Թեյը

Թեյը շատերի սիրելի ըմպելիքն է։ Գոյություն ունի իրական թեյի միայն մի քանի տեսակ, սակայն այսօր ըմպելիքին հաղորդում են ամենատարբեր այլ հատկանիշներ՝ գույների, համերի ու բույրերի բազմազանություն։

Հայկական հանրագիտարանից տեղեկանում ենք, որ այս բույսը մշտադալար է։ Վայրի վիճակում աճում է Հարավարևելյան Ասիայում, իսկ մշակվում է արևադարձային և խոնավ մերձարևադարձային շրջաններում, ասել է թե՝ ջերմասեր ու խոնավասեր բույս է:

Թեյի ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն: Փոշոտումը կատարվում է խաչաձև: Բազմանում է սերմերով, կտրոններով և բողբոջներով:

Հայտնի են թեյի չինական և հնդկական տեսակները: Չինական թեյը՝ իր բուն չինական և ճապոնական տարատեսակներով, մինչև 3 մետր բարձրության թուփ է, իսկ հնդկականը (նաև Շրի Լանկայում աճող տարատեսակը)՝ 10–15 մետր բարձրության ծառ: Սկզբում թեյի յուրաքանչյուր տերև թառամեցնում են, ոլորում, չորացնում, ապա տեսակավորում։

Թեյը լինում է սև ու կանաչ, սորուն և ձողաձև, աղյուսաձև ու սալիկաձև մամլած: Պարունակում է կոֆեին, տանին, եթերայուղեր և վիտամիններ: Կոֆեինն առաջացնում է առույգության զգացում, տանինը ըմպելիքին տալիս է տտիպ համ, եթերայուղերը՝ հաճելի բույր:

Թեյի մշակման հնագույն կենտրոնը Չինաստանն է, որտեղ այն հայտնվել է դեռևս Ք․ ա․ 2700-ական թվականներին։ Միայն 9-րդ դարում են այնս սկսել մշակել նաև Ճապոնիայում, իսկ հետո՝ Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Շրի Լանկայում: Այսօր թեյը մշակվում է նաև Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։ Քչերը գիտեն, որ թեյ մշակվում է մեզ հարևան Վրաստանում նույնպես։  

Հայաստանում թեյն օգտագործվում է 17-րդ դարից:

Հավանեցի՞ր. տարածիր