«Թագավորական» պատմություններ

***

Ոմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել դատապարտյալներին։ Իսկ նրանք բոլորը չքմեղանալով պատմում են, թե իրենք անմեղ ու համեստ մարդիկ են, անարդար կերպով են բանտ ընկել:

Մի երիտասարդ բանտարկյալ, սակայն, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշեց, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը խղճալով կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության։

Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին.

– Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դուրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին։

***

Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։

– Ո՛վ ծերունի,- ասում է թագավորը,- ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր-վաղը գնալու ես։

– Թագավո՛ր,- պատասխանում է ծերուհին,- մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:

– Տվեք նրան հազար դրամ,- հրամայում է թագավորն իր ենթականերին,- որովհետև բարի ու լավախոհ մարդ է:

Վերցնելով դրամը, ծերունին գոհություն հայտնեց Աստծուն։

– Ինչո՞ւ գոհությու ն հայտնեցիր,- հարցնում է թագավորը։

– Որովհետև,- պատասխանում է ծերունին,- ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։

– Դարձյալ տվեք նրան հազար դրամ,- հրամայում է թագավորը:

Ծերունին նորից է արտահայտում իր գոհունակությունը:

– Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,- հարցնում է արքան։

– Գոհ եղա Աստծուց, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։

Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։

***

Իշխանի ու հարուստի որդիներն իրար հետ մտերմացան, դարձան եղբայր և ելան աշխարհ շրջելու։ Գնացին հասան մի բերդի դռան։ Տեսան, որ դարպասից շատ մարդու գլուխ էր կախված։ Վախենալով մտան ներս: Թագավորի ծառան մեծարեց նրանց ու տարավ պալատ։

Թագավորը երկու հյուրերին իր մոտ նստեցրեց, սեղան բացեց և հյուրասիրեց նրանց անուշահամ գինով։ Երբ հարուստի որդին դուրս ելավ, թավավորն իշխանորդուն ասաց.

– Դու թագավորի ես նման, իսկ այդ ընկերդ գեշ և ստոր մարդ է երևում․ այդպիսի անարժան ընկերոջ հետ ինչո՞ւ ես մտերմություն անում։

– Թագավո՛ր,- պատասխանեց իշխանազունը,- ի՜նչ ստորություն ու պակասություն ասես, ես ունեմ, բայց իմ ընկերը լավ մարդ է, ես նրա հնազանդ ծառան եմ։

Երբ հարուստի տղան վերադառնալով նստեց, դուրս ելավ իշխանի որդին։ Եվ թագավորը, փորձելով հարուստի որդուն, ասաց.

– Դու իմաստուն, բարի մարդ ես երևում։ Երբ դուրս գնացիր, ընկերդ հազար ու մի խայտառակ բան ասաց քո հասցեին։

– Թագավոր,- պատասխանեց հարուստի տղան,- ես նրա անարժան ծառան եմ։

Տեսնելով նրանց ընկերասիրությունը, թագավորը շատ ընծաներ տվեց և խաղաղությամբ ճանապարհ դրեց։

– Թագավո՛ր,- հարցրեցին նրան նախարարները,- քեզ մոտ եկած բոլոր հյուրերին մեծարեցիր և երեք օր հետո, կտրելով գլուխները, կախել տվեցիր պարսպից: Պատճառն ի՞նչ է, որ այս երկու հյուրերին նվերներ տվեցիր և առանց գլխատելու փառք ու պատվով ճանապարհ գցեցիր։

– Հայտնի բան է, ով ատում է իր մերձավորին, մարդասպան է,- պատասխանեց թագավորը,- և իրավունք է տրված թագավորներին՝ գլխատել մարդասպաններին։ Օրենքն ասում է, որ օտարական հյուրին երեք օր պետք է մեծարել։ Մեզ հյուր եկածներին ես պատվեցի, բայց երբ քննելով՝ նրանց մեջ միմյանց նկատմամբ ատելություն նկատեցի, կտրել տվեցի նրանց գլուխները։ Այս երկու հյուրերը միմյանց մասին լավ խոսեցին, ուստի և նվերներով ու փառքով ճանապարհ դրեցի։

***

Մի թագավոր, վեճ ունենալով սահմանակից երկրի թագավորի հետ, որոշեց մի համարձակ ու հմուտ դեսպան ուղարկել նրա մոտ, որպեսզի իր կողմից հանդիմանություն ու սպառնալիք կարդա նրան։ Ընտրությունը կանգ առավ մի իմաստուն մարդու վրա, որն իր ուսուցիչն էր եղել ու հավատարիմ մարդը։ Թագավորը հայտնեց նրան իր դիտավորությունը և այն բոլոր հոխորտանքները, որ պիտի հաղորդվեր։

Ուսուցիչը, որ շատ լավ գիտեր հակառակորդ թագավորի ցասկոտ բնավորությունը և անզուսպ վարքը, հրաժարվեց։

– Խնդրում եմ, արքա՛, ազատիր ինձ այդ դեսպանությունից, հակառակ դեպքում նա գլուխս կտրել կտա։

– Բոլորովին մի՛ վախեցիր,- քաջալերելով նրան՝ ասաց թագավորը,- եթե նա քո գլուխը կտրի, ես խոստանում եմ, այստեղ իմ տերության մեջ գտնել նրա բոլոր հպատակներին և գլխատել:

– Ճիշտն ասած, արքա՛, հավատում եմ, որ կարող ես անել այն, ինչ ասում ես,- պատասխանում է ուսուցիչը,- Բայց աղաչում եմ հավատալ, որ նրա հպատակների այդքան կտրած գլուխների մեջ չես կարող գտնել մի այնպիսի գլուխ, որ այնքան հարմար լինի իմ անձին, ինչպես իմ գլուխը։

***

Թագավորն ու թագուհին, որ երկար ժամանակ զավակ չէին ունենում, Աստծուն ու սրբերին բազում խոստումներ անելով, ունեցան մի արու մանուկ։ Բայց երեխան ո՛չ աչքեր ուներ, ո՛չ լեզու և ո՛չ ոտքեր։ Հավաքվեցին բազմաթիվ մարդիկ, եպիսկոպոսներ, քահանաներ։ Թագավորն ու թագուհին ասացին.

– Մի խրատ տվեք մեզ, ի՞նչ անենք։

– Եթե թագավորն ինձ լսի,- ասաց մի ճգնավոր,- ես մի խրատ կտամ, և երեխան կառողջանա։

Կանչեցին առաջ։

– Եթե թագավորը, թագուհին մեծ իշխանը, յուրաքանչյուրը մի-մի ճշմարիտ խոսք ասի,- խոսեց ճգնավորը,- տղան կլավանա։

– Թեև տասներկու թագավորների վրա իշխանություն ունեմ,- ասաց արքան,- Բայց երբ մարդ է գալիս ինձ մոտ, դարձյալ ձեռքին եմ նայում, թե ինչ նվեր է բերում։

Երբ թագավորն այս ասաց, երեխայի աչքերը բացվեցին։

– Ես մի աղքատ մարդու աղջիկ էի,- խոսեց թագուհին,- դարձա թագուհի ու հասա այս իշխանությանը։ Բայց երբ մի սիրուն երիտասարդ եմ տեսնում, մտածում եմ՝ ճար լիներ, թագավորիս թունավորեի, հետն ամուսնանայի:

Տղան անմիջապես սկսեց խոսել։

– Թագավորության երկրորդ դեմքն եմ,- ասաց մեծ իշխանը։- Ես աղքատ մարդ էի, և գրագիտությանս պատճառով թագավորը տվեց ինձ այս իշխանությունը։ Բայց երբ նա մի փոքր բարկանում է վրաս, մտածում եմ՝ ճար լիներ, թագավորիս սպանեի, նրա կինն ու թագավորությունը առնեի ինձ։

Երբ իշխանն ավարտեց խոսքը, տղան վազեց և գնդակ ու մահակ ուզեց, որ խաղա։

Ժողովրդական

Հավանեցի՞ր. տարածիր