Մոմավառությունը քրիստոնեական բարեպաշտական սովորություն է։ Մարդը՝ որպես մարմնավոր արարած, հաճախ կարիք ունի իր կրոնական զգացմունքները նաև ֆիզիկական ինչ-որ գործողությամբ արտահայտելու։ Եվ ահա այդ արտահայտման ձևերից մեկն էլ եկեղեցում մոմ վառելն է, ինչպես, օրինակ, Սուրբ Գիրքը կամ խաչը համբուրելը, խաչակնքվելը (որը, ի դեպ, համարվում է ամենակարճ աղոթքը)։ Սակայն այստեղ կարևոր է ոչ թե գործողության ձևային կողմը, այլ այն, թե ինչ է զգում մարդը դա կատարելով։
Մոմը լուսավորում է շուրջը, ուստիև մոմավառությունը խորհրդանշում է մեր սրտի լույսն ու ջերմությունն առ Աստված, նաև կարող է լինել մեր ջերմագին խնդրանքի կամ շնորհակալության արտահայտությունը։
Բացի այդ՝ մոմավառությունը նաև համեստ հանգանակության մի տարբերակ է, որովհետև մոմի համար մեր տված գումարով եկեղեցիները, հատկապես փոքր ծխական համայնքներում, հոգում են իրենց զանազան ծախսերը, գուցե նաև բարեգործական ծրագրեր իրականացնում։
Սակայն մոմավառության սովորությունը նախապատմություն ունի։ Քրիստոսից հետո առաջին դարերում, երբ քրիստոնյաները դեռևս հետապնդվում էին և մահվան դատապարտվում, միասին աղոթելու, Սուրբ Պատարագի ծեսը կատարելու, քարոզներ լսելու համար նրանք հաճախ հավաքվում էին քարանձավներում, որտեղ լուսավորություն ապահովելու նպատակով ճրագներ էին վառում։ Եվ ժամանակի ընթացքում պրակտիկ նշանակություն ունեցող այս գործողությունը վերածվեց բարեպաշտական սովորության։
Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ մոմավառությունը Եկեղեցու Խորհուրդներից չէ, որոնք յոթն են՝ մկրտություն, դրոշմ, ապաշխարություն, Հաղորդություն, պսակ, վերջին օծում կամ կարգ հիվանդաց և ձեռնադրություն: Հետևաբար՝ եթե տարվա մեջ մի քանի անգամ եկեղեցի ենք մտնում, առատորեն մոմ վառում և դուրս գալիս՝ շարունակելով մեր աշխարհիկ կյանքը մինչև հաջորդ այդպիսի այցը, ապա հոգևոր տեսանկյունից նման մոմավառությունը ոչ մի արժեք չունի։