Ինչպես վաղ հայ միջնադարի մյուս լուսավորիչների, այնպես էլ Եզնիկ Կողբացու կյանքի և գործունեության մասին միայն կցկտուր տեղեկություններ են հասել մեզ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր նա՝ մեծ իմաստասեր, լեզվագետ և աստվածաբան: Ծնվել է 380-ական թվականներին Արարատյան աշխարհի Կողբ գյուղում, որտեղից էլ ստացել է Կողբացի անունը: Աշակերտելով սուրբ Մեսրոպ Մաշտոցին՝ հետագայում հմտացել է ասորական և հունական դպրությունների ու լեզուների ուսումնասիրության մեջ:
Լինելով ժամանակի ականավոր հոգևոր գործիչներից մեկը՝ Կողբացին զբաղվել է թարգմանչական ու խմբագրական գործունեությամբ: Համաձայն Կորյունի և Խորենացու վկայությունների՝ Մաշտոցն ու Սահակը Եզնիկին մեծ առաքելություն են վստահել՝ ուղարկել են Եդեսիա՝ ասորական դպրության խոշոր կենտրոն, որպեսզի նա տեղում թարգմանություններ կատարի, հայերենի վերածի ասորական հոգևոր մշակույթը:
Եդեսիայում թարգմանական առաքելությունը հաջողությամբ ավարտելով՝ Կողբացին և նրա զինակից Հովսեփ Պաղնացին անցնում են Կոստանդնուպոլիս, ուր առավել կատարելագործվում են արդեն հունարենի և արվեստների ուսումնասիրության մեջ:
Եզնիկ վարդապետին՝ որպես հմուտ հունագետի և եբրայագետի, Սահակ Պարթև կաթողիկոսն ու Մեսրոպ Մաշտոցը հանձնարարել են նաև Աստվածաշնչի հայերեն թարգմանության մշակումը՝ բնագրերի հետ համեմատությամբ։
Կյանքի վերջին տարիներին Եզնիկ Կողբացին եղել է Բագրևանդի եպիսկոպոսը, մասնակցել 449-ի Արտաշատի ժողովին: Մահացել է 450 թ․։
Կողբացու գործունեության բարձրակետն է «Եղծ աղանդոց» («Աղանդների հերքում») իմաստասիրական աշխատությունը, որով նա ներկայանում է որպես միջնադարյան խոշոր հայ մտածող և մեծ հեղինակություն աստվածաբանական վարդապետության բնագավառում:
Երկի՝ մեզ հասած միակ ձեռագիրը, որն այժմ պահվում է Մատենադարանում, հայտնաբերվել է 1762-ին և հենց նույն տարում էլ տպագրվել է Զմյուռնիայում՝ միանգամից մեծ ուշադրության արժանանալով հայագիտական և աստվածաբանական շրջանակներում։ Աշխարհաբար հրատարակվել 1951-ին Բուենոս Այրեսում, իսկ 1971-ին՝ Երևանում՝ մեծանուն լեզվաբան Աշոտ Աբրահամյանի փոխադրությամբ։
«Եղծ աղանդոց» աշխատության ամենամեծ գլուխը (գիրք երկրորդ) նվիրված է պարսից զրվանականության հերքմանը, սակայն հեղինակը ճարտար բանավիճողի վարպետությամբ առարկում է նաև հունական պոլիթեիզմի, ստոիկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի ջատագովներին, քննադատում է Պլատոնի ուսմունքը, պախարակում գնոստիկ Մարկիոնի աղանդը, մերժում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունն ու ամեն տեսակի հեթանոսական, կռապաշտական հավատալիք։
Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այս երկում մերօրյա ընթերցողը կարող է միաժամանակ և ծանոթանալ վերը թվարկված ուսմունքների ու հավատալիքների շատ և շատ մանրամասների՝ համադրելով դրանք քրիստոնեական ընկալումների հետ։ Սա է պատճառը, որ գիրքը հետաքրքրություն է առաջացրել նաև օտարների շրջանում՝ թարգմանվելով ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն:
Իր մտքերը հիմնավորելու համար Եզնիկ վարդապետն անվերջ հղումներ է կատարում Աստվածաշնչին՝ փաստորեն ինչ-որ առումով ներկայանալով նաև որպես Սուրբ Գրքի զանազան տողերի մեկնիչ:
Զերծ մնալով անիմաստ մտավարժանքներից, որ հաճախ հատուկ էր անտիկ փիլիսոփաներին, Եզնիկ Կողբացին բացառապես գործնական տեսանկյունից է մեկնաբանում աշխարհի ու կյանքի զանազան իրողությունները։ Ըստ էության՝ Կողբացին պարզ և հստակ կերպով չարիք է որակում այն ամենը, ինչը վնաս է մարդուն, ինչը պղտորում է նրա բարոյական կյանքն ու մտքի հստակությունը։
Կողբացու երկը նաև հին հայերենի բարձրակարգ մի արտահայտություն է՝ իր ճոխ բառապաշարով, վայելուչ շարադրանքով և ոճական լուծմամբ, այն է՝ հակաքրիստոնեական դոգմաների՝ առանձին-առանձին մեջբերում և հերքում տրամաբանական հարցադրումների ու հետևողական հակաճառության միջոցով։ Շարահյուսական միավորներն իրար կապվում են հմուտ քերականի վարպետությամբ, նախադասությունները գեղեցիկ են իրենց բնական ու կենդանի բազմազանությամբ։ Եզնիկը գրելիս հաշվի է առել անգամ լեզվի բարեհնչությունը, ռիթմն ու գրաբարյան հնչերանգային համակարգը։
Շատ են «Եղծ աղանդոց» երկի արժանիքները, որոնց հաղորդ դառնալը պարտադիր է յուրաքանչյուր մտածող և ընթերցող հայ մարդու համար։ Այս երկին կից ներկայացված են նաև Եզնիկ վարդապետի խրատները՝ ասույթներ, որոնք ընդհանուր քրիստոնեադաստիարակչական նշանակություն ունեն բոլոր ժամանակների համար։