Երեք իմաստուն առակ

ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԸ

Մի աղքատ վարձկան պահանջեց իր վարձը։ Տանուտերն ասաց.

– Եթե արդարն ես պահանջում, մեկն եմ տալիս, անարդար կերպով՝ ավելին՝ չորսը:

Իսկ նա իր արդար վաստակը պահանջեց ու պակաս ստացավ վարձը։

Եվ հետո այս դեպքն եղել է ֆրանկների երկրում։ Մի մեծ իշխանի հետ աղքատը նավ բարձրացավ՝ կամենալով վերադառնալ տուն։ Նա ստացած վարձով իր երեխաների համար նուռ էր գնել։ Նավի վրա մեծ իշխանը հիվանդացավ։ Ասացին, թե բուժիչ դեղը նուռն է։ Եվ աղքատ վարձկանը վաճառեց այն՝ յուրաքանչյուրը տաս դահեկանով, հարստացավ, դարձավ ծանր վաճառական։ Նախկին ծառան տան ու կնոջ համար գնեց ընտիր ապրանքներ, ապա գնաց իր տունը։ Եվ այսպես է․ արդար վաստակը բազմանում ու շենացնում է տունը։

ԹԱԳԱՎՈՐԻ ՆԱԽԱՆՁՈՏ ԻՇԽԱՆՆԵՐԸ

Թագավորի պալատում ծառայող երկու իշխան ատելով ատում էին միմյանց: Մի անգամ, կամենալով փորձել նրանց, թագավորն ասաց.

– Խնդրեցե՛ք ինձնից, ինչ ուզում եք։ Բայց իմացեք․ մեկի խնդրածի դիմաց մյուսին կրկնակի պիտի տամ:

– Թագավո՛ր,- հարցնում է մեծ իշխանը,- ինչ որ խնդրեմ, իմ պաշտոնակից իշխանին երկո՞ւսը կտաս։

– Այո՛, ինչ որ խնդրես, կանեմ,- ասում է թագավոը:

Մեծ իշխանը մտածում է, «Եթե ես մի քաղաք ուզեմ, կտա։ Բայց իմ ընկերոջը երկուսը կհասնի, սիրտս կպայթի»:

– Թագավո՛ր,- դիմում է նա,- քեզնից խնդրում եմ, որ իմ մեկ աչքը հանես։

Թավավորը հրամայեց հանել մեծ իշխանի աչքերից մեկը:

Պարզ է, որ նախանձոտն իր անձին ավելի թշնամի է, քան՝ ուրիշների:

ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՏԻՎԸ

Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ մաշված հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելով համբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալ, թե այս թագավորը իր մեծամեծներին պատիվ չի տալիս, իսկ չնչին մարդկանց մեծարում է:

Թագավորն իմանալով հրամայեց չորս սնդուկ սարքել. երկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազով, իսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճ, կպրոտ, բայց լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններին՝ թագավորն ասաց.

– Գնահատե՛ք և ընտրե՛ք չորս կնքած արկղերից, որն ուզում եք։

Նրանք ընտրեցին գեղեցիկները և երբ բանալով տեսան, որ լցված են աղբով ու ավազով, զղջացին։ Թագավորն ասաց.

– Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, որ ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերը, որոնց հանդիպեցի, արտաքուստ էին աղտեղի, իսկ ներքուստ՝ լի հոգու շնորհով։

Հավանեցի՞ր. տարածիր