Դու հավանաբար նկատել ես, որ կան գրքեր, որտեղ բառերն այնպես չեն գրված, ինչպես քեզ ուսուցանել են դպրոցում: Բանն այն է, որ արդեն գրեթե մեկ դար է, ինչ հայաստանյան դպրոցներում աշակերտներին սովորեցնում են հայոց լեզվի նոր ուղղագրությունը, որով էլ մեր երկրում տպագրվում են գրքերը:
Մինչ այդ, սակայն, հայերենն ունեցել է բոլորովին այլ ուղղագրությունը, որը կոչում ենք դասական: Այսօր դասական ուղղագրությամբ են գրվում գրաբարյան, արևմտահայերեն, իսկ երբեմն էլ հենց արևելահայերեն տեքստերը: Դասական ուղղագրությամբ հայերեն տեքստերն ընթերցելիս պետք է անգիր իմանալ ընդամենը 9 կանոն: Ահա դրանք.
1. Յ-ն բառասկզբում ձայնավորից առաջ ընթերցվում է Հ․ յերկինս (հերկինս), յանուն, յայտնի․
2. ՈՒ-ն ձայնավորից առաջ ընթերցվում է Վ․ հատուած (հատված), նուէր․
3. Ա-ից և Ո-ից հետո գրվող բառավերջի Յ-ն չի արտասանվում․ վաղուայ (վաղվա), մեքենայ, կը մօտենայ․
4. ՈՅ-ը բառամիջում ընթերցվում է ՈՒՅ. գոյն (գույն), յոյս (հույս)․
5. Ւ-ը (վյուն) Ա, Ե և Ի ձայնավորներից կամ բաղաձայնից հետո ընթերցվում է Վ․ հեռաւոր, լաւատես, հաշիւ․
6. ԻՒ-ը բաղաձայնից առաջ ընթերցվում է ՅՈՒ․ ձիւն (ձյուն), համբերութիւն, հիւսուած․
7. ԵԱ-ն ընթերցվում է ՅԱ․ միութեան, մատեան, սկզբնաւորեալ․
8. ՒՈՅ-ը բառավերջում ընթերցվում է ՎՈ, իսկ բաղաձայնից առաջ՝ ՎՈՒՅ․ հոգւոյ (հոգվո), հոգւոյն (հոգվույն)․
9. Զ նախդիրը բաղաձայնից առաջ ընթերցվում է ԸԶ. զգործս – ըզգործս (ոչ թե զըգործս), զդուռն – ըզդուռն, բայց՝ զինքը, զայս և այլն։