Ինչը կփոխեի, եթե կարողանայի…

Նարե Գրիգորյան

Խաչատուր Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոց

4-րդ դասարան

Եթե կարողանայի, ես կփոխեի մեր քարտեզը։

Որպես նկարչական դպրոցի սան՝ այն նկարելը ինձ համար մեծ բարդություն չէ, բայց ես նկար չեմ ուզում. ես ուզում եմ, որ իմ նկարած Հայաստանի քարտեզը լինի իրական, համապատասխանի իրականությանը։

Ճիշտն ասած՝ մեկ անգամ չէ, որ ես նկարել եմ իմ պատկերացրած Հայաստանի քարտեզը։

Առաջին անգամ նկարեցի, երբ ընտանիքով հանգստանալու էինք գնացել Բաթում։ Ես շատ սիրեցի ծովը ու մայրիկիս անմիջապես հարցրի, թե մենք ինչո՛ւ ծով չունենք։ Նա ինձ պատասխանեց, որ ունեցել ենք, բայց թշնամին մեզանից խլել է այն։    Շատ տխրեցի ու սկսեցի հարցեր տալ, բայց նա չլսեց, որովհետև ալիքների խշշոցը խանգարում էր։

Նույն օրը երեկոյան ես մի քարտեզ նկարեցի, որի մեջ նույնիսկ երկու ծով էի պատկերել ու մեծ-մեծ տառերով գրել՝ Հայաստան։

Ծնողներս ինձ համբուրեցին, հավանեցին նկարածս, բայց և ծիծաղեցին ու ինձ մի բառով որակեցին, որը չեմ հիշում, բայց այն ժամանակ հասկացել էի, որ նման եմ ուրիշի տարածքները կամ ունեցվածքը ապօրինի տիրացողներին։ Երկրորդ անգամ ես մեր հայրենիքի՝ իմ երևակայած քարտեզը նկարեցի այն ժամանակ, երբ ուսուցչուհիս մեզ հանձնարարել էր գրել շարադրություն՝ «Եթե կախարդական փայտիկ ունենայի» թեմայով։ Իմ շարադրությունը շատ հակիրճ էր. տետրումս ազատ մաս էի թողել՝ նկարելու հայրիկիս նվիրած քարտեզը։ Ես այն նկարեցի անցյալ տարի՝ դպրոցի նկարչության ժամին, բայց այդ քարտեզի վրա ավելացրել էի նաև անտառներ, լճեր, գետեր և շատ ծաղիկներ, որոնք ներկել էի իմ ունեցած բոլոր վառ գույներով։ Ուսուցչուհիս ինձ խրախուսեց և նկարս փակցրեց մեր դասարանի պատին։

Ես գիտեմ, որ բոլոր պետություններն էլ ունեն իրենց քարտեզները, որ ամեն ազգ պայքարում է իր տեսակի համար, որ բոլորն էլ ուզում են շատ տարածքներ ունենալ, որ պատերազմների պատճառով նոր սահմաններ են գծվում: Նաև գիտեմ, որ ամենից շատ մենք ենք տարածքներ կորցրել, դրա համար էլ ունենք Արևմտյան և Արևելյան Հայաստան:

Անկեղծ ասած՝ մեկ-մեկ էլ մոտս ուրիշ ցանկություններ են առաջանում:

Հիմա էլ մտածում եմ, թե ինչը կփոխեի, եթե կարողանայի… Եվ միանգամից ուզում եմ ջնջել բոլոր քարտեզները, բացել բոլոր սահմանները, նկարել մի նոր քարտեզ, որը կունենա մեր «Երկիր» մոլորակի ձևը:

Չէ՞ որ հենց այդ սահմանների պատճառով է, որ երկրները պատերազմում են, որ մայրիկները կորցնում են իրենց զավակներին, ավերվում են գեղեցիկ քաղաքներ, և մարդիկ տխրում են: Ի՜նչ լավ կլիներ, եթե կարողանայի իմ նկարչությամբ իրականություն դարձնել շատերի երազանքը։

Ես իմ կարդացած հեքիաթներից էլ գիտեմ, որ եթե մի բան շա՜տ ես ցանկանում, այն անպայման իրականություն է դառնում՝ հակառակ չար կախարդների խոչընդոտներին։

Մտածում եմ՝ իմ ցանկությանը նկարի տեսք տամև այն տեղադրեմ համացանցում, հայտարարեմ տարբեր ազգերի՝ իմ տարիքի երեխաներին, որ միանան իմ ցանկությանը։

Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այն կդառնա մի մեծ շարժում և օրերից մի օր երազանքս կիրականանա։ Ու այդ ժամանակ թող որ աշխարհի բոլոր երեխաները գրեն, «Ես փոխեցի, ես կարողացա» թեմայով մի նոր ու իրական շարադրություն։

Հավատացե՛ք, ես դա կանեմ, կանեմ մի փոքր ավելի ուշ, երբ անգլերենին ավելի լավ տիրապետեմ։

Խոստանում եմ…       

Հավանեցի՞ր. տարածիր