Ինչն է միավորում մարդկանց

Հոգատարության հարկերը։ Հոգատարությունը կամ խնամքը ամրացնում է մարդկանց կապը․ ամրացնում է ընտանիքը, ընկերությունը, մերձավոր է դարձնում համագյուղացիներին, համաքաղաքացիներին, համերկրացիներին։

Հապա հետևեք մարդու կյանքի ընթացքին։ Երեխան ծնվում է, և ահա առաջին խնամատարը՝ մայրիկը։ Ապա հետզհետե (արդեն մի քանի օրից) միանում է նաև հայրիկը։ (Մինչ նորածնի ծնվելն էլ նրան խնամում էին, բայց դա ինչ-որ իմաստով «վերացական» խնամք էր․ երեխայի ծննդին պատրաստվում էին, սպասում, երազում նրա մասին):

Ուրիշների հանդեպ հոգատարության զգացումը ծնվում է շատ վաղ տարիքում, հատկապես աղջիկների մեջ։ Աղջնակը դեռ չի էլ խոսում, բայց արդեն փորձում է խնամել իր տիկնիկին։ Տղաներն էլ, դեռ բոլորովին փոքրիկ, սիրում են սունկ հավաքել, ձուկ որսալ։ Սունկ կամ հատապտուղ հավաքել սիրում են նաև աղջիկները։ Եվ չէ՞ որ նրանք դա անում են ոչ միայն իրենց համար, այլև ողջ ընտանիքի։ Բերում են տուն, պահածոյացնում որպես ձմռան պաշար։

Աստիճանաբար երեխաներն ավելի մեծ խնամքի են արժանանում, և իրենք էլ սկսում են հոգատարություն դրսևորել, իսկական ու լայն հոգատարություն՝ ոչ միայն իրենց ընտանիքի հանդեպ, այլ նաև դպրոցի (որին նրանց հասցրել է ծնողական հոգատարությունը), իրենց գյուղի, քաղաքի, երկրի․․․

Հոգատարությունն ընդլայնվում դառնում է ավելի ու ավելի տարածուն։ Իրենց հանդեպ ցուցաբերված խնամքի դիմաց զավակներն էլ հետագայում նույնը ցուցաբերում են ծերացած ծնողների նկատմամբ։ Եվ ծերերի, իսկ հետո նրանց հիշատակի հանդեպ այդ ջերմությունը ասես ձուլվում է ողջ գերդաստանի պատմության նկատմամբ սիրուն։

Եթե մարդու հոգատարությունն ուղղված է միայն իր անձին, ապա ձևավորվում է եսասեր մեկը։

Այո՛, հոգատարությունն է միավորում մարդկանց, վառ պահում անցյալի հիշողությունն ու մեր հայացքն ուղղում ապագային։ Այն ոչ թե բուն զգացմունքն է, այլ նրա ուղղակի դրսևորումը, սիրո դրսևորումը, ընկերասիրության, հայրենասիրության։

Մարդը պետք է հոգատար լինի։ Անկարեկից կամ անտարբեր մարդն ամենայն հավանականությամբ բարի չէ և չի սիրում ոչ ոքի։

Բարոյական անձին անպայմանորեն, անքակտելի կերպով հատուկ է կարեկցանքի զգացումը։ Եվ այդ զգացումի մեջ կա սեփական անձի՝ մարդկությանը, աշխարհին, նաև բնությանն ու տիեզերքին միաձույլ լինելու գիտակցումը։

Գթասրտությունը մեզ ստիպում է պայքարել նաև մշակութային հուշարձանների, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության համար, քաղաքակրթության հիշողության պահպանման համար։

Հենց այդ պատճառով են խնամքն ու ապրումակցումը պահանջում անձի ամբողջական «վերածնունդն» ու զարգացումը։

Զարմանալիորեն ճշմարիտ միտք է․ «Մարդու համար փոքրիկ քայլը մեծ քայլ է մարդկության համար»։

Կարելի է բազում այդպիսի օրինակներ նշել։ Բարի լինելը մեկ մարդու համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում, բայց ամբողջ մարդկության համար դա անչափ բարդ է։ Ողջ մարդկությանն ուղղել անկարելի է, բայց ինքդ քեզ կարող ես ուղղել հեշտությամբ։ Կերակրել երեխային, օգնել ծերունուն փողոցն անցնելու, ավտոբուսում տեղը զիջելը ուրիշին, լավ աշխատել, բարեկիրթ և նրբանկատ լինել․ այդ ամենը հեշտ է մեկ մարդու համար, բայց անասելի դժվար՝ բոլորի համար միանգամից։

Ահա թե ինչու պետք է ինքդ քեզնից սկսես։

Բարին չի կարող անմիտ լինել։ Բարի արարքը երբեք անմիտ չի լինում, որովհետև այն անշահախնդիր է․ շահ և օգուտ չի հետապնդում։ Բարությունն անմիտ կարելի է համար միայն այն ժամանակ, երբ ակնհայտորեն չի ծառայել իր նպատակին կամ փարիսեցիություն է եղել։ Կրկնում եմ․ իրապես բարի արարքը չի կարող անմիտ լինել։ Այն չի գնահատվում խելացիության կամ ոչ խելացիության տեսանկյունից։ Դրանով էլ հենց բարին հրաշալի է։

Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»

Հավանեցի՞ր. տարածիր