Երիտասարդությունն ամբողջ կյանքն է

Երբ դեռ սովորում էի դպրոցում, իսկ հետո համալսարանում, կարծում էի՝ «հասուն կյանքս» պիտի որ բոլորովին այլ պայմաններում անցնի՝ մի տեսակ ուրիշ աշխարհում․ ինձ պիտի շրջապատեն բոլորովին ուրիշ մարդիկ, և ներկայից ոչինչ չի մնա․․․ Իսկ իրականում ամեն բան այլ կերպ դուրս եկավ։ Հասակակիցներս մնացին ինձ հետ։ Ոչ բոլորն իհարկե։ Բայց և այնպես պարզվեց՝ երիտասարդ տարիների ընկերներն ամենահավատարիմն են, մշտականները։ Ահա ծանոթներիս շրջանակն անհամեմատ ընդլայնվեց, սակայն իսկական մերձավոր մնացին հները։

Իրական ընկերներ երիտասարդ տարիներին ես ձեռք բերում։ Հիշում եմ, որ մայրիկիս համար էլ հավատարիմ ընկերներ մնացին գիմնազիայի նրա ընկերուհիները։ Հորս ընկերներն էլ նրա համակուրսեցիներն էին։ Եվ որքան էլ ես ուշադրություն եմ դարձրել, ընկերանալու պատրաստակամությունը, բացությունը տարիների հետ նվազում են մարդու մեջ։ Երիտասարդությունը մտերմանալու ժամանակաշրջանն է։ Դա պետք է հիշել և փայփայել ընկերներին, որովհետև իսկական ընկերությունն օգնում է և՛ դժբախտության, և՛ ուրախության պահին։ Չէ՞ որ ուրախության ժամանակ էլ օգնություն է պետք, օգնություն, որպեսզի երջանկությունը խորությամբ զգաս, զգաս և կիսես այն ուրիշների հետ։ «Չբաժանված» ուրախությունն ուրախություն չէ։ Մարդը «փչացնում» է երջանկությունը, երբ փորձում է այն միայնակ ապրել։ Իսկ երբ արդեն դժբախտության պահը գա, կորուստների պահը, դարձյալ անկարելի կլինի այն միայնակ հաղթահարել։ Մեծ վիշտ է միայնակ լինելը։

Ուստի ձեր մեջ պահպանեք երիտասարդությունը մինչև խոր ծերություն։ Գնահատե՛ք այն ամբողջ լավը, որ ձեռք եք բերում երիտասարդ տարիներին, ցրիվ մի՛ տվեք երիտասարդության գանձերը։

Սովորություններն էլ, որ ձևավորվել են երիտասարդության ժամանակ, ավելի խորն են արմատանում։ Արարման հմտությունները՝ նույնպես։ Սովորեցի՞ր աշխատելուն․ այն քեզ միշտ ուրախություն կպարգևի, իսկ դա կարևոր է լիակատար երջանկության համար։ Չկա ավելի դժբախտ մարդ, քան ծույլը, տքնությունից, ջանքից մշտապես խուսափողը՝ ինչպես երիտասարդության ժամանակ, այնպես էլ ծերության։

Երիտասարդ տարիներին ձեռք բերված լավ սովորությունները դյուրացնում են կյանքը, վատերը՝ բարդացնում։

Եվ մի բան էլ։ Ռուսական մի ասացված կա․ «Պահպանե՛ք Ձեր պատիվը երիտասարդությունից սկսած»։ Հիշողության մեջ մնում են բոլոր արարքները․ բարիները հետագայում ուրախություն կպարգևեն, իսկ չարերը չեն թողնի քնել։

Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»

Հավանեցի՞ր. տարածիր