Ինչպե՞ս խոսել երեխաների հետ ողբերգական իրադարձությունների մասին

Մենք ապրում ենք անհանգիստ աշխարհում: Տեղեկատվական դաշտն ամեն օր հեղեղվում է նոր լուրերով, որոնց գերակշիռ մասը գույժեր են հարձակումների, դժբախտ պատահարների, տարհանումների, պատերազմների և տարբեր բնական աղետների մասին: Այդ լրատվությունն ամենուր է՝ հեռուստաեթերում, համացանցում, մեր առօրյա զրույցներում: Եվ հաճախ ինքներս էլ չենք նկատում՝ ինչպես են մեր երեխաներն ակամա դառնում նման տեղեկատվության կրողները: Մեր արտահայտած անհանգստությունները, արտասանած բառերը՝ «դժբախտություն», «մահացած», «ռումբ», փոխանցվում են երեխաներին, նրանց մեջ վերածվում տագնապի, պատճառ դառնում գիշերային մղձավանջների:
Նման դեպքերում ավելի լավ է զրուցել երեխաների հետ և չմտածել, թե երկու օրից նրանք կմոռանան ամեն բան: Ահա մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես պետք է վարվել, երբ փոքրիկին անհանգստացնում են աշխարհում կատարվող արհավիրքները:

Որքան կարող եք, հեռո՛ւ պահեք երեխաներին վատ լուրերից

Այս միջոցն արդյունավետ է ավելի փոքր տարիքի երեխաների պարագայում, որոնք դեռ շատ բան չեն հասկանում, բայց հեշտությամբ զգում են էմոցիաները: Հեռուստացույցով մի՛ դիտեք ամեն բան առանց խտրության, մանավանդ լուրերը: Քննարկեք ձեզ հուզող հարցերը ո՛չ երեխայի ներկայությամբ:

Պարզե՛ք, թե ինչ գիտի երեխան

Եթե զգում եք, որ ձեր փոքրիկին ինչ-որ բան է անհանգստացնում կամ տագնապի մատնում, անկեղծ զրույց նախաձեռնեք: Խնդրեք նրան հայտնել ձեզ՝ ինչն է իրեն մտահոգում և, որ ամենակարևորն է, կոնկրետ ինչ է նա լսել: Երեխաները, հատկապես մանկապարտեզում կամ տարրական դպրոցում, կարող են միմյանց սարսափազդու պատմություններ «հաղորդել»՝ իրենց իմացած լուրերի մոտիվներով (հաճախ պարզապես այն պատճառով, որ իրենք էլ շատ բան չեն հասկացել լսածից):
Հնարավոր է՝ երեխայի ստացած տեղեկատվությունն ամբողջությամբ երևակայության ժանրից է: Այդ դեպքում հավատացրե՛ք նրան, որ դա կեղծիք է: Միայն թե խուսափե՛ք այսպիսի արտահայտություններից. «Մի՛ հնարիր», «Մի՛ ստիր», «Հիմարություն դուրս մի՛ տուր»: Ունենալով չհասկցված լինելու զգացողություն՝ փոքրիկն այլևս չի դիմի ձեզ օգնության համար:

Ձևավորե՛ք ապահովության և փոխվստահության միջավայր

Եթե անգամ հարցերը, որ անհանգստացնում են ձեր երեխային, ուշադրության արժանի չեն թվում («Ա՛յ մարդ, ի՜նչ հրդեհ Ավստրալիայում, երբ մենք ապրում են Հայաստանում, իսկ ես հիփոթեք ունեմ մարելու»), այդուհանդերձ պետք չէ դրանք անտեսել: Մի՛ ասեք երեխային, թե նա «իզուր տանջվում է հիմարություններից» կամ «գլուխը լցրել է հեքիաթներով», և «թող փոխարենը դասերը սովորի»:
Խնդրի առկայության ժխտումը ոչ մի այլ բանի չի հանգեցնի՝ բացի նրանից, որ երեխան կդառանա ներամփոփ՝ փորձելով սթրեսն ինքնուրույն հաղթահարել, կամ նույնիսկ իրեն անհանգստացնող հարցի պատասխանը կփնտրի չստուգված և վտանգավոր աղբյուրներում: Եվ ուրեմն՝ որքան էլ «հնարված» և «իրականությունից կտրված» համարեք պատմությունը, միևնույն է, դրան վերաբերող՝ փոքրիկի անհանգստությունը միանգամայն իրական է, և ձեր խնդիրն է վերացնել այն:

Եղեք անկե՛ղծ, խոսեք ուղի՛ղ

Եթե լուրերն իրական են, ասացե՛ք երեխային, որ նրա մտահոգությունները տեղին են, և նման խնդիր իսկապես կա: Բացատրե՛ք, ներկայացրե՛ք փաստեր, պատմական տվյալներ, վիճակագրություն: Օրինակ՝ համեմատեք ամեն օր թռիչք իրականացնող օդանավերի թիվը նրանց հետ, որոնք աղետի են ենթարկվում: Եթե երեխան արդեն բավական մեծ է, զբոսնեք նրա հետ: Մի՛ վախեցեք խոստովանել նաև, որ դուք ինչ-որ բան չգիտեք. ավելի լավ է լրացուցիչ տեղեկություն փնտրել, քան թե ստել կամ շրջանցել հարցը: Միաժամանակ խուսափե՛ք հավելյալ մանրամասներ ներկայացնելուց, այլապես ավելի կխճճեք երեխային: Կարևոր է նաև հաշվի առնել ձեր երեխայի խառնվածքն ու բնավորությունը: Որոշ փոքրիկներ ավելի շատ են տպավորվում, քան մյուսները, ուստի ձեր զրույցը պետք է հանգստացնի նրան, օգնի ճիշտ վերլուծել իմացածը, ոչ թե նոր անհանգստությունների տեղիք տա:

Պատասխանե՛ք հարցերին

Ջանացե՛ք, որ ձեր զրույցը լինի երկխոսություն և ոչ մենախոսություն: Ավելի լավ կլինի՝ երեխան ուղղի իրեն հուզող հարցերը, իսկ դուք հակիրճ և ամփոփ բացատրեք ամեն բան: Վստահեցրե՛ք փոքրիկին, որ միշտ պատրաստ եք պատասխանելու նրա հարցերին, որքան էլ դրանք տարօրինակ կամ վախեցնող լինեն:

Քննարկեք ձեր զգացողությունները

Պարզեք՝ կոնկրետ ի՞նչ է զգում ձեր երեխան՝ տագնա՞պ, անհանգստությո՞ւն, հուսահատությո՞ւն, թե՞ գուցե բարկություն: Օգնե՛ք փոքրիկին ճանաչել և անվանել իր հույզերը: Գոտեպնդե՛ք երեխային և ասեք, որ կիսում եք նրա ապրումները: Ցո՛ւյց տվեք, որ այն, ինչ նա զգում է, միանգամայն բնական է նման իրավիճակում: Ներկայացրեք նաև ձեր ապրումները: Հավատացրե՛ք երեխային, որ նա մենակ չէ:

Գտե՛ք դրական կողմերը

Անհանգստության պատճառը հասկանալուց հետո մի՛ ավարտեք զրույցը: Ձեր խնդիրն է՝ քննարկումը տանել դրական ուղղությամբ, եթե նույնիսկ ոչ մի լավ բան տեղի չի ունեցել: Մանչուկների դեպքում բավական կլինի խոստանալ, որ շուտով ամեն ինչ կհարթվի. «Ոստիկանները կգտնեն հանցագործին», «Հրշեջներն կմարեն կրակը»: Ավելի մեծ երեխաների հետ կարող եք քննարկել կատարվածի պատճառները, նրանց ուշադրությունն ուղղել արդեն նկատվող դրական միտումներին, ասել, որ աշխարհում շատ մարդիկ կան, որոնք անտարբեր չեն խնդիրների նկատմամբ:

Փորձե՛ք լուծել խնդիրը

Քննարկեք, թե անձամբ դուք ինչ կարող եք անել՝ տուժածներին օգնելու կամ նման դժբախտությունները կանխելու համար: Ինչ-որ մեկի տանը հրդե՞հ է բռնկվել. ձեր բնակարանում ազդանշանային համակարգ տեղադրեք: Գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար՝ սկսեք տեսակավորել աղբը: Պայմանավորվեք ձեր գումարից մաս հատկացնել աղետից տուժածներին: Օգնեք երեխային իրեն մասնակից զգալ խնդրի լուծմանը:

Գտե՛ք տագնապի դեմ պայքարի եղանակներ

Երեխային միջոցներ առաջարկեք, որոնցով նա կկարողանա շեղվել: Խաղացեք շնիկի հետ, գնդակ գլորեք, դիտեք բարի մուլտֆիլմեր: Գտեք իրեր, որոնք կպաշտպանեն փոքրիկին վատ մտքերից՝ նվիրական զարդ, սիրելի խաղալիք կամ ընտանեկան լուսանկար՝ մի բան, որը նա կարող է ձեռքն առնել ցանկացած պահի և ջերմ ապրումներ ունենալ:

Գրկախառնվե՛ք

Զրույցները լավ են, բայց երեխաները, հատկապես փոքր տարիքի, պարզապես ապահովություն զգալու կարիք ունեն: Հաճա՛խ գրկախառնվեք, մի՛ մերժեք երեխաներին ֆիզիկական կապը: Եթե նրանք խիստ տագնապում են կամ մղձավանջներ տեսնում, թո՛ւյլ տվեք նրանց քուն մտնել ձեր կողքին, որպեսզի վերադարձնեք պաշտպանվածության և ինքնավստահության զգացողությունը: Հիշե՛ք. դուք երեխայի ջերմության և ապահովության զգացման գլխավոր աղբյուրն եք այս խելագար աշխարհում:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Հավանեցի՞ր. տարածիր