաստիարակությունը: Աստվածաշնչյան պատվիրանները պատգամում են լինել բարի, արդար, առատաձեռն, ոչ նյութապաշտ, անտարբեր չլինել կարիքավորի հանդեպ և պարզապես՝ սիրել Աստծուն ու մերձավորին: Այդ պատվիրանները բառացիորեն փրկում են մարդուն այս ցնորված աշխարհում:
Հ. Գ. – Հոդվածը պատրաստելիս օգտվել ենք Լ. Մարգարյանի դիտարկումներից: