Աշխարհի յուրաքանչյուր լեզու այն կրող ժողովրդի մտածողության արտահայտությունն է։ Այդ արտահայտությունը մենք տեսնում ենք լեզվի իմաստային շերտում՝ բառերի նշանակության նրբերանգներում և ստուգաբանության մեջ, դարձվածքներում, ոճական այլ արտահայտչաձևերում։ Սակայն ձևային շերտում լեզուն նույնպես ունենում է առանձնահատկություններ, որոնք համարվում են նրա հարստությունը։
Հայերենում այդպիսի հարստություն է բառակազմական կաղապարների համակարգը։ Ժամանակակից հայագետներից մեկը՝ Փիտեր Քաուին ԱՄՆ-ից, ասել է․ «Հայերենին տիրապետողն անմիջապես կհասկանա, թե ինչ է քո միտքը, եթե նույնիսկ ինքնաստեղծ բառեր գործածես: Շատ վառ զգացումներ եմ ունենում հայերեն խոսելիս»:
Եվ իրոք, հայոց լեզուն շռայլորեն տալիս է պարզ բառակազմական կաղապարներ, որոնք հնարավորություն են ընձեռում արդեն եղած արմատներով ու բառերով արագորեն նոր բառեր կազմել՝ ինչպես առահասարակ ժամանակի պահանջներին արձագանքելու, այնպես էլ մեր սեփական մտքերը մի պահ յուրովի արտահայտելու համար։ Իսկ այդ նոր բառերն ընկալելի են նույնիսկ առաջին անգամ լսելիս, քանի որ իմաստային հարաբերությունը, որով կապված են նրանց բաղադրիչները, արդեն հայտնի է մեզ։ Ստորև ներկայացված են հայերենի բարդ բառերի հիմնական բառակազմական կաղապարները՝ ըստ բաղադրիչների շարահյուսական հարաբերության։ Դրանց իմացությունն այսօր արդիական պահանջ է հատկապես արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ, ցավոք, ոչ միշտ են գրագետ թարգմանություններ կատարվում։
Եվ այսպես՝ կաղապարները․
- ԵՆԹԱԿԱ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ արևածագ, ովևէ, լուսաբաց, արևամուտ, սրտացավ,
- ՈՐՈՇԻՉ – ՈՐՈՇՅԱԼ․ գանգրահեր, խստադեմ, լայնաթիկունք, հնգանիշ, թանկագին, քաղցրաձայն,
- ՀԱՏԿԱՑՈՒՑԻՉ – ՀԱՏԿԱՑՅԱԼ․ ծառաբուն, լուսնեղջյուր, ակնախոռոչ, գարեհատիկ, գրչատուփ, դրամարկղ,
- ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ ծիծաղաշարժ, հացթուխ, հոգատար, մարդասեր,
- ՀԱՆԳՄԱՆ ԽՆԴԻՐ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ երկնահուպ, հովեկ, չափահաս,
- ԱՆՋԱՏՄԱՆ ԽՆԴԻՐ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ ջրածին, սրտաբուխ, մանրէազերծ,
- ՄԻՋՈՑԻ ԽՆԴԻՐ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ ապակեպատ, ջրածածկ, քարաշեն, ամպասքող, ջրաղաց,
- ՏԵՂԻ ՊԱՐԱԳԱ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ լեռնաբնակ, տեղաբնակ, վերելք,
- ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՐԱԳԱ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ նորեկ, առաջնախոս, վաղահաս, կանխավճար,
- ՊԱՏՃԱՌԻ ՊԱՐԱԳԱ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ վշտամորմոք, հոգնաբեկ,
- ՉԱՓԻ ՊԱՐԱԳԱ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ կիսակառույց, շատակեր, սակավախոս,
- ՁԵՎԻ ՊԱՐԱԳԱ – ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ ծանրաշարժ, դյուրամարս, արդարադատ։
Կարևոր է հիշել հայերենի հիմնական օրինաչափությունը՝ բարդ բառի առաջին բաղադրիչը լրացում է, երկրորդը` լրացյալ։ Թեպետ կան հին կազմություններ (երբեմնի հունական համաբանություններ), որոնցում առաջին բաղադրիչն է լրացյալ, իսկ երկրորդը` լրացում, օրինակ` ՔԱՂԱՔԱՄԱՅՐ (պիտի որ նշանակեր քաղաքների մայր, բայց նշանակում է մայր քաղաք), ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ, ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ և այլն, սակայն դրանք պետք է բացառություն համարել:
Կան համադրական բարդություններ էլ, որոնք առաջացել են համադասության եղանակով, և նրանց բաղադրիչներից մեկը մյուսի լրացումը չէ, օրինակ՝ երկուսուկես, ելումուտ, այլևայլ, այբուբեն և այլն։
Ինչ վերաբերում է ածանցների գործածությանը, հարկ է գիտենալ, որ կա բառակազմական հետևյալ օրինաչափությունը․ երբ մի վերջածանցավոր բառի հիման վրա նույնարմատ նախածանցավոր է կազմվում, վերջածանցը դուրս է գալիս․
- թափանցիկ – անթափանց,
- ժամկետային – անժամկետ,
- կատարյալ –1․ անկատար, 2․ ապակատար,
- դիմավոր – անդեմ,
- հմայիչ – անհմա,
- դողդոջուն – անդողդոջ:
Սակայն որոշ դեպքում, պայմանավորված վերջացանցի՝ տվյալ բառում ունեցած նշանակությամբ, այս օրինաչափությունը չի գործում, օրինակ՝ անիրական, անկարևոր, անտեսանելի, անպատմելի, չխոսկան և այլն։ Իսկ երբեմն էլ վերջացանցով բառը մի նշանակություն է ունենում, առանց վերջածանցի բառը՝ այլ․
- անխոսք` առանց խոսքի – անխոս` առանց խոսելու
- անմուտք` առանց մուտքի (տուն, շինություն) – անմուտ` 1․ անմտնելի, 2․ մայր չմտնող (արեգակը):