Նապաստակը երեխաների սիրելի կենդանիներից է, որի կերպարը հանդիպում է բազում ժողովուրդների բանահյուսության մեջ: Գիտնականները նապաստակների դասին են կարգում նաև ճագարներին: Մեզ համար, սակայն, նապաստակը երկարականջ անտառային փոքրիկ վազորդն է՝ ունակ ակնթարթորեն անհետանալու աչքից, հենց որ վտանգ զգա: Նապաստակներն ապրում են բոլոր մայրցամաքներում՝ բացի, իհարկե, Անտարկտիդայից: Առանձնացրել ենք 10 ուշագրավ փաստ այս կենդանիների մասին:
1. Հակառակ տարածված կարծիքին՝ նապաստակները միմիայն խոտակեր չեն. նրանք կարող են սնվել նաև մսով:
2. Նապաստակներն այնքան էլ անվնաս չեն, որքան թվում են: Նրանց հետևի ուժեղ թաթերը՝ սուր ճանկերով, իսկական սառը զենք են: Թեպետ, անշուշտ, այս կենդանու բնույթն այնպիսին է, որ հարձակման նա կանցնի միայն այն ժամանակ, երբ կորցնի փախչելու վերջին հնարավորությունը:
3. Որտեղ էլ հայտնվի նապաստակը, նա դառնում է որսի օբյեկտ: Եվ մինչև օրս այս կենդանիները չեն ոչնչացել, քանի որ արագ են բազմանում:
4. Նապաստակներն իրար հետ շփվում են թմբկահարելով առջևի թաթիկներով:
5. Հակառակ «շլդիկ» մականվանը՝ նապաստակն ամենևին էլ շեղակն չէ: Որսորդներն են նրան այդպես անվանել՝ իր ոլորուն վազքի և ճանապարհը կորցնելու սովորության պատճառով: Ի դեպ, նապաստակները ոլորուն են վազում, քանի որ նրանց հետևի թաթերը ծնված օրվանից անհամաչափ են:
6. Վտանգից փախչելով՝ նապաստակն այդուհանդերձ չի լքում տարածքը, որտեղ ապրում է:
7. Վազելիս նապաստակը կարող է զարգացնել մինչև 70 կիլոմետր ժամ արագություն:
8. Անհրաժեշտության դեպքում բարձրից արագ ցած հասնելու համար՝ նապաստակը կարող է «գործի դնել» գնդակի նման գլորվելու հնարքը:
9. Էգ նապաստակներն ապրում են գրեթե երկու անգամ ավելի երկար, քան արուները:
10. Նապաստակի ատամներն աճում են ամբողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով է նրանց անհրաժեշտ պարբերաբար ինչ-որ բան կրծոտել՝ տաշելով դրանք: