Դավիթ Աթասունց
Գորիսի Ակսել Բակունցի անվան համար 1 դպրոց
5-րդ դասարան
Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է:
Ջորջ Սանտայանա
Ընտանիքի մասին առաջին անգամ ես ու մայրիկս մեծավարի խոսեցինք, երբ երկրորդ դասարանում էի: Ռուսաց լեզվի մի հին պատկերազարդ դասագիրք կար մեր տանը՝ մի շատ հետաքրքիր նկարով. պապիկը հեռուստացույց է դիտում, տատիկը հեքիաթ է կարդում փոքրիկ աղջկա համար, հայրիկը սովորեցնում է տղայի դասերը, մայրիկը թերթ է կարդում, փոքրիկ աղջնակը խաղում է տիկնիկով… ժամերով նայում էի այդ նկարին, դիտում էի ու ցանկանում ինքս էլ տեղափոխվել նրա մեջ, լինել նկարի հերոսներից մեկը, որովհետև այդ պատկերում այնքա՜ն հանգստություն կար:
Մի օր ուսուցչուհին հանձնարարել էր մի նկար վերցնել և պատմել նրա մասին: Ես վերցրի այդ գիրքը և խնդրեցի մայրիկին օգնել ինձ մեկնաբանել հենց այդ նկարը: Մայրիկս մի պահ նայեց պատկերին, հոգոց հանեց և հարցրեց, թե ինչ եմ տեսնում այնտեղ: Ես սկսեցի առանձին-առանձին ներկայացնել, բայց մայրիկս բարկացած ընդհատեց ինձ և ասաց, որ այդ նկարում պատկերված է գեղեցիկ, համերաշխ ընտանիք, որտեղ բոլորն ունեն իրենց պարտականությունները, որտեղ բոլորն օգնում են իրար: Ես հարցրի՝ ինչպես մե՞րը: Մայրիկս մի պահ կանգ առավ, աչքերը արցունքոտվեցին, ու կարծես արցունքները կուլ տալով՝ ցածրաձայն ասաց՝ ինչպես մերը… Դաս սովորելու տրամադրությունս մի տեսակ կորավ, վեր կացա, մայրիկն էլ իր սովորության համաձայն չպնդեց, որ շարունակենք սովորելը: Ես հասկացա, որ մայրիկի համար դժվար մի նկար եմ ընտրել ու մեկ այլ, չեմ էլ հիշում՝ ինչ նկարի շուրջ դասս պատրաստեցի:
Այդ օրվանից այդ նկարին սկսեցի ուրիշ աչքերով նայել: Անընդհատ համեմատում էի մեր ընտանիքը և նկարում պատկերված ընտանիքը: Մեր ընտանիքում մայրիկս մենակ է. մենակ է սովորեցնում մեր դասերը, մենակ է մաքրում տները, մենակ է կատարում գնումները, մենակ է զբաղվում մեր դաստիարակությամբ, ծնողական ժողովներին և, առհասարակ, դպրոց միայն ինքն է գալիս. ես չեմ հիշում, որ երբևէ հայրիկս դպրոց եկած լինի… Որովհետև հայրիկս աշխատում է, բայց, գիտե՞ք, մայրիկս էլ է աշխատում, բայց աշխատանքից հետո է այդ ամենը կատարում: Ամբողջ օրը մայրիկս վազվզում է և մեր հարցերին ջղայնացած է պատասխանում, ինձ դա դուր չի գալիս, ի՞նչ է, հանգիստ չի՞ կարելի պատասխանել, նեղանում եմ մայրիկից, մայրիկս զգում է, մոտենում, գրկում գլուխս ու ներողություն խնդրում, ասում, որ ինքն էլ չէր ուզում այդպես պատասխանել, բայց այնքան շատ են գործերը, որ ժամանակ չունի այդ հարցին երկար-բարակ պատասխանելու և խնդրում է հայրիկին հարցնել: Հարցնում եմ հայրիկին: Հայրիկն էլ ասում է, որ հոգնած է, մի ուրիշ անգամ կպատասխանի: Ու, գիտե՞ք, առ այսօր ես այդ հարցի պատասխանը չգիտեմ…
Ամեն օր քնելուց առաջ ես պատկերացնում եմ իմ ընտանիքը, որտեղ, ինչպես նկարի ընտանիքում, բոլորն իրար օգնում են, իրար հետ զրուցում, մայրիկն անգամ թերթ կարդալու ժամանակ ունի: Տատիկն ու պապիկը մեզ հետ են ապրում, ոչ թե տոնից տոն են գալիս՝ հյուրի կարգավիճակով: Իմ պատկերացրած ընտանիքում շատ ժպիտ կա, ծիծաղ ու խինդ, իսկ հոգսի մասին ընդհանրապես խոսք չկա: Իմ պատկերացրած ընտանիքում ինչքա՜ն ժամանակ ասես կա: Իմ պատկերացրած ընտանիքում տնային աշխատանք կատարել, տանը դաս սովորել չկա, իմ պատկերացրած ընտանիքում բոլորը միասին ֆիլմ են դիտում: Եղբայրները չեն կռվում, հայրիկը չի բղավում մայրիկի վրա, որ ընթրիքը ժամանակին չի տաքացնում, իմ պատկերացրած ընտանիքում փոքր քույրիկը շատ լաց չի լինում:
Ես հասկանում եմ, որ իմ պատկերացրած ընտանիքն ունենալու համար տան յուրաքանչյուր անդամ պետք է ինչ-որ բան կատարի, ոչ թե միայն ցանկանա, երազի ու պատկերացնի:
Արդեն որքան ժամանակ է՝ ես դասերս սկսել եմ ինքնուրույն սովորել ու մայրիկին դիմում եմ ամենախիստ անհրաժեշտության դեպքում: Քույրիկիս հետ խաղում եմ, պահում եմ, մայրիկս այդ ընթացքում տնային գործերն է կատարում, իմ դասագրքերը ես եմ հավաքում ու էլի մի քանի թեթև ու հաճելի գործեր եմ կատարում, և արդեն երեկոները՝ քույրիկի քնելուց հետո, ընտանիքով թեյ ենք խմում: Ի դեպ, ես եմ թեյի սեղանը պատրաստում ու հրավիրում մյուսներին: Մայրիկս գլուխս շոյում է ու ասում. «Տեսնո՞ւմ եք, որ մի քիչ ինձ օգնում եք, որքա՜ն ազատ ժամանակ ենք ունենում՝ միասին ու հաճելի անցկացնելու համար»: Եվ ես հասկանում եմ, թե որքան քիչ բան է հարկավոր ընտանիքում հանգստություն և խաղաղություն ստեղծելու համար:
Ես շնորհակալ եմ այն ռուսերենի հին դասագրքի, հին ու բարի նկարին: