Ձեզ ենք ներկայացնում բազմազավակ մայր, ծնողների համար նախատեսված տաբեր գրքերի հեղինակ Կարա Կառերոյի մի վերլուծություն, որտեղ նա բացատրում է, թե ինչու է մեծահասակներին անհրաժեշտ ուշադրություն դարձնել լեզվին, որով դիմում են երեխաներին:
«Ո՛չ», «չի՛ կարելի», «վե՛րջ տուր». ծնողները սովորաբար «գործի են դնում» այս արտահայտությունները երեխաներին խրատելու, ինչ-որ բան արգելելու, սահմաններ գծելու համար: Եվ ահա Կառերոյի համոզմամբ՝ դիտողության բոլոր նմանօրինակ ձևերը մի շարք բացասական կողմեր ունեն:
Արգելական ձևակերպումներն այլընտրանքի տեղ չեն թողնում
Արգելող բնույթի ձևակերպումների հիմնական թերությունն այն է, որ նրանք բավականաչափ կոնկրետ չեն և միշտ չէ, որ հնարավորություն են տալիս երեխային հստակ հասկանալու, թե այդ ինչը իրականում չի կարելի անել և ինչն է կարելի անել դրա փոխարեն: Փոքրիկ երեխայի համար կենտրոնացման ուղղությունն ինքնուրույն փոխելն ու այլընտրանք գտնելը շատ դժվար է: Արգելական ձևակերպումները փոքրիկին մատնում են շփոթության, խափանում նրա կարիքների բավարարումը: Կարան առաջարկում է երեխայի ուշադրությունը կենտրոնացնել ցանկալի փոփոխությունների վրա: Օրինակ՝ եթե նա նետում է խաղալիքը, և այն դիպչում է ձեզ, բաղավելու փոխարեն՝ այդպես մի՛ արա, կարելի է արտահայտել ձեր զգացողությունն ու խնդրանքը. «Ա՜խ, ցավեց, խնդրո՛ւմ եմ, զգույշ վարվիր խաղալիքներիդ հետ»: Կամ կարող եք խնդրել այլ տեղում խաղալ:
Արգելական ձևակերպումները բացասաբար են ազդում երեխայի ինքնագնահատականի վրա
Շարունակ արգելքներ լսելը, իր վարքի բացասական գնահատմանը բախվելը և պահանջը «այդպես չանելու», «դադարեցնելու», «վերջ տալու», ծանր է ցանկացած մարդու համար, ուր մնաց՝ երեխայի: Փոքրիկին կարող է թվալ՝ ինչ էլ ինքն անի, սխալ է և անթույլատրելի, իսկ իրենք «վատն» են: Դա ինքնըստինքյան կազդի նրա ինքնավստահության վրա: Իսկ երբ երեխային չի բացատրվում փոխարենն ինչ կերպ վարվել, ապա նա մնում է քարացած անորոշության մեջ: Կտրուկ արգելական բառեր պետք է օգտագործել միայն վտանգի ժամանակ, երբ դա իսկապես անհրաժեշտ է:
Նեգատիվ արտահայտություններն ավելի դժվար է ընկալել
Մյուս պատճառը, որ արգելող ձևակերպումները ավելի պակաս արդյունավետ են, քան առաջարկ ներկայացնելը, հետևյալն է. նախադասությունները, որոնք արգելք են արտահայտում, պահանջում են ուշադրության ավելի մեծ կենտրոնացում: «Օդում» երեխաները կարող են որսալ միայն ձեր պահանջի մի մասը, և հասկանալ ձեզ բոլորովին ոչ այնպես, ինչպես ինքներդ էիք ցանկանում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ առօրյայում մարդիկ հազվադեպ են կենտրոնացած լսում այն ամենը, ինչ իրենց ասում են: Փոխարենը ձեր ուղեղը բնազդաբար «կառուցում» է լսածի իմաստը՝ հաճախ բաց թողնելով խոսքի սկզբնահատվածը: Եթե, օրինակ, երեխան ձեզ դիմում է այն պահին, երբ հեռախոսով եք խոսում, մի՛ ասեք նրան. «Ես չեմ կարող հիմա քեզ հետ խոսել»: Փոխարենը կարելի է պատասախանել այսպես. «Ների՛ր, հիմա հեռախոսով եմ խոսում և քեզ կարող եմ պատասխանել մի փոքր ուշ»: Առաջին պատասխանի դեպքում երեխայի ականջը կորսա «կարողնալ», «այժմ», «խոսել» բառերը, մինչդեռ երկրորդ պարագայում նա կլսի նաև «հեռախոսազրույց» և «մի փոքր ուշ» արտահայտությունները:
Ահա ևս մի քանի օրինակ, թե ինչպես կարելի է վերաձևակերպել միտքը.
«Ձեռք մի՛ տուր» – «Ի՛նձ տուր թաթիկդ»,
«Էլ այդպես չասե՛ս» – «Ուրիշ բառեր ընտրիր»,
«Բավական է թնկթնկալ» – «Ասա բառերով»,
«Ես քեզ չեմ լսում» – «Մի փոքր բարձր խոսիր»,
«Ես դա չեմ գնի քեզ համար» – «Արի փոխարենը մենք…»,
«Դա քոնը չէ. ձեռք չտա՛ս» – «Դա հայրիկինն է. արի ես քեզ այլ բան տամ»,
Սահմանափակումներն ու արգելքները երեխայի դաստիարակության անհրաժեշտ մասն են, բայց կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ասում ծնողը, այլև՝ ինչպես է դա անում: Դրան վարժվելու համար ավելի մեծ ուշադրություն, համբերություն և, ամենակարևորը, փորձ է անհրաժեշտ: