«Սյուժե» տերմինը առաջացել է ֆրանսերեն sujet (առարկա) բառից և լայն կիրառություն է ստացել հենց ֆրանսիացի կլասիցիստների շրջանում։
Որպես գրականագիտական հասկացություն՝ սյուժեի բացատրությունն ու մեկնաբանությունները տրվել են մեծաթիվ աշխատություններում, բայց մինչ օրս էլ շատերն այն նույնացնում են իրադարձությունների պարզ նկարագրման հետ՝ ըստ ժամանակագրական ընթացքի։ Իրականում, սակայն, սյուժեն արտահայտում է այդ իրադարձությունների ներկայացման՝ հեղինակի ընտրած ձևն ու հերթականությունը։
Այն, թե ինչ իրադարձություններ է ընտրում գրողը, ինչպես է դրանք իրար կապակցում, ինչպես է «պատմում», արտահայտում է տվյալ ստեղծագործության նպատակն ու գեղարվեստական որակը։ Այսպես, օրինակ, ընթերցողներիս նախապես ծանոթ միևնույն պատմության «մատուցումը» երկու տարբեր երկերում կարող է միանգամայն տարբեր, նույնիսկ հակադիր ազդեցություններ գործել։
Առահասարակ՝ գրողները սիրում են հենց այդպիսի «փորձարարությունները»։ Եթե հնարավոր լիներ մեզ հայտնի բոլոր պատմությունները համեմատել դրանց նվիրված ստեղծագործությունների հետ, ապա կտեսնեինք, որ աշխարհում գրքերն անհամեմատ ավելի շատ են, քան այն պատմությունները, որոնք դրանց հիմքում են։
Ժամանակակից գրական ստեղծագործություններում հաճախ նկատվում է նաև շարադրման մեկ այլ եղանակի՝ դիսկուրսի (զրույց) կիրառությունը։ Դիսկուրսը, ի տարբերություն սյուժեի, մշտապես հակադրվում է հենց այն պատմության տրամաբանությանը, որը ներկայացնում է, և արդեն այդ հակադրմամբ է «կառուցում» տվյալ ստեղծագործությունը։ Ասել է թե՝ դիսկուրսի պարագայում հեղինակի կամ նրա անհատականությունը ձևավորած միջավայրի մոտեցումն առավել բացորոշ է, և ստեղծագործության ասելիքը ոչ թե նկարագրվող պատմությունն է փոխանցում, այլ այդ պատմության ու նրա մեկնաբանության «բախումը»։