Պատշաճ խնամքը և պաշտպանությունը խիստ կարևոր են աչքերի առողջ վիճակը պահպանելու համար:
- Օգտագործեք պաշտպանիչ ակնոց. եթե աշխատանքային միջավայրում կա մեծ քանակով փոշի, քիմիական նյութեր, թեփ, փայտի կամ մետաղական կտորտանքներ ու ծլեպներ, ուրեմն պետք է պաշտպանել աչքերը՝ կրելով հատուկ ակնոց: Նույն կերպ, պաշտպանեք աչքերն այգեգործական, լվացք և այլ գործեր կատարելիս:
- Պաշտպանեք աչքերն ուլտրամանուշակագույն ճառագայթներից. ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել կատարակտ և տարիքային մակուլյար դեգեներացիա: Արևոտ օրերին դրսում կրեք պաշտպանիչ գլխարկ և արևային ակնոց:
- Մաքուր պահեք ձեռքերը. խուսափեք աչքերին կեղտոտ ձեռքերով դիպչելուց: Մինչև աչքերի շրջանին դիպչելը օճառաջրով լավ լվացեք և լիարժեք պարզաջրեք ձեռքերը:
- Մի՛ տրորեք աչքերը. փորձեք խուսափել աչքերը տրորելուց կամ մատներով դիպչելուց, որը կարող է առաջացնել աչքի վարակային բորբոքում:
- Խուսափեք վնասակար կամ գրգռող գործոններից. եթե աչքերի շրջանում զգում եք անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), որը պատճառվել է ալերգիայից, խուսափեք ալերգիկ ռեակցիայի պատճառ հանդիսացող ալերգիկ գործոնից (ալերգեն): Աչքերի համար որպես ալերգեն կամ գրգռիչ ավելի հաճախ հանդես են գալիս մորթին, փոշին, մանրագույն այլ մասնիկները և որոշ մթերքները: Արևային կամ պաշտպանիչ ակնոցը կարող է աչքերը պաշտպանել նման գրգռիչներից:
- Խուսափեք անձնական հիգիենայի միջոցների համատեղ օգտագործումից. խուսափեք սրբիչների, հատկապես՝ երեսսրբիչների, դիմահարդարման պարագաների և նյութերի համատեղ օգտագործումից: Համոզվեք, որ անձնական միջոցներից օգտվում եք միայն դուք:
- Մաքուր պահեք աչքերը. աչքի արտադրությունը պետք է մաքրել զգուշորեն: Յուրաքանչյուր աչքի համար պատրաստեք առանձին մաքուր մառլյաե խծուծ, որը նախապես ներծծեք մաքուր ջրով և մաքրեք կոպերը՝ քթի ծայրից դեպի դուրս ուղղությամբ:
- Հանգիստ տվեք աչքերին. սառը թրջոցները կարող են հանգստացնել աչքերը: Լավագույն միջոցը խիստ սառը մաքուր ջրի մեջ ներծծված մաքուր դիմասրբիչով սառը թրջոցն է:
- Եթե կրում եք կոնտակտային լինզաներ, հետևեք հիգիենայի և մյուս կանոններին. կոնտակտային լինզաները տեղադրեք և հեռացրեք խիստ զգուշությամբ: Միշտ հետևեք ակնաբույժի խորհուրդներին, երբ մաքրում եք լինզաները: Խուսափեք դրանք երկար ժամանակ առանց հանելու օգտագործելուց: Քնելուց առաջ հանեք լինզաները: Մինչև լինզաներին դիպչելը լավ լվացեք ու պարզաջրեք ձեռքերը: Եթե աչքերը ցավում են, գրգռված կամ բորբոքված են, հեռացրեք կոնտակտային լինզաները և կրեք ակնոցներ, քանի դեռ աչքերի վարակի կամ գրգռվածության գանգատներն ու նշանները չեն անհետացել:
- Խուսափեք ուղղակիորեն արևին նայելուց. առանց որևէ պաշտպանիչ ակնոցի արևին նայելը կարող է վնասել աչքերը, քանի որ այս օրգանը արևի ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ խիստ զգայուն է: Արևոտ օրերին դրսում կրեք արևային ակնոց: Խուսափեք արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց:
- Պարբերաբար ստուգեք աչքերը և տեսողությունը. տեսողությունը ստուգող մասնագետները (օկուլիստ) խորհուրդ են տալիս պարբերաբար՝ առնվազն 2 տարին մեկ անգամ ստուգել տեսողությունը: Եթե ունեք շաքարային դիաբետ, 60-ն անց եք կամ ունեք աչքի հիվանդությունների ընտանեկան պատմություն, տեղեկացեք բժշկից, թե ինչ հաճախականությամբ է պետք ստուգել տեսողությունը:
- Մի՛ ծխեք. ծխելը կապված է աչքերի մի շարք հիվանդությունների հետ, օրինակ՝ կատարակտ, չոր աչքի համախտանիշ, տարիքային մակուլյար հետզարգացում, վահանաձև գեղձի հիվանդությունների ժամանակ զարգացող «թերեոիդային դուրս ցցված աչքեր» (թիրեոտոքսիկոզ) և աչքերի ընդհանուր գրգռվածություն: Եթե ծխող եք, փորձեք հրաժարվել այս վնասակար սովորույթից: Զրուցեք այս մասին բժշկի հետ և հետևեք նրա խորհուրդներին:
- Առավել ուշադիր եղեք, եթե ունեք դիաբետ. շաքարային դիաբետը կարող է բարձրացնել աչքի հիվանդությունների զարգացման ռիսկը: Վատ հսկվող կամ բուժումից դուրս մնացած դիաբետը կարող է բարդանալ դիաբետիկ ռետինոպաթիայով և բերել տեսողության վատթարացման կամ կորստի: Պարբերաբար ստուգեք աչքերն ու տեսողությունը և համոզվեք, որ արյան շաքարը և արյան ճնշումը կայուն են և պատշաճ կերպով վերահսկվում են:
Աղբյուրը՝ medex.am