Մի անգամ բժշկապետ Մխիթար Հերացուն հարցնում են․
– Երկար և առողջ ապրելու համար բավարա՞ր է միայն ճիշտ սնվել։
– Ո՛չ,- պատասխանում է բժիշկը,- ճիշտ ժամանակին մեռնելու համար տասներկու պայման կա։
– Ի՞նչ է նշանակում «ճիշտ ժամանակին մեռնել»,- զարմացած հարցնում են նրան։
– Մարդը կարող է չորս հարյուր տարի ապրել,- բացատրում է բժշկապետը։- Թեև առայժմ ոչ ոք չի կարողացել այդքան ապրել, բայց մարդու մարմինն այնպիսի կառուցվածք ունի, որ կարող է չորս հայուր տարի ապրել։
– Իսկ որո՞նք են երկար ապրելու տասներկու պայմանները։
– Առաջին պայման՝ միայն ցորենահաց ուտել, սովորաբար մարդու կերածից երկու անգամ պակաս։
Երկրորդ պայման՝ խմել աղբյուրի մաքուր ջուր, խաղողի, նռան և խնձորի օշարակ, շաբաթը մեկ անգամ՝ մեկ գավաթ գինի, և ամեն օր՝ կես ըմպանակ կաթ։
Երրորդ պայման՝ ամեն օր ուտել մածուն, որևէ ջրալի ապուր, կանաչեղեն, զանազան համեմունքներ, երեք օրը մեկ՝ մսաջուր, և շաբաթը մեկ անգամ՝ խորոված միս։ Պետք է ուտել նաև ծիրան, տանձ, նարինջ, նուշ, կարագ ու պանիր։
Չորրորդ պայման՝ մարդը մինչև կյանքի վերջ պիտի աշխատի․ կարելի է հանգստանալ՝ թեթև գործեր անելով։ Բոլորովին չաշխատելով՝ մարդն ինքն իրեն հոժարակամ մահվան է դատապարտում։
Հինգերորդ պայման՝ մարդը պետք է բնության հետ քնի, բնության հետ էլ արթնանա։ Այսինքն՝ երբ դրսում լույս է, պետք է արթուն լինել, իսկ երբ մութ է, պետք է քնել։
Վեցերորդ պայման՝ հանգիստ և ուրա՛խ եղեք․ մարդը տարին մեկ անգամից ավելի չպիտի զայրանա։
Յոթերորդ՝ ամենից անուղղա ստախոսի համար էլ ստախոսությունը հոգս է։ Պետք է գիտենալ, որ հոգուն ցավ պատճառող սուտը ծերացնում է մարդուն։
Ութերորդ պայման՝ բավարարվի՛ր նրանով, ինչ ձեռք ես բերել քո աշխատանքով։
Իններորդ պայման՝ մե՛կ հոգու սիրիր և մշտապես հիշի՛ր, որ նա է ամենից գեղեցիկը։
Տասներորդ պայման՝ ապրի՛ր աղմուկից հեռու։ Իհարկե, աղմուկ չէ բնական ձայնը (աղբյուրի քչքչոցը, թռչունների ճռվողյունը, ջրվեժի ձայնը)։
Տասնմեկերորդ՝ մի՛շտ հիշիր, որ երջանկությունը ուրիշների՝ քո հանդեպ ունեցած վերաբերմունքն է։
Տասներկուերորդ պայման՝ հավատք ունեցիր և՛ Աստծու, և՛ քո անձի հանդեպ։
Բանասեր Ջորջ Արաբաթլյանի էջից