Զապել Եսայան հումանիստը

Գիտե՞ք, որ ամերիկյան պարբերականներից մեկը ժամանակին հայ գրող Զապել Եսայանին դասել է իր օրերի ամենախիզախ հինգ կանանց շարքին։ Ինչո՞ւ։ Քանի որ նա ոչ միայն գրող և հրապարակախոս էր, այլև մեծ հումանիստ։

Զապել Եսայանը (հայրական ազգանվամբ՝ Հովհաննիսյան) ծնվել է 1878 թ. Կոստանդնուպոլսում:
Նախնական կրթությունը ստացել է մասնավոր դպրոցում, ապա Սկյուտարի «Սուրբ Խաչ» վարժարանում: Այնուհետև ուղղորդմամբ Զապելը տեղափոխվել է Սորբոն և հաճախել տեղի ֆրանսիական քոլեջի գրականության դասերին:

Այդ տարիներին է նա հանդիպում իր ապագա ամուսնուն՝ նկարիչ Տիգրան Եսայանին: Հայտնի է, որ նրանք ունեցել են երկու զավակ, որոշ վկայությունների համաձայն՝ դուստրեր, ոմանց պնդմամբ էլ՝ դուստր և որդի:
Փարիզում Զապելի կյանքն ապահովված էր: Ուներ և՛ աշխատանք, և՛ ընկերական շրջապատ: Թվում էր, թե նրանք երջանիկ էին, սակայն 1902 թ. թողեցին ամեն բան և վերադարձան Կ. Պոլիս:

1909 թ. հայ մտավորականների հետ Զապելն այցելում է Ադանա, որտեղ տեղի էին ունեցել մեծ ջարդեր: Այդ այցից հետո էր, որ նա սկսեց անդադար հոդվածներ գրել ժամանակի հայտնի պարբերականներում՝ փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել հայ ժողովրդի ճակատագրի վրա, ցույց տալ, թե ինչ է իրականացվում հայ ազգի հանդեպ։

1915 թ. ապրիլի 24-ին աքսորված հայ մտավորականների ցանկում միակ կնոջ անունը Զապել Եսայանինն էր: Սակայն նա կարողացավ փրկվել երիտթուրքերի հալածանքներից և ապաստանեց Բուլղարիայում։ Որոշ ժամանակ թաքնվում էր այնտեղ, իսկ 1916 թ. գալիս է Կովկաս և սկսում ծավալել լայն գրական ու հասարակական գործունեություն: Նա ցանկանում էր աշխարհի ուշադրությունը հրավիրել մասնավորապես հայ կանանց խնդիրների վրա, ովքեր հայտնվել էին բարբարոս թշնամու թիրախում:

1933 թ. Զապել Եսայանը աշխատանքի հրավեր ստացավ Երևանի պետական համալսարանից, սակայն հայրենադարձությունը նրա համար աղետալի հետևանքներ ունեցավ: Զապել Եսայանը շատ համարձակ էր․ անվախ ու աներեր արտահայտում էր իր կարծիքը: Եվ Խորհրդային Միությունը նրան լրտես համարեց՝ մեկը, ով վտանգավոր կապեր ունի օտար երկրներում․․․

Պահպանվել է 1943 թ. Զապելի ուղարկած վերջին նամակը Բաքվի բանտից: Թե այնուհետ ինչ ճակատագիր է ունեցել նա, մինչ օրս ոչ ոքի հայտնի չէ։ Գրողը պարզապես անհետացավ։ Ասում են՝ նա կա՛մ մահացել է բանտում, կա՛մ սպանվել է այնտեղից տեղափոխվելիս:

Սակայն Զապել Եսայանի անունն ու կատարած գործը չի մոռացվել․ նա դարձել է պայքարող կնոջ խորհրդանիշներից մեկը նորագույն շրջանի հայոց պատմության մեջ:

Վարդուհի Պետրոսյան

Հավանեցի՞ր. տարածիր