Զվարթնոցը, որն այժմ խոնարհված է, միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից է՝ կառուցվածքով ու տեսքով բացառիկ։
Տաճարի անունն առաջացել է զվարթուն բառից, որ գրաբարում նշանակել է հրեշտակ (չէ՞ որ հրեշտակները միշտ զվարթ են)։ Ասել է թե՝ Զվարթնոց նշանակում է հրեշտակների բնակարան։ Ավանդության համաձայն՝ տաճարի վայրում՝ Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք, հրեշտակների բազմությունը երևացել է սուրբ Գրիգորի տեսլիքում։
Ի դեպ, թեպետ ժողովրդի շրջանում տաճարը հայտնի է Զվարթնոց անվամբ, հայ պատմիչներից միայն Սեբեոսն է հիշատակում այդ անունը, մյուս բոլոր հեղինակները եկեղեցին կոչում են Սուրբ Գրիգոր։
Զվարթնոցը կառուցվել է Ներսես Երրորդ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ․։ Այսօր պահպանվել են տաճարի հատակը, հատվածներ որմնաշարից, սյուների խոյակներ, արևի քանդակազարդ ժամացույց, խճանկարի, որմնանկարի մնացորդներ և այլն։
Տաճարը եղել է եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև հատվածների միասնական շինություն։ Խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի ճակատին կարելի է տեսնել քանդակազարդ խաղողի որթեր, նռնազարդ ճյուղեր, մարդկանց բարձրաքանդակներ, ներսում՝ թևատարած արծիվները։ Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է հավանաբար ճարտարապետի անունը՝ Յոհան։