Նեղացկոտությունը բնավորության հիվանդագին գիծ է, որ «կրծում է» մարդու հոգին, երբ նա իրեն մերժված կամ արհամարված է զգում: Այն միշտ կապված է չարդարացված սպասելիքների հետ և ուղղված է ուրիշ կոնկրետ անձի:
Հաճախ «խռովքը» չափազանց ծանր են տանում նույնիսկ մեծահասակաները: Իսկ ի՞նչ անել, երբ սեփական նեղացկոտությունից տառապում է դեռ բոլորովին փոքրիկ երեխան:
Վիրավորվելու հատկանիշն իր ամբողջ պատկերով երևում է հատկապես 5 տարեկանից սկսած, երբ փոքրիկի մեջ առաջանում է շրջապատում իբրև ինքնուրույն մարդ ընդունված լինելու պահանջը:
Երեխան ուրիշից նեղանում է, երբ զգում է արհամարանք, անտարբերություն իր հանդեպ, օրինակ՝
– երբ իրեն չեն հրավիրում խաղալու կամ չեն տրամադրում ցանկալի դերը.
– երբ չեն տալիս խոստացված խաղալիքը, հրաժարվում են հյուրասիրել կամ նվեր տալ.
– երբ ծաղրում են իրեն.
– երբեք չեն ոգևորում, իր հաջողություններին ուշադրություն չեն դարձնում:
Վիրավորվելու «սահմանը», սակայն, բոլորի համար նույնը չէ: Միևնույն իրադրությունում տարբեր երեխաներ իրենց տարբեր կերպ են պահում: Մեկը փորձում է հարթել կոնֆլիկտը, մյուսը լցվում է վրեժով ու չարությամբ՝ դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, մեկ ուրիշն էլ վիրավորվում է, «խռովվում»: Վերջին դեպքում երեխան չի փորձում ուժով կամ այլ կերպ շտկել իրավիճակը. նրա խնդիրը հենց իր վիրավորվածությունն ու վիշտը ի ցույց դնելն է, որպեսզի ցավ պատճառողը զգա սխալն ու ներողություն խնդրի:
Ուժեղ նեղացկոտության հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը: Երեխան անհրաժեշտություն ունի միջավայրում տեսնելու իր կարևորությունը: Միևնույն ժամանակ նա հակված է մտածելու, թե շրջապատը իրեն չի հարգում, ինչն արդեն իսկ լուրջ հիմք է նեղացկոտության համար: Փոքրիկը միշտ ինքն իրեն դիտում և գնահատում է այլոց աչքերով: Հաճախ նա շրջապատող աշխարհում, իրենից բացի, ոչինչ չի տեսնում: Խնդիրն անգամ այն չէ, թե նա ինչպես է իրեն գնահատում, այլ այն, որ այդ գնահատականը նրա համար դառնում է կյանքի նպատակ: Դա երեխային պատճառում է ներքին մեծ ցավ և խանգարում է լիարժեք անհատի ձևավորմանն ու զարգացմանը՝ ծնելով բազում խնդիրներ միջանձնային հարաբերություններում:
Հաճախ ծնողները, գիտենալով իրենց զավակի նեղացկոտության մասին, շարունակ գովաբանում ու ոգևորում են նրան: Սակայն ցանկացած գնահատական՝ լինի դրական թե բացասական, փոքրիկին առիթ է տալիս մտածելու իր այս կամ այն հատկանիշի մասին, համեմատելու իրեն հասակակցի հետ՝ նրան դիտելով ոչ թե որպես հավասարը հավասարին, այլ որպես մրցակից, վիրավորվելու օբյեկտ: Դրա համար չի կարելի բացահայտ գնահատողական վերաբերմունք ցուցաբերել երեխաների հանդեպ և նրանց համեմատել իրար հետ: Սակայն չգնահատել բոլորովին էլ չի նշանակում անտարբեր լինել երեխայի ու նրա վարքի նկատմամբ, ընդհակառակը՝ ծնողական սերն ու գորովը ճիշտ դաստիարակության նախապայմանն են և պիտի կախված չլինեն փոքրիկի կոնկրետ հաջողություններից կամ ձեռքբերումներից:
Մեծահասակները պետք է երեխային սովորեցնեն մեծ տեղ չհատկացնել գնահատվելուն ու իր անձի կարևորությունը անընդհատ սրան-նրան ապացուցելուն: Փոքրիկը միշտ պիտի զգա իր նկատմամբ շրջապատի բարյացակամությունն ու հարգանքը: Միայն այդ դեպքում նա կտեսնի սեփական անձի ինքնատիպությունն, իր կարևորությունն այլոց կյանքում և ուրիշների հետ համեմատվելու ու առանձնակի գնահատանքի կարիք բոլորովին չի ունենա:
Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության ժամանակ հաճախ են կազմակերպվում զանազան սպորտային մրցույթներ, տրամաբանական խաղեր: Նեղացկոտության հակված երեխաներին, սակայն, նպատակահարմար չէ ներգրավել նման միջոցառումներում, որովհետև դրանք ստիպում են մտածել սեփական հատկանիշների մասին ու համեմատվել ուրիշների հետ, ինչը վիրավորվելու պոտենցիալ վտանգ է ներկայացնում:
Նեղացկոտության հաղթահարման գլխավոր քայլն է ցույց տալ երեխային, որ ուրիշների գնահատականը բոլորովին էլ ամենակարևոր բանը չէ իր կյանքում, որ մյուս երեխաներն ունեն իրենց հետաքրքրությունները, ոչ թե կենտրոնացել են իր վրա, և նրանք չեն արհամարում իրեն, այլ պարզապես զբաղվում են իրենց գործով՝ խաղում են, զրուցում և այլն: Փոքրիկը պետք է հասկանա, որ մյուս երեխաները գոյություն ունեն ամենևին ոչ նրա համար, որ չհարգեն իրեն:
Իհարկե, հինգ-վեց տարեկան պստլիկին անհնար է այս ամենը խոսք ու զրույցով բացատրել, բայց դա կարելի է անել նրա ուշադրությունը այլ բանի վրա սևեռելով, նրա մեջ նոր հետաքրքրություններ արթնացնելով, ասենք՝ նկարել, քանդակել, ինչ-որ բան պատրաստել և այլն և այլն: Ընդ որում՝ երեխան պիտի հաճույք ստանա հենց նկարելու կամ խաղալու ընթացքից, այլ ոչ թե մտածի դա լավ անելու մասին, որպեսզի իրեն գնահատեն, և որ ինքն ուրիշներից լավը լինի:
Թերևս ավելի հետաքրքիր ու արդյունավետ կլինի, եթե բոլորը միասին, ընկերաբար նույն բանն անեն: Խոսքը հստակ դերաբաշխմամբ խմբային խաղերի մասին է, երբ մասնակիցները իրենց միասնական կզգան, կտեսնեն յուրաքանչյուրի կարևորությունը ընդհանուր գործում: Հենց այսպիսի հարաբերություններն են երեխայի մեջ ծնում ընկերոջ հաջողությամբ ուրախանալու կարողություն և օգնում են խուսափել տեղի-անտեղի վիրավորվելուց:
Փոքրիկները սիրում են հեքիաթներ լսել, դիտել գունեղ նկարներ, երգել, և այս ամենը նույնպես հիասքանչ միջոց կարող է լինել սեփական ես-ից նրանց ուշադրությունը շեղելու:
Ծնողները միշտ պետք է հիշեն, որ նախադպրոցական տարիքում անհատի ձևավորումն ընթանում է շատ արագ, և կարելի է երեխայի մեջ դաստիարակել անձնային բարձր որակներ ու շտկել նրա բնավորության թույլ կողմերը: Այլապես որքան երեխան մեծանում է, այնքան դժվար է դառնում նրան փոխելը: