Աշխարհում զարմանալի շատ կենդանիներ կան, որոնց մասին մենք դեռ շատ քիչ բան գիտենք:
Երբևէ լսե՞լ ես թռչող ձկների մասին: Այո՛, այո՛, կան այնպիսի ձկներ, որոնք իսկապես թռչում են:
Թռչող ձկների լողաթևերն այնքան մեծ են ու զարգացած, որ դրանց օգնությամբ նրանք կարողանում են դուրս թռչել ջրից ու մի քանի վայրկյան սավառնել օդում: Այդպես նրանք կարողանում են փախչել-փրկվել գիշատիչներից: Նրանք ապրում են տաք ջրերում, որտեղ ջերմաստիճանը հասնում է 20 աստիճանի` Խաղաղ, Հնդկական, Ատլանտյան օվկիանոսներում, Միջերկրական և Կարմիր ծովերում…
Թռչող ձկների տարբեր տեսակներ կան: Լինում են մինչև 50 սմ երկարությամբ ձկներ, լինում են և ավելի փոքր: Կան մուգ կապույտ մեջքով, արծաթագույն փորիկով ձկներ: Նրանց զարմանալի թևիկները տարբեր են լինում` թափանցիկ, կապույտ, կանաչ, շագանակագույն, պուտերով ու գծերով… Լինում են երկթև ձկներ, լինում են նաև քառաթև, որոնք ավելի լավ են թռչում: Նրանք դուրս են ցատկում ջրից ու մինչև 30 վայրկյան սավառնում ջրի մակերեսին` թռչել-անցնելով 200 և նույնիսկ 400 մետր տարածություն: Ճախրելու ժամանակ այս ձկներն իրենց պոչով ռիթմիկ հարվածում են ջրի մակերեսին ու այդպես ավելացնում թռիչքի արագությունը:
Այս ձկները սիրում են լույսն ու միշտ լողում դեպի լույսը: Իսկ խորամանկ ձկնորսներն օգտվում են դրանից: Նրանք գիշերը դուրս են գալիս ձկնորսության, ձկներին լապտերով գրավում են դեպի իրենց նավակները և հեշտությամբ որսում: Թռչող ձկները համեղ միս ունեն և նրբահամ ձկնկիթ:
Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Հնդկաստանի բնակիչները սիրում են թռչող ձկներից պատրաստված կերակուրներ: Իսկ ճապոնացիները, եթե թողնես, ամբողջ օրը թռչող ձկնկիթ կուտեն: