Ժողովրդական առակներ

ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

Գայլը մոտեցավ դրախտի դռանը, թե.

– Ներս գամ։ Գիտեմ, որ աստված արդար դատաստան կանի, եթե մեղք գործել եմ, բարություն էլ եմ արել։

Հարցնում են.

– Ի՞նչ բարի գործ ես արել:

– Մի զառամյալ գուսան եմ կերել և մի գզիր:

ԷՇԸ ԵՎ ԱՐՈՐ ԹՌՉՈԻՆԸ

Թագավորը հարցնում է իմաստասերին.

– Եթե մեկին վերուստ մի բան տրված չէ, և նա ձգտում է հասնել, կկարողանա՞, թե՝ ոչ:

– Կկորչի՛, ինչպես էշն արորից,- պատասխանում է իմաստասերը։

– Ինչպե՞ս կորավ էշը։

– Լինում է մի սուտասան և քաղցրախոս արոր։ Էշը, լսելով նրա ձայնը, մոտենում է նրան ու հարցնում.

– Ինչի՞ց է քո ձայնը այդքան քաղցրալուր, ասա ինձ գաղտնիքը, որպեսզի ես ևս լավ ձայն ունենամ։ Չափազանց տհաճ և դժվարալուր է բոլորի ականջների համար իմ ձայնը։

– Ես երկնքի ցողն եմ ըմպում,- պատասխանում է արորը,- եթե անձրև չի գալիս, ջուր չեմ խմում։

Գնում, է էշը մի անջրդի տեղ և մի քանի օր աչքերը չռած երկնքին, բերանը բաց արած՝ սպասում է ու սատկում ծարավից։

Այսպես, ուրեմն, ով ձգտում է ստանալ այն, ինչ չի տրված իրեն, չարաչար կերպով կկորչի ինչպես ավանակը։

ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ

Աղվեսը մտավ սագերի բույնը: Իսկ սրանց բնությունն այնպիսին է, որ սվսվոց են արձակում, ասելով.

– Սո՜ւո՜ւս։

– Եթե դուք սուս եք,- ասում է աղվեսը,- ես առավել ևեթ սուս եմ ու սուս։

ԲԱԶԵՆ ԵՎ ԸՆՏԱՆԻ ՀԱՎԸ

Պարսավում էր բազեն հավին ու ասում նրան.

– Ինչո՞ւ այդպես անշնորհակալ ես քո տիրոջ նկատմամբ, ինչո՞ւ ես զգուշանում նրանից։ Չե՞ս տեսնում ինձ, վայրենի լինելով հանդերձ, հենց որ տերս սուլում և կամ ձեռքի շարժումով կանչում է, անմիջապես մոտենում եմ նրան։ Իսկ դու թեև ազգուտակով ծնվել ու սնվել ես նրա տան մեջ, բայց խուսափում ես նրանից։

– Շամփուրն եմ հիշում, որովհետև մեզանից շատերին խորովեցին, իսկ բազեներից և ոչ մեկին։ Որքան որ ես հավ եմ տեսել շամփուրի վրա, ո՛վ թռչունների արքա, եթե դու գեթ մի բազե տեսնեիր, կարծում եմ, որ անդարձ կհեռանայիր մարդուց, և եթե հազար անգամ համոզեին ու բազում պարգևներ խոստանային, դարձյալ չէիր համաձայնի ենթարկվել նրա կանչին:

ՇԻՆԱԿԱՆԻ ՈՐԴԻՆ՝ ԹԱԳԱՎՈՐ

Մի երկրի թագավորը վախճանվել էր։ Եվ երբ իշխաններն ու նախարարները իրենցից մեկին թագավոր ընտրելու համար միաբանության չէին գալիս, մի շինականի որդու դարձրեցին թագավոր։

Իսկ նրա հայրը, գալով պալատ և տեսննլով իր որդուն թագավորական հանդերձների մեջ, հարցնում է նրան.

– Որդյա՛կ, ճանաչո՞ւմ ես ինձ։

– Ինչպե՞ս կարող եմ ճանաչել,- պատասխանում է որդին,- երբ ինձ չեմ ճանաչում։

Հավանեցի՞ր. տարածիր