Որքան էլ մենք ջանանք մեր երեխաներին ապահովել ամեն լավ բանով, միևնույն է, նրանց անձնական կյանքը շատ արագ դուրս է գալիս մեր վերահսկողությունից: Իհա՛րկե, մենք կուզեինք, որ մեր զավակներին շրջապատեն միայն ազնիվ, հավատարիմ և հանդուրժող մարդիկ, սակայն հաճախ հանգամանքները ձևավորվում են բոլորովին այլ կերպ: Եկե՛ք հասկանանք` ինչ անել, երբ մեր երեխաների ընկերները կարծես թե այնքան էլ հիասքանչ մարդիկ չեն:
Վերլուծե՛ք հաշվարկները
Նախ փորձեք հասկանալ, թե ինչու համակրանք չեք զգում ձեր երեխայի ընկերոջ հանդեպ: Գուցե նա հիշեցնում է ձե՞ր մանկության վատ ընկերոջը և արթնացնում է ինչ-որ տհաճ հիշողություններ, մոռացված վիրավորանք: Գուցե նա թույլ է տվել կոպիտ արտահայտություննե՞ր, երբ ձեզ հյուր էր եկել: Կամ հնարավոր է՝ նա անհարգալի՞ց է վերաբերվում ձեր երեխային և նրան վնաս է հասցնում: Առանձնացրե՛ք սուբյեկտիվ զգացողությունը ողջամիտ գնահատականից: Դա կարող է հեշտ չլինել, սակայն շատ կարևոր է:
Եթե գաք եզրահանգման, որ ձեր լարվածությունն ու անվստահությունն իրականում կապ չունեն ձեր երեխայի և նրա ընկերոջ հարաբերությունների հետ, ուրեմն՝ անելու բան էլ չկա: Պարզապես ընդունե՛ք, որ երեխան ինքնուրույն մարդ է՝ ազատ ընտրելու իր շփման միջավայրը: Այլ հարց է, եթե եթե երեխայի ընկերը նրա վրա բացասական ազդեցություն է թողնում, իրեն վտանգավոր է պահում. այս դեպքում իսկապես անհրաժեշտ է ձեր միջամտությունը:
Խուսափե՛ք ուղղակի գնահատականից
Որքան էլ ցանկանաք բղավել. «Ախր նա քեզ օգտագործո՜ւմ է» կամ բնութագրել անպետք ընկերոջը որևէ «հարմար» արտահայտությամբ, միևնույն է, այդպես անել պետք չէ: Եթե ձեր երեխան իրապես ջերմ զգացմունքներ է տածում իր ընկերոջ հանդեպ, ապա վերջինիս հասցեին նման գնահատականները ձեզ կվերածի հակառակորդի, և կնվազեցնի երեխայի վստահությունը ձեր հանդեպ (հատկապես եթե նա դեռահաս է): Ավելի լավ է՝ քննադատությունը պահել ձեր ներսում և փնտրել այլ միջոցներ՝ վատ ընկերոջ ազդեցութունը չեզոքացնելու համար:
Գործի՛ դրեք տրամաբանությունը
Հրաշալի կլինի, եթե երեխան ինքնուրույն սկսի վերլուծել ընկերոջ արարքներն ու վարքը: Առաջարկե՛ք նրան միասին քննարկել, թե ինչպես է վարվում նրա ընկերը, և թող երեխան ինքը եզրակացություններ անի: Փոքր տարիքի երեխաների համար իրավիճակը վերլուծելը հեշտ կլինի, եթե նրանց հիշեցնեք մուլտեր կամ գրքեր, որոնք պատմում են, թե ինչ բան է ընկերությունը, ինչպես են իրենց պահում ընկերները և ինչպես չեն պահում:
Այսպիսի զրույցների արդյունքն ակնթարթային չի լինի, բայց դուք արդեն կստիպեք երեխային խորհել իր ընտրության շուրջ:
Խոսեք ուղի՛ղ
Այս մեթոդը կգօրծի դեռահասների պարագայում, երբ ծնողների և զավակի միջև արդեն ձևավորվել են փոխվստահության հարաբերություններ:
Փորձե՛ք երեխայի հետ անմիջական զրուցել նրա ընկերների վերաբերյալ, իմանալ նրանց մասին ավելին, արտահայտել ձեր անհանգստությունները՝ ուղիղ և անկեղծորեն, ասենք այսպես. «Ինձ հայտնի է, որ այդ տղաները ծխախոտ են օգտագործում, և վախենում եմ, թե դու հետևում ես նրանց օրինակին»: Սակայն եղեք զգույշ, որովհետև երբեմն չափազանց անկեղծ լինելը և տեղեկացվածությունը ցուցադրելը կարող է շփոթեցնել պատանուն և դրդել նրան ներամփոփության:
Սահմաննե՛ր գծեք
Եթե դուք չեք հանդուրժում ձեր երեխայի շփումը կոնկրետ ընկերոջ կամ ընկերական խմբի հետ, ապա կարող եք սահմանափակել նրա հարաբերությունները: Օրինակ՝ ներմուծեք կանոններ, որոնց համաձայն՝ երեխան կարող է հանդիպել իր ընկերոջը միայն ձեր տանը, որտեղ հնարավոր է հետևել նրանց: Կամ կրճատեք ժամանակը, որ նրանք միասին են անց կացնում՝ երեխայի ժամանակացույցում հավելելով այլ կարևոր անելիքներ: Սրանք բավական խիստ մեթոդներ են, բայց որոշ դեպքերում կարող են արդյունավետ գործել:
Զրուցե՛ք ընկերոջ ծնողների հետ
Այս լուծումն ավելի հարմար է փոքրահասակ երեխաների դեպքում: Եթե ձեր երեխաները միասին վերածվում են փոքրիկ «հանցավոր խմբավորման», իսկ առանձին՝ կարծես թե միանգամայն անմեղ են, ուրեմն՝ գուցե արժե խնդրի վրա աշխատել համատեղ: Միայն թե խուսափե՛ք մեղադրանքներից և հանգիստ քննարկեք իրավիճակը: «Վատ» ընկերոջ ծնողների հետ ծանոթանալն ու շփումներ ունենալը թույլ կտա ավելի լավ ճանաչել նրանց ընտանիքը և հասկանալ նրա վարքի հավանական պատճառները: Հնարավոր է՝ դուք գաք պայմանավորվածության՝ հեռացնել երեխաներին իրարից կամ միասնաբար աշխատեք նրանց վարքի փոփոխման վրա:
Առաջարկեք այլընտրանք
Երբեմն վատ ընկերոջից ազատվելու համար բավական է գտնել ավելի լավ ընկերոջ: Գրանցե՛ք երեխային մի նոր խմբակում, ծանոթացրե՛ք նրան նոր միջավայրի հետ, գտե՛ք նրա համար շփման ավելի հետաքրքիր շրջանակ: Դեռահասների դեպքում դա գլուխ բերելն իհարկե մի փոքր դժվար կլինի, բայց առաջարկելը ոչ մի վնաս չի տա:
Արգելե՛ք շփումը
Սա, թերևս, ամենակտրուկ միջոցն է, և դրան դիմել պետք է միայն վերջին հերթին, երբ վտանգն իսկապես չափազանց մեծ է: Փոքրիկների դեպքում դարձյալ խնդիրը լուծելը բավական դյուրին է՝ տեղափոխել այլ մանկապարտեզ, տանել որևէ խմբակ, զբոսնել ուրիշ բակում: Ավելի բարձր տարիքի երեխաների համար այս մեթոդի կիրառումը մի փոքր բարդ է, քանի որ ցանկության դեպքում նրանք, միևնույն է, նախկին կապը կարող են պահպանել համացանցի միջոցով: Սակայն ամեն դեպքում՝ շփումների սահմանափակումը կարող է որոշակի արդյունք տալ:
Վստահե՛ք ձեր երեխային
Այս մեթոդը նախորդ եղանակի հակառակ տարբերակն է: Իրականում մեր երեխաներն այնքան էլ միամիտ ու անպաշտպան չեն, որքան կարող է մեզ թվալ: Եթե դուք բավականաչափ վստահում եք ձեր զավակին ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում, իսկ իրավիճակն այնքան էլ վտանգավոր չէ, ապա ազա՛տ թողեք նրան: Հնարավոր է՝ երեխան ինքը շուտով հասկանա, որ թունավոր կամ պարտադրված կապերի զոհ է դարձել, և կխզի դրանք առանց ձեր միջամտության: Իսկ եթե իրավիճակը, ընդհակառակը, ավելի վատանա, դուք, այսպես թե այնպես, երեխայի կողքին կլինեք՝ օգնելու և պաշտպանելու համար:
Այն, թե կոնկրետ որ մեթոդը կաշխատի ձեր դեպքում, պայմանավորված է հետևյալ գործոններով. երեխայի տարիքը, նրա հետ ձեր հարաբերությունների բնույթը, մթնոլորտն ընտանիքում, ինչպես նաև երեխայի ու նրա ընկերոջ կապի բնույթը: Ունիվերսալ մեթոդներ, միևնույն է, գոյություն չունեն:
Նյութի աղբյուրը՝ այստեղ