Եզնիկ Կողբացու ասույթները

✟ Աստվածասերը պիտի զգուշանա իր կամքից՝ որպես թշնամուց։

✟ Լավ է մաքուր մտքով քնել, քան պիղծ մտքով աղոթել և վարձատրություն չստանալ ու իզուր չարչարվել։

✟ Մարմինդ կոփի՛ր նեղությամբ և սիրտդ երկյուղով, որ չվախենաս սատանայի մահաբեր նետերից։

✟ Ով բարեպաշտին սիրում է, սիրո արձան է կանգնեցնում Աստծուն և անհաշտ թշնամություն [է արտահայտում] սատանայի նկատմամբ։

✟ Սերն ու երկյուղը քեզ բնավորություն դարձրու, որ խաբեությամբ չտանջվես։

✟ Որքան զուրկ ես մնում, չարչարվում, նեղվում ու համբերում ես, քեզ համար անապական գանձ ես պատրաստում Երկնքում, իսկ եթե տրտնջում ու նեղսրտում ես, իզուր ես աշխատում․ անվարձ կմնաս։

✟ Գոտեպնդվի՛ր Քրիստոսի չարչարանքներով և նրա համար համբերիր, որ վայելես անանց բարությունները։

✟ Ով գարնանը հանգիստ է մնում, ձմռանը սովից ու սառնամանիքներից սատկում է։

✟ Ով այս կյանքում մարմինն է գիրացնում, հավիտենական հանգիստը չի մտնի։

✟ Հնազանդվի՛ր սիրով, աղոթի՛ր հույսով, աշխատի՛ր հավատով և երկնային հարսանիքում կպայծառանաս։

✟ Աստված ինչ շնորհներ որ տալիս է քեզ, կարիքավորների պետքերի համար ծառայեցրու, որ շնորհներն աղբյուրի պես առատանան, և դու փառավորվես։

✟ Մարմնասեր կրոնավորը նման է խոզի․ ծովացած մեղքերից կխեղդվի։

✟ Արտասուքը մեղքերի լվացում է, հառաչելը՝ ապաշխարություն, իսկ ով ամբողջ ժամանակը որպես կրոնավոր անցկացնում է սգի ու աղքատության մեջ, նա որպիսի՜ երանական փառք պիտի ժառանգի։

✟ Կեղծավոր կրոնավորը սատանայի քող է. իր տակ պահելով սատանային՝ մարմնի աղտեղությունն է ծածկում և նկարատեսք դիմակներով խաբում է տեսնողներին։ Սրանք գայլեր են գառան մորթով, որոնց Քրիստոս սպառնաց անհավատների հետ դատել։

✟ Ով իր եղբորը տեսնում է և տրտում է մնում, հաղթված է կեղծավորությունից, ով առանձին նստում և զվարթ է լինում, գերված է սատանայից։

✟ Մեր բերանները հոտել են պահեցողությունից, լեզուներս՝ անզգայացել սաղմոսերգությունից, իսկ Աստծու պահանջածը՝ սերն ու խոնարհությունը, չունենք, շրթունքներով ենք սիրում Աստծուն և իզուր չարչարվում։

✟ Անասունի միսը չեն ուտում, բայց եղբորն անհագաբար են ուտում, գինի չեն խմում, իսկ հոգին շաղախում են արյամբ, ամուսնացածներին ատում են, բայց պիղծ մտքով շարունակ պոռնկանում են, անպետք զգեստ են հագնում, բայց ագահությունից այրվում են․ այնպիսիներից պետք է փախչել և առնչություն չունենալ [նրանց հետ]։

✟ Ծուխը խավարեցնում է աչքերի պայծառությունը, իսկ վատ վարքի վարժված լինելը՝ կրոնավորի փառքը։ Եթե [այդպիսի կրոնավորը] բաց անի երկինքը, մի՛ մտիր, եթե հրեշտակի վարք ցույց տա, մի՛ հավատա։

✟ Մանուկ կրոնավորը, եթե ծերերի հսկողության տակ չէ, դյուրին որս է սատանայի համար։

✟ Շատ մանկահասակ կրոնավորին մի՛ հայտնիր քո գաղտնիքները, որովհետև [դա] նրա համար մահ է։

✟ Զվարճասեր կրոնավորը գերգեսացի դև է։

✟ Մի՛ սիրիր ուտելիքների և ըմպելիքների հագուրդը, եթե ոչ, մարմինդ կդարձնես պոռնկության քաղաք ու սատանայի ամրոց։

✟ Գինին բազմաթիվ ախտեր է բորբոքում և Աստծու երկյուղը հալածում։

✟ Մի՜ սիրիր եղբորդ փափուկ ուտելիքներով, ըմպելիքներով կամ պատվական հագուստներով, այլ՝ առանց դրանց, որ Կայենի պատիժը չժառանգես։

✟ Ոչ ոքի մի՜ տրտմեցրու ու ոչ ոքից մի՛ տրտմիր։

✟ Սխալված աշակերտի վրա մի՛ բարկանա, որովհետև հիվանդն իր կամքով չի հիվանդանում։

✟ Առանձին հանդիմանելն է աստվածասիրություն։

✟ Խրատի պատրվակով թույն մի՜ թափիր կրոնակցիդ վրա։

✟ Վերքը փափուկ դեղն է բուժում, ախտերը՝ բարեգործությունը։

✟ Գոհունակությամբ աշխատելը առանց պսակի չի մնա։

✟ Պճնասեր կրոնավորը դևերի հյուրընկալ է։

✟ Ով նյութական հարստության է ձգտում, պոռնկություն է [անում]։

✟ Եթե Աստծու համար ես հալածվում, վախ մի՛ ունցիր։

✟ Երբ աղոթում ես, նպատակդ որոշիր և ապա՛ սաղմոսիր։

✟ Եթե թշնամու համար չես աղոթում [այնպես], ինչպես քեզ համար, լավ է չաղոթել։

✟ Եթե մեկից որևէ բան ես ստանում, հիշի՛ր սովորական աղոթքի մեջ։

✟ Դևերը հավաքվում են հարստություն [կուտակելիս], իսկ հրեշտակները՝ բաշխելիս։

✟ Ընչասիրությունը զուգակից է կռապաշտության։

✟ Մաքուր սրտից [բխած] աղոթքը պատարագի [նման] փրկություն է անում։

✟ Կերակուրների համեղությունը մի՛ որոնիր։

✟ Քրիստոսին կտեսնի նա, ով ատում է հարստությունը։

✟ Հանդարտությունը կրոնավորի ամուր բերդն է։

✟ Հավատակցին սիրող կրոնավորը նման է Քրիստոսին։

✟ Խաղաղասեր կրոնավորը միաբանության պայծառ ջահն է։

✟ Ով եղբոր նկատմամբ ոխ ունի, դաշնակից է Սատանային, ով կասկածով է քնում, բարկացնում է Աստծուն։

✟ Երեկոյան անկողին մտնելիս հաշվիր, թե գերեզման ես իջել։

✟ Թո՛ղ փուչ անցնող մտքերն ու խոսքերը, բևեռվի՞ր Աստծու երկյուղին և միտքդ բեր դատաստանի օրը։

✟ Ով եղբորը զրկում է մարմնական կերակուրից, կամեցող չի լինում Քրիստոսի սեղանին։

✟ Ով ջանում է մեկից բան խլել, Քրիստոսի վրա հույս չունի։

✟ Եթե մեկը քեզանից խնդրում է, և տալիս ես, շնորհակալ եղիր Աստծուն, որովհետև դու ավելի շահեցիր, քան նա (խնդրողը)։

✟ Մի՛ եղիր ծաղրածու և խեղկատակ, որ անվախճան լացը չժառանգես։

✟ Խոնարհությամբ ու հույսով հնազանդվելը և գիտակցաբար չարչարվելը կատարելություն է։

✟ Այլ են առաքինությունները, և այլ՝ [դրանք] ձեռք բերելը։

✟ Քեզ հրամայեց օրվա հացդ [ճակատի] քրտինքով ուտել, իսկ դու ուզում ես հավիտենական կյանքը քնով ստանալ։ Քո կյանքի համար յոթանասուն տարի է սահմանված, այն էլ՝ ցավով ու հեծեծանքով, [մինչդեռ] դու ուզում ես հազարամյա ժամանակը առանց ցավի ժառանգել։

✟ Հանգիստն առաջարկեց հոգնածների համար և ոչ թե մարմնասերների, որոնք պիտի որդ գիրացնեն։

✟ Տրտմեցնող բնավորությունդ սանձիր չորակերությամբ և սրտիդ խստությունը փափկացրու տքնությամբ, մարմնիդ ցանկասիրությունը վերացրու նեղությամբ և ապա կկարողանաս վերցնել Քրիստոսի խաչը։

✟ Սիրտդ սովորեցրու սիրել ցեղակցիդ, մարմինդ էլ այնպես սիրիր, ինչպես [կսիրես] նենգավոր մարդուն։

✟ Ով ատում է բարեպաշտին և սիրում է ամբարիշտին, միևնույն չարիքն է գործում։

✟ Եթե սրտացավությամբ չես սիրում եղբորդ, մի՛ մնա նրա հետ։

✟ Մարմինդ նեղիր գիտությամբ ու Գրքի վկայությամբ։

✟ Կան առաքինություններ, որոնք հաճելի չեն Աստծուն, և դա չարի խաբեությունն է։

✟ Փափկակեցությունն ու հանգիստը ատի՛ր։

✟ Մարդկանցից նրան տուր, ով կարիք ունի։

✟ Վաղը գնալու ես հայրենիքը (հավիտենական կյանք)․ այնտեղ հանգստացիր։

✟ Երբ աղոթում ես, իմացի՛ր, թե ում հետ ես խոսում կամ ի՛նչ ես ուզում․ գաղտնիքդ քո մեջ ամփոփիր։

✟ Երբ Աստված քեզ փափուկ կերակուր՝ կա՛մ մաքուր հաց, կա՛մ միրգ է ուղարկում, մինչև ուտելդ Քրիստոսի բաժինը կարիքավոր մարդուն տուր, որ Քրիստոս քեզ սեղանակից լինի։

✟ Երբ սեղան ես նստում, գլուխդ խոնարհիր, ուրիշ բան մի՚ տեսնիր, այլ միայն քեզ, և կեր գոհունակությամբ։

✟ Մի՛ փնտրիր կերակուրների համեղություն ու հագեցում, այլ միայն [այն], որ քաղցածությունը վերացնի։

✟ Քո հագուստը թող չլինի պճնելու, այլ միայն մարմնիդ պետքերի համար, ինչպես այն [շորը], որ մեռելին է ծածկում։ Իսկ եթե սիրես ավելորդն ու անպատշաճը, կզրկվես երկնային զարդից։

✟ Եթե հիվանդ կամ հոգնած ես, մի՛ կառավարիր իբրև իշխան։

✟ Եթե քո նկատմամբ սեր տածեն, գոհացի՛ր Աստծուց, իսկ եթե չսիրեն, մի՛ տրտնջա և ուրիշին էլ մի՛ տրտմեցրում, այլ քեզ նեղի՛ր փոքր-ինչ լռությամբ, որովհետև ով պատերազմում է, համբերության կարիք է զգում։

✟ Միտքդ բեր դատաստանի օրը, որ պատրաստել է Աստված։

✟ Այս կյանքը պատերազմ է։

✟ Ով լավ է [ներքուստ], նաև զվարթ է երևում [արտաքուստ]։

✟ Խնդրենք այն, ինչ Քրիստոս խոստացավ տալ, թե՝ «Որտեղ ես եմ, այնտեղ էլ իմ ծառան պիտի կլինի»[1]։

✟ Ծերությունն ու հիվանդությունը ժամանակավոր պատերազմ են, որովհետև մարմնի ուժը պակասած է, վտանգը՝ շատացած, հանգիստը՝ սակավ, կամ բոլորովին էլ չկա, և Սատանան բորբոքում է ցասման բոցը, ատել է տալիս կարգը, հայհոյել է տալիս առաջնորդին, տրտնջալ է տալիս կրոնակիցներից, այստեղ կարիք կա սիրո ու գթության, համբերատար լինելու և նահատակության պսակ ստանալու։

✟ Ով բարկանում է եղբոր վրա, և դա Աստծու համար չէ, նրան անողորմ հրեշտակ կհանդիպի։

✟ Ով սաղմոսելու ժամանակ ծիծաղի կամ մարմնական խոսք մեջտեղ բերի, սրբություններից դուրս [թող] մնա, մինչև առողջանա։

✟ Շատ լավ է աղոթելիս ձեռքերը վեր բարձրացնել դեպի Աստված, բայց առավել կարևոր է մարդկանց ծառայել։

✟ Երբ աղոթքի ժամանակ ձեռքերդ վեր ես բարձրացնում, երեսիդ դիմաց պահիր և զգուշացիր օտարոտի մտքերից։

✟ Եթե հավատում ես կրոնակցիդ, հնազանդվի՛ր նրան, եթե ոչ, սովորականից դուրս մի՛ գա։

✟ Կրոնավորը պարտավոր է արյան գնով հակառակ կանգնել մարմնական ցանկություններին ու այնպես նվիրվել Աստծուն։

✟ Քրիստոսն ասաց․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը[2]․ ով կամենում է ինձ մոտ գալ, թող ուրանա իր անձը, վերցնի խաչը ու գա իմ հետևից»[3]։ Իսկ ով իր անձը չուրանա, չի կարող Քրիստոսի խաչը կրել ու ճշմարտասեր չէ, իսկ ով ճշմարտասեր չէ, չի կարող հավիտենական կյանք ժառանգել, այլ ստվերի մեջ է ու խավարի մեջ է շրջում։

✟ Ով իր կամքին է ծառայում, չի կարող աշխարհիկ գործ գլուխ բերել, ուր մնաց հոգևորը, թեկուզև մեծամեծ վաստակներով անցկացնի իր կյանքը, չի կարող հասնել կրոնավորական աստիճանի, իսկ հնազանդը, թեկուզև լինի մեղկ ու ծույլ կրոնավոր, ծառայությամբ Աստծու տանն է գտնվում։

✟ Անգործ մեղուն ժրաջան պիծակից լավ է։

✟ Ով ուրացել է իրեն ու մտել պատվիրանի լծի տակ՝ վերցնելով Քրիստոսի խաչը, ընտրություն չպետք է անի առաջնորդի հրամանների մեջ, այլ երկյուղածությամբ պիտի ենթարկվի, որովհետև Պետրոսն էլ ոչինչ չշահեց իր ընտրությամբ։ Իսկ եթե [միաբանության] առաջնորդի նկատմամբ անբավական ես, նրա հետ մի՛ մնա, որովհետև հոգիդ կկորցնես, երբեմն կտրտնջաս, երբեմն կնզովես, երբեմն կհակաճառես, ուրիշների մոտ կշատախոսես, սերն ու հնազանդությունը կվերացնես միաբանների միջից, բոլորին չարության կվարժեցնես։ Այդպիսինի համար միաբանությունը դատապարտություն է։

✟ Տգետ ու անշրջահայաց առաջնորդը բուժելիս խոցում է, ուղղելիս՝ խորտակում, սիրո փոխարեն ատելություն է ցույց տալիս, ատելության փոխարեն՝ սեր, և միաբաններին [իրար հետ] խառնելով]՝ անվաստակ է դուրս բերում։

✟ Ով սյուն է դարձել և ամբողջ իշխանությունը իր վրա է հենել, եթե խորտակվի, ամբողջը կկործանի, ցած [կթափի]։ Այսպես էլ առաջնորդը, եթե Աստծու կամքով չշարժվի, ամբողջ միաբանությունը Սատանային կմատնի և առաջնորդելու փոխարեն կորստի պատճառ կլինի։ Այդպիսի առաջնորդությունը մեծ մոլորություն է ու անբուժելի չարիք, որովհետև մարդիկ ավելի շատ օրինակին են հետևում, քան ճշմարտությանը։

✟ Ով գայթակղում է փոքրիկներից մեկին, արժանի չէ գերեզմանի, իսկ ով շատերի կորսատյան պատճառ է լինում, էլ նրան ի՞նչ ասես, մի՞թե Սատանայի գործակից չի դարձել ու նրա հետ չի տանջվելու գեհենում։

✟ Հոգևոր առաջնորդը աստվածային հուր է, ապականփչ ախտը այրում է, ցանկասիրությունը վերացնում, կրոնավորական հանդեսով փորձում է, ինչպես ոսկին հնոցում, և անբիծ մաքրությամբ միաբաններին Աստծուն նվիրում ու ինքը հավատարիմ ծառայի նման թագավորում է տասը քաղաքի վրա։

✟ Ագահ ու կռապաշտ առաջնորդը ավազակապետ է, Աշխարհում բազմաթիվ ավազակներ կան, բայց բոլորն էլ մարդասպաններ չեն, իսկ նա ամեն օր սպանություն է կատարում, ոչ միայն մարդ է սպանում, ինչպես ավազակը, այլև Սատանային գործակից դառնալով՝ իրեն վստահված հոգին է կորցնում։ Նա բոլոր չարիքները հեշտությամբ է կատարում, իսկ բարիք՝ երբեք։

✟ Եթե բոլոր կրոնակիցների հիվանդությունը քեզ ցավ չի պատճառում, մի՛ եղիր առաջնորդ։

✟ Եթե անարժանին ինչպես պետքն է չես կշտամբում, մի՛ եղիր ուսուցիչ։

✟ Ուսուցչին սուրբ վարքն է քաջասիրտ դարձնում։

✟ Մեղրը քաղցր է, բայց հիվանդոտ մարմնին վնաս է տալիս, խրատն ու կշտամբանքը օգտակար են, բայց անօգուտ են նրա համար, ով դեմքը դեպի հակառակ կողմն է ուղղել։

Հավանեցի՞ր. տարածիր