Շատ վտանգավոր բան է, որ մեր կյանքի ամենալուրջ որոշումները կայացնում ենք երիտասարդ ժամանակ, երբ անհամբեր ենք ու անզուսպ, ինչպես նաև հանցավոր կերպով չխրատված մեծերի կողմից: Եվ այդ որոշումներն են՝ կրթությունը, մասնագիտությունը, սերը, ամուսնությունը, մինչև անգամ՝ երեխաներ ունենալը: «Զգուշացե՛ք, որ չխճճվեք սխալ ու չմտածված սիրային արկածների մեջ,- ասում էր մեզ նույն մարդը,- որովհետև երբ հետո ձեր կողքով ձեր երկրորդ կեսն անցնի, չեք էլ նկատի նրան»:
Լա՛վ, վտանգը կրակոտ երիտասարդության բնույթի մեջ է, նրա փորձությունն է, բայց արդյոք կա՞ մեկը երեխաների կողքին, որ ճիշտ խորհուրդներ տա նրանց: Այսօր շատ ծնողներ ասես երեխա մնացած լինեն, և դա նրանց բնույթի մեջ չէ, նրանց փորձությունը չէ, այլ՝ ձախողումը, սխալը, որը հոմանիշ է «մեղք» բառին: Անմտորեն կամ վախկոտաբար կանգ են առել ճանապարհի վրա՝ դեռ սկզբում, հետ ընկել ու կորցրել ճիշտ նպատակակետը: Մտահոգ, մշուշապատ, անապահով, շարունակ կենտրոնացած իրենց բացարձակապես նյութապաշտ կենսակերպի վրա, որը, ինչպես նրանք են պնդում, պարտադրվել է իրենց, ի վիճակի չեն աջակցելու և ճիշտ խորհուրդներ տալու իրենց երեխաներին: Նրանք չունեն տարբերակման, զատորոշման կարողություն: Այսինքն՝ չգիտեն՝ ի՞նչն իրապես արժեք ունի, որո՞նք են այն առաջնային բաները, որ աճ են ապահովում սրտին ու կյանքին, չգիտեն նույնիսկ, թե ով է իրենց երեխան: Ի՞նչ խորհուրդ տան: Հենց իրենք են խառնաշփոթ առաջացրել իրենց անձնական կյանքում, աշխատանքում, կուսակցության, գաղափարախոսության մեջ, և դեռևս փորձում են հասունություն ձեռք բերել սխալ տեղում ու եսապաշտ եղանակներով: Ինչպե՞ս նրանք վստահություն ու ակնածանք ներշնչեն իրենց երեխաներին: Ինչպե՞ս երեխաները հարգեն նրանց: Որպեսզի քեզ հավատան ու հարգեն, պետք է դու էլ հավատաս քո կարողությանը, պետք է ունենաս ինքնահարգանք և խիզախություն: Ծնողների խնդիրներն այսօր չեն տարբերվում իրենց երեխաների խնդիրներից, նրանք դեռևս իրենց մեջ կրում են անորոշ նախապատանեկան տարիքը, որը հետզհետե ավելի ու ավելի թառամած, հոգնած ու նյարդային է դառնում: Ինչպե՞ս խրախուսեն ու աջակցեն: Ի՞նչ ուժով և ի՞նչ միջոցներով փարոսի պես լուսավորեն արահետը: Երեխաների ու պատանիների՝ այսօրվա ալեկոծված ծնողների համար հեշտ չէ լուսաճառագ փարոս դառնալ իրենց երեխաների ալեկոծությունների ժամանակ:
Մ․ Վամվունակիի «Լռեցված սիրո ուրվականը» գրքից
Թարգմանությունը՝ Տաթևիկ Ստեփանյանի