Բնության մեջ հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ, սակայն առավել տարածված են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները:
Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու ամուր կտուցով այդ թռչուններն ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում:
Ամենամեծ տեսակը հարավամերիկյան արա թութակն է, որ կարող է ունենալ մինչև 1 մետր երկարություն:
Թութակները գերազանց են մագլցում, քանի որ նրանց ճանկերը աքցանների են նման: Լավ են զարգացած նաև թութակների մեծ մասի թևերը, և նրանք արագ են թռչում: Թեպետ կան նաև չթռչող տեսակներ, օրինակ՝ Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը, որ բնադրում է ոչ թե փչակում կամ ժայռաճեղքերում, ինչպես մյուս տեսակները, այլ գետնին՝ ծառաբնի մոտ։
Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, իսկ երբեմն էլ միջատներով: Խոշոր թութակները կարող են կոտրել ամուր ընկույզն անգամ: Ի դեպ, կտուցը նույնպես նրանց օգնում է ծառեր մագլցելիս:
Վայրի բնության մեջ թութակներն ապրում են երամներով: Թխսելիս կարող են դնել մինչև 12 (առավել հաճախ՝ 2-5) ձու: Թխսում է և՛ էգը, և՛ արուն: Ձագերը ձվից դուրս են գալիս առանց փետուրի և կույր:
Թութակները հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում են։ Բառեր և նախադասություններ արտաբերում են ժակոն, կակադուն, ամազոնների մի քանի ենթատեսակներ։
Աղբյուրը՝ «Հայկական հանրագիտարան»