Ինչը կփոխեի, եթե կարողանայի…

Վաչե Էլբակյան

Խաչատուր Աբովյանի անվան համար 84 դպրոց

3-րդ դասարան

Երանի թե կարողանայի…

Միանգամից ամբողջ աշխարհի երեսից կոչնչացնեի բոլոր տեսակի հիվանդությունները: Այդպես առաջին հերթին կփրկեի սիրելի մայրիկիս. նա պայքարում է դաժան հիվանդության՝ քաղցքեղի դեմ: Այլևս չէր լինի ոչ մի հիվանդություն, ու ոչ մի երեխա չէր տխրի՝ տեսնելով իր ծնողին տանջող ցավերը: Մայրիկիս գեղեցիկ դեմքից կչքանար տխությունն ու ցավը, և մենք նորից կվայելեինք կյանքի բոլոր պարգևները: Կխաղայի՜նք, կզրուցեի՜նք, կզբոսնեի՜նք, կճանապարհորդեինք միասին…

Կարթնանայի մայրիկիս ջերմ համբույրից ու կտեսնեի նրա այդքան սպասված ժպիտը: Այդ պահին կժպտար նաև արևը, ծաղիկներն ու ճնճղուկները: Ես կդառնայի աշխարհի ամենաերջանիկ տղան:

Եվ ես հավատում եմ, նույնիսկ վստահ եմ, որ այդպես էլ լինելու է…

Ես շատ նպատակներ ու ցանկություններ ունեմ: Եվ այդ ամենը անելու եմ մայրիկիս երջանիկ տեսնելու համար: Նա ուրախանում է իմ ամեն մի՝ թեկուզ փոքր հաջողության համար: Եվ ես ի՛մ հոգատարությամբ, ի՛մ գիտելիքներով, որը դեռ շատ պետք է ավելացնեմ, և ի՛մ հաջողություններով պիտի ուժ ու հույս տամ իմ մայրիկին…

Պիտի աշխատեմ նաև օգտակար լինել իմ շատ սիրելի հայրենիքին:

Եթե կարողանայի, միանգամից կկարդայի աշխարհի ամենահետաքրքիր գրքերը: Կհասկանայի բնության գաղտնիքները և կդառնայի այնքան իմաստուն ու բանիմաց, որ կփոխեի մարդկանց: Կհանեի նրանց միջից չարությունն ու նախանձը: Կդարձնեի մարդկանց բարի, հոգատար մեկը մյուսի նկատմամբ: Կփակեի պատերազմի տանող բոլոր ճանապարհները:

Երկնքի աստղերը կկողոպտեի՝ վարձատրելու համար այն մարդուն, ով կկարողանար Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաքը» բերել Հայաստան աշխարհ: Ոպեսզի բոլոր մարդիկ լինեին ուրախ ու երջանիկ, չնեղացնեին, չգողանային, ապրեին ազնիվ ու արդար աշխատանքով: Կծաղկեր ու կբարգավաճեր մեր հայրենիքը: Մեր այն հայրենակիցները, որոնք գտնվում են երկրից հեռու և կարոտում ու տանջվում են օտար ափերում, կվերադառնային ու կշենացնեին մայր Հայաստանը: Արցախը կմիացնեի Հայաստանին: Իմ փոքրիկ գլխում չի տեղավորվում այն միտքը, որ հայկական երկու պետությունները առանձին են իրարից, ունեն սահման, տարբեր անուններ ու տարբեր դրոշներ:

Հաջորդը, ինչը կփոխեի, կլիներ ի նպաստ բոլոր երեխաների: Ես, ինչպես և իմ բոլոր ընկերներն ու հասակակիցները, ընթերցանությամբ զբաղվելու փոխարեն, սիրում ու տարվում եմ համակարգչային խաղերով, որը խլում է մեր ժամանակը, էներգիան և ոչինչ չի տալիս: Ես երազում եմ դառնալ լավ ծրագրավորող ու ստեղծել այնպիսի՛ խաղեր, որոնք կլինեն հետաքրքիր, մրցույթային, ինտելեկտուալ և զարգացնող: Խաղալու ժամանակ երեխան կսովորի նոր ու հետաքրքիր փաստեր, կզարգացնի տրամաբանությունն ու ստեղածագործական միտքը:

Մտածելով այս բոլոր հարցերի շուրջ՝ գալիս եմ այն եզրահանգմանը, որ իղձերն ու իրականությունը պայքարում են ինչ-որ մի տեղ: Երանի թե այդ պայքարում հաղթանակի բարի երազանքը, ինչպես բոլոր հեքիաթներում՝ լավն ու բարին…

Հավանեցի՞ր. տարածիր