Գայանե Մելքոնյան
Վահան Տերյանի անվան համար 60 դպրոց
7-րդ դասարան
Երկար սպասված, դժվարությանբ որոշված թռիչք․․․
Միտքս, հոգիս ու սիրտս տրոհող թռիչք․․․
Երկար մտորելուց, վերլուծելուց հետո կայացրի կյանքիս ամենադժվարին որոշումը։Ես էլ շատերի նման կապել եմ ճամպրուկներս ու մեկնում եմ։ Գնում եմ՝ ինձ հետ տանելով հայրենի երկրիս ամեն թուփուծառի, ամեն անկյունի, սարի ու քարի պատկերը։ Ամեն մանրուք մասունք է դարձել ինձ համար։
Շուտով կազդարարվի հերթական թռիչքի ժամը։ Օդանավակայանում են ինձ հարազատ մարդիկ։ Նրանք էլ ինձ նման փախցնում են իրենց հայացքները, որ ոչ ոք չտեսնի դեմքից գլորվող արցունքի կաթիլը։ Դժվար ու ծանր պահ է։։ Ուզում ես հրաշագործ դառնալ, կանգնեցնել ժամանակն ու անվերջ վայելել նրանց ներկայությունը։ Ուզում ես անվերջ շնչել հայրենի սարերից եկող օդը, որովհետև հաշված րոպեների անց կզրկվես այդ հնարավորությունից։
Ձեռքիս կապել եմ տատիկիս նվիրած ժամացույցը, որը նրան էլ իր տատիկից է հիշատակ մնացել․․․ Արևմտյան Հայաստանի ոսկերիչների ձեռքի գործն է՝ հնաոճ ու թանկագին ժամացույցը։ Այն մեխանիկական է։ Ինքս ինձ խոստացել եմ, որ կլարեմ ինքնաթիռում՝ թռիչքի պահին։ Այն ազդարարելու է թռիչքի ու իմ նոր կյանքի սկիզբը։ ժամացույցը իմ ճշտապահության, նպատակներս իրականացնելու անվերջ պայքարի լուռ վկան կլինի։
Փաստաթղթերով ու իրերով լեցուն պայուսակս ձեռքիս է․․․Կարևոր ու թանկ իրերիս մեջ եմ դրել «Նարեկը», որը պապիկս է նվիրել։ Այն Արևմտյան Հայաստանի Կարնո՝ Երկան Մասուրի վանահոր նվերն է եղել մեծ պապիս։
Պայուսակս հայկական տարազի մոտիվներով է կարված։ Հայկական թռչնագրերը կենտրոնում են պատկերված, ինչը նույնպես խորհրդանշական է ինձ համար։ Հետագայում իմ մայրենին մեծ ճանաչում պետք է ստանա։ Ես խոստացել եմ ինքս ինձ անարատ պահել մեր լեզուն ։
Եկավ այդ վճռական պահը։ Մեկ անգամ ևս հրաժետ տալով հարազատներիս ՝ հանձնեցի փաստաթղթերս օդանավակայանի աշխատակցին։ Նա, ջերմորեն ժպտալով, բարի թռիչք ու փափուկ վայրէջք մաղթեց։
Որքան հայեր կային ինքնաթիռում, որոնք անվերադարձ հեռանում էին հայրենիքից։ Նրանք լքում էին մեր երկիրը՝ համոզված լինելով, որ ճիշտ որոշում են կայացրել։ Հեռանկար չեն տեսնում հայրենիքում ապրելու մեջ, իրենց բախտը օտար հողում էին փնտրելու։ Այս թռիչքը վճռորոշ է թե՛ իրենց և թե՛ իրենց երեխաների համար։
Այսպես մարդկային ճակատագրեր են փոխվում։
Ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի։ Իմ մեջ ամեն ինչ իրար է խառնվել։ Սիրտս ավելի արագ է տրոփում, հետզհետե ավելի շատ եմ լարվում։ Բաժանումը ծանր է ու ճնշող․․․
Մտքերս ու հույզերս ի մի բերելով ՝ լարեցի ժամացույցս, ինչպես և որոշել էի։
Խաղաղվելով՝ ինքս ինձ հրավիրեցի «նոր իրականություն», որտեղ թախիծը, վախը, կասկածը տեղ չունեն։ Ես հասկանում եմ, որ մտքով ու բանականորեն պետք է ղեկավարեմ հույզերս, որպեսզի չհեռանամ կարևոր ու գլխավոր նպատակներից։ Ժամացույցի աշխատանքին զուգահեռ աշխատում է միտքս՝ ինձ տանելով մե՛րթ դեպի ապագա, մե՛րթ դեպի անցյալ։
Վայրէջք․․․
Հիմա արդեն հեռու եմ ամենքից, մոտիկ՝ ինձ ու որոշումներիս։ Ինքնաթիռն ինձ հասցրեց հեռու մի երկիր, ուր պետք է ժամանակակից չափանիշներով բարձրակարգ կրթություն ստանամ։
Դարձել եմ համաշխարհային ճանաչում ունեցող համալսարանի ուսանողուհի։ Ի դեպ, ամենահարգված դասախոսների մեջ շատ են ազգությամբ հայերը։ Նրանք էլ ինձ պես եկել են իրենց երազանքի հետևից․ թողել են ամեն ինչ, ամենքին ու հասել այստեղ։ Հեշտ չի եղել նրանց կյանքի ուղին, ոչինչ հեշտությամբ ձեռք չեն բերել։ Կարելի է անվերջ սովորել նրանցից, դասեր քաղել ու կատարելագործվել նրանց օրինակով։ Ինչպիսի՜ կամքի ու սրտի տեր են այս մեծ հայերը։
Պետք է օրնիբուն աշխատել, սովորել ու զարգանալ։ Դրա համար ես ջանք ու եռանդ չեմ խնայում, օգտվում եմ գրադարաններից, զբաղվում ինքնակրթությամբ։ Ամեն մի նոր գիտելիք պահում եմ մտքումս՝ հետագայում այն կիրառելու նպատակով։ Լինում են այնպիսի պահեր, երբ կարծես սպառված լինեմ։ Այդ վիճակը միանգամից անհետանում է նպատակներիս մասին հիշելուն պես։
Պայքարելուն օգնում են ընկերները։ Մենք հայ ուսանողներով փոքրիկ խմբակ ենք բացել։ Հաճախ հանդիպում ենք, քննարկում հայրենիքից եկած նորությունները, նշում մեր ազգային տոներն ու համտեսում հայկական ուտեստներ։ Դրանք մեր լուսավոր ու ամենասպասված օրերն են օտար հողում։ Այսպես ավելի ենք կապվում իրար հետ, դառնում հարազատ և ուժեղանում։ Մտքով թռչում ենք հայրենիք, ճախրում ապագայով, գնում անցյալ ու կրկին վերադառնում ներկա։ Շատ անելիքներ են սպասվում մեզ։ Հայրենիքը մեր բոլորի կարիքն ունի։ Մենք հիմա ավելի շատ ենք պետք նրան, ինչպես զավակը՝ իր ծեր, հիվանդ ծնողին։ Մեր բոլորի նպատակն է օր առաջ հասնել հայրենիք և սեփական լուման ունենալ նրա ծաղկման գործում։ Հայրենիքին, ծնողին ու ազգությանը, ինչ էլ որ անես, քիչ է․ էլի պարտք ես մնում։ Այս սրբությունները խոսքեր չեն սիրում։ Պետք է գործով ցույց տալ ու ապացուցել սերդ, նվիրվածությունդ ու արժանի լինելդ․․․
Կրկի՛ն թռիչք․․․ կրկի՛ն վայրէջք․․․
Մեկնում եմ այլ երկրներ՝ վերապատրաստումների։ Արդեն ձեռք եմ բերել իմ սիրած մասնագիտությունը՝ վիրաբուժություն․․․
Նաև հրավերներ եմ ստացել առաջատար համալսարաններից՝ դասախոսություններ կարդալու, ուսանողների հետ հանդիպելու և իմ փորձը նրանց փոխանցելու համար։ Հիմա էլ շարունակում եմ լրացնել գիտելիքներիս պաշարը։ Դեռ շատ բան ունեմ սովորելու, բացահայտելու։ Երբեք չեմ դադարի նորը վերցնելուց՝ նորանոր հաջողություններ ունենալու համար։
Ես հաճախ եմ իմ մտքերով ու նպատակներով կիսվում ընտանիքիս անդամների, հարազատներիս հետ։ Նրանք մեծ հույսով ու հավատով են սպասում իմ ամեն մի ձեռք բերմանն ու հաղթանակին։ Շուտով ինձ կմիանա նաև եղբայրս, ով որոշել է հետևել իմ օրինակին ու բժիշկ դառնալ։ Ես կօգնեմ նրան, կխրախուսեմ ու կոգեշնչեմ։ Եղբորս ներկայությունն ինձ ավելի ուժ կտա։ Իմ օրինակին հետևելով՝ նա շատ բնագավառներում է իրեն փորձել՝ արվեստի, երաժշտության, ընթերցանության։ Բժշկությունը կլինի հերթականը։ Փոքր լինելը չի խանգարում, որ եղբայրս էլ ինձ խորհոհուրդներ տա, ուղղումներ անի։ Ես երբեք չեմ մեծամտացել ու չեմ անտեսել նրա խորհուրդները։ Եղբայրս կլինի իմ ամուր հենարանը, որի վրա կարող եմ հույս դնել։ Մեր անփոխարինելի խորհրդատուի՝ հայրիկիս խորհրդով մենք միասին կաշխատենք, կլինենք անբաժան ընկերներ ու լավ գործընկերներ։ Իսկ մայրիկիս օրհնանքն ու բարի խոսքերը երբեք չենք անտեսի։
Մինչ մենք կմասնագիտանանք, հայրս էլ անում է ամեն բան, որ մեր համատեղ ծրագիրն իրականանա։ Նա էլ ձեռքերը ծալած չի նստել․ այս ընթացքում մի քանի լեզու է ուսումնասիրել, խորացրել իր մասնագիտական գիտելիքները։ Նա բժշկական սարքավորումների ինժեներ է և մեր իղձն առանց նրա նման հմուտ մասնագետի չենք իրականացնի։ Հայրիկից շատ բան ենք սովորել ու դեռ պիտի սովորենք։ Նա մեզ իր օրինակով է դարձրել աշխատասեր, նպատակասլաց, ուժեղ կամքի և բնավորության տեր։ Հենց իր խորհուրդն ու կամքն է, որ ինչ էլ դառնանք, նախ և առաջ հայ մնանք, հայրենասեր լինենք ու մեր գիտելիքները ծառայեցնենք լավ ու բարի գործերին։
Մի կարևոր բան եմ ինձ դարձրել սովորություն։ Տիրապետում եմ մի քանի լեզուների, բայց իմ դասախոսությունների բացման խոսքն ասում եմ հայերենով։ Ուզում եմ, որ բոլորը լսեն իմ անարատ մայրենի լեզուն, ուզում եմ, որ վայելեն հայերենը լսելու հաճույքը։ Թող գոնե պատկերացնեն, թե ինչ մեծ շնորհ է հայ լինելը։ Այսպես ես նաև արագ հայտնաբերում եմ իմ հայրենակիցներին, որոնց հայացքները տարբերվող ու երազկոտ են դառնում հայերեն խոսք լսելիս։
Հայրենիքից մեկնելուց հետո ինձ հանդիպած բոլոր հայերի անունները զետեղել եմ հատուկ նոթատետրում։ Այնտեղ կան նրանց տվյալները՝ հասցեներ, մասնագիտություններ։ Այս նոթատետրն ինձ վերջում շատ է պետք գալու։
Մենք մեր մեծ «սպիտակ ջոկատով» առաքելություն ունենք կատարելու։
Վայրէ՜ջք․․․
Վերադառնում եմ հայրենիք՝այդքան սպասված երազանքս իրագործած։ Ինձ հետ են եղբայրս ու հայրս։ Դիմավորողների մեջ հեռվում կանգնած է մայրս, որ անհամբեր սպասել է այսօրվան։ Մենք վերջապես վերադարձանք և այլևս չենք բաժանվի իրարից։ Կմնանք անբաժան, կզբաղվենք մեր սիրած աշխատանքով։
Պատրաստ է այն բուժհաստատությունը, որտեղ պետք է աշխատենք մենք՝ մեր մեծ թիմով։ Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած այս կենտրոնում աշխատելու ու գիտական գործունեությամբ են զբաղվելու հռչակավոր հայ բժիշկներ՝ առաջատար մասնագետներ։ Այլևս երկրից դուրս գալու կարիք չի լինի։ Հնարավոր բոլոր միջոցներն ապահովված են, որպեսզի ուսանողները անվճար հիմունքներով սովորեն ու դասեր առնեն անվանի գիտնականներից։
Ամեն բան արվել է, որպեսզի ոչ մի շնորհալի աշակերտ չմնա առանց ուսման՝ վճարել չկարողանալու պատճառով։ Ոչ մի հայ ուսանող խնդիր չի ունենա՝ վերապատրաստումների մասնակցելու հարցում։ Հայրենիքին ծառայություն մատուցած ու իրենց կյանքը չխնայած զինվորները սպասարկվելու են առաջնահերթ։ Արցախյան երկրորդ և դրանից տասը տարի անց տեղի ունեցած Հայոց հայրենական պատերազմների մասնակցած ազատամարտիկները, զինվորները, այս կենտրոնում կբուժվեն անվճար։ Չէ՞ որ իրենց շնորհիվ է, որ մենք պատերազմել ու կրկին հետ ենք բերել ոչ միայն Արցախը, այլև ողջ պատմական Հայաստանը։ Ի դեպ, ինքնաթիռը վայրեջք է կատարում ոչ թե Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, այլ՝ Վան քաղաքի «Ուրարտու» օդանավակայանում։ Վանում է գտնվում համահայկական ուսումնական այս հաստատությունը , որը համաշխարհային ճանաչում ունի և կոչվում է «ՆԱՐԵԿ» գիտահետազոտական բժշկական կենտրոն։ Այն մրցակից է Օքսֆորդին, Քեմբրիջին։
Երազանքս կատարված է։ Հիմա կարող եմ ինձ երջանիկ մարդ համարել։
Ձեռքիս կրկին իմ նվիրական ժամացույցն է, որը չի կանգնել մեկնելուցս ի վեր։ Աշխատասեղանիս դրված է Նարեկացու «Մատյանը», որը յուրաքանչյուր ուսանող սերտում է նարեկագիտության դասին։ Դասերն էլ անցկացվում են հայերենով, որովհերև ուսումնական կենտրոնում ուսանելու համար պարտադիր է տիրապետել միջազգային լեզու համարվող հայոց լեզվին։
Բարի գալուստ նոր իրականություն․․․