Ուզու՞մ ես աշխարհի տարբեր կողմերում աճող բույսերը տեսնել մի վայրում. դրա համար հեռու գնալ պետք չէ: Պարզապես այցելիր Երևանի բուսաբանական այգի:
Մտնում ես Բուսաբանական այգու դռներից ներս, ու կանաչակարմրադեղնավուն աշնան տերևները գլխավերևումդ կամար են կապում։ Այս մագլցող բույսը, որը հանդիպում է ամեն քայլափոխի, կոչվում է կուսախաղող:
Երբ շրջես Բուսաբանական այգում, քեզ կթվա, թե գտնվում ես անտառում. նեղլիկ արահետներ են, հսկա ծառեր, իսկ աշնան արևը ծիկրակում է խիտ ճյուղերի արանքից: Տարբեր կողմերից թռչունների ձայն է լսվում:
Այգին շա՜տ գեղեցիկ է լինում ուշ աշնանը, երբ աշնան զգեստներ է հագնում, և գարնանը, երբ ծաղկում են բոլոր ծառերն ու բույսերը, ու այգին հազարագույն է դառնում:
Երբևէ կիվիի ծառ տեսե՞լ ես: Այգում նույնիսկ դա կա:
Այգում բոլոր տնկիներն առանձին անուն ու հայրենիք ունեն: Մոլորակի տարբեր անկյուններից սերմեր են բերում մեր բուսաբանական այգի, և մեզնից էլ տանում այլ վայրեր: Հետո մասնագետներն այդ սերմերն աճեցնում են ու հարմարեցնում տվյալ բնությանը, հող ու ջրին: Այդպես մենք ունենում ենք նոր ու հետաքրքիր բույսեր ու ծառեր:
Այգում մեծ ջերմոցներ էլ կան, որտեղ ոչ միայն տարբեր տեսակի բույսեր են աճում, այլև ջրավազաններ կան: Այնտեղ ապրում են ջրաշուշաններ, գորտեր ու կարմիր ձկնիկներ:
Այգու աշխատողներն ամեն ինչ գիտեն այստեղ աճող ամեն թփի ու ծառի մասին, շատ սիրում-խնամում են այգին: Բայց այն ավելի մեծ օգնության կարիք ունի:
Այգին սպասում է մեզ: