Ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից, սաստիկ երկյուղի մեջ է ընկած (նրանց) մարմնի բնությունը. ամեն հողմից շարժվում է և ամեն խոսքից վրդովվում և ամեն բանից դողում. այսպիսի մարդը երազական բաներով է անցկացնում իր կյանքը, իսկ մահվան ժամանակ էլ անդառնալի կորստյան է մատնվում։ Ինչպես որ հնում մեկն ասել է չհասկացված մահը մահ է, հասկացված մահը՝ անմահություն: Ով որ չգիտե, թե ինչ է մահը, վախենում է մահից. իսկ ով գիտե մահը, նրանից չի վախենում։
Եվ բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից։ Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը զրկվում է կատարյալ կյանքից։ Լավ է աչքով կույր (լինել), քան մտքով կույր: Ինչպես որ հոգին մեծ է մարմնից, այնպես էլ մտքի տեսողությունը մեծ է մարմնի տեսողությունից։
Եթե մեկը շատ ճոխացած լինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից. ինչպես որ տեսնում էլ ենք ոչ միայն հասարակ մարդկանց մեջ, այլև նրա, որ ամենից մեծն է։ Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չանի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել։ Իսկ եթե մարմնավոր բաների վերաբերմամբ այսպես է, որքա՜ն ավելի ևս հոգևոր բաների վերաբերմամբ է։
Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է, և ինչպես որ մի մարդու, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ։ Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել։
Բայց մենք թեպետև թույլտվություն չունենք բամբասելու իշխաններին, բայց չենք էլ կարող գովաբանել մի մարդու, որ աստծու դեմ է կռվում։ Այլ կպատմեմ անցքերն ու դեպքերը, որ նրա ձեռքով անցան սուրբ եկեղեցիների գլխով, և չեմ դանդաղի. գործերի ընթացքը ո՛չ թե բամբասասեր մտքով, այլ ճշմարտությամբ պատմելուց չեմ դադարի։ Ո՛չ կարծիքներով եմ վեր թռել և ո՛չ էլ լուրերից արթնացել, այլ ես ինքս անձամբ նույն տեղում պատահեցի և տեսա ու լսեցի հանդգնաբար խոսելու ձայնը։