Հատված Վ․ Բրուտյանի «Հայրենասիրությունը որպես ազգային գաղափարախոսություն» հոդվածից
Հայրենասիրության գաղափարն առանձնահատուկ տեղ է գրավում ոչ միայն հասարակության հոգևոր կյանքում, մշակույթում, այլ նաև նրա գործունեության բոլոր կարևորագույն ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության, գաղափարախոսության, բնապահպանության մեջ:
Հայրենասիրությունը ենթադրում է մարդու դրական հատկանիշերի համալիր ձևավորում և զարգացում: Նրա հիմքում ընկած են հոգևոր-բարոյական և սոցիալ-մշակութային բաղադրատարրեր: Հայրենասիրությունը հանդես է գալիս հայրենիքի հետ իր անբաժանելի լինելն ու միասնականությունը գիտակցող անձի հոգևոր արժեքների, քաղաքացիականության և սոցիալական ակտիվության հետ միասին: Էությամբ այն միասնական է, բայց միևնույն ժամանակ բազմաբնույթ է իր դրսևոումներում: Սակայն առայսօր դեռ չի ձևավորվել միասնական, բոլորի կողմից ընդունելի կարծիք, թե ինչ պետք է հասկանալ հայրենասիրություն ասելով:
Հայրենասիրության ըմբռնմանն ուղղված մոտեցումների ողջ բազ ազանությունը կարելի է պայմանականորեն դասել ուղղությունների:
Առաջին ուղղության մեջ կարելի է ներառել այն տեսակետներն ու դատողությունները, որոնք հայրենասիրությունը սահմանում են որպես հայրենիքի հանդեպ սիրո վեհ զգացմունք: Այս ուղղությունը բնորոշվում է բնության, հայրենի տան, ծննդավայրի, մանկության պատկերների հանդեպ սիրո վերացական դրսևորմամբ:
Երկրորդ ուղղությունը հիմնվում է հայրենասիրության՝ որպես բարձրագույն, առավել կարևոր ու էական զգացմունքներից մեկի ըմբռնման վրա: Սակայն այստեղ, հուզական կողմի հետ մեկտեղ, ներառվում է նաև գործնական տեսանկյուն. հայրենասիրական զգացմունքի ուժը չի սահմանափակվում հայրենիքի հանդեպ սոսկ սիրո խորությամբ ու վեհությամբ, այլ մղում է ակտիվ գործողությունների՝ հանուն սեփական հայրենիքի բարօրության:
Երրորդ ուղղությունը հայրենասիրությունը դիտարկում է որպես հասարակական երևույթ, որի բովանդակությունն ու բնույթը նշանակալի չափով պայմանավորվում են հասարակության, պետության պատմական զարգացման առանձնահատկություններով, իշխող ընտրախավի քաղաքականությամբ: Խորհրդային հասարակական համակարգի պայմաններում հայրենասիրությունը գաղափարախոսական կարևորագույն հիմքերից մեկն էր, հանդես էր գալիս աճող սերնդի դաստիարակության առանցքային ուղղությունների շարքում:
Չորրորդ ուղղությունը բնութագրվում է նրանով, որ հայրենասիրության օբյեկտ է դիտվում պետությունը: Այն անվանում են «պետական հայրենասիրություն»: Հայրենասիրության այդ տարատեսակի ի հայտ գալը պայմանավորված էր պատմական առանձնահատուկ պայմաններով: Այն առաջացավ՝ կապված պետության, վերջինիս ամրապնդման համար պետական իշխանության տարբեր ձևերի ստեղծման ջանքերի համախմբման անհրաժեշտության հետ:
Հինգերորդ ուղղությունը բացահայտում է հայրենասիրության էությունը հենց անձի հետ անբաժանելի կապի հետ միասին, որը նրա համար բարձրագույն արժեք է: Տվյալ ուղղությունը կոչվում է նաև անձնային հայրենասիրություն:
Վեցերորդ ուղղությունը որպես հայրենասիրուրյան սուբյեկտ շատ հաճախ դիտարկում է անձին: Հայրենասիրությունն ըմբռնվում է որպես անձի հոգևոր զարգացման, ինքնարտահայտման կարևորագույն փուլ: Դա հայրենասիրության բարձր մակարդակ է, քանի որ անձի հոգևոր ինքնադրսևորումը ենթադրում է կարևորագույն կողմերի և որակների մի ամբողջության դրսևորում, որոնք բնութագրվում են իրենց ձևակերպվածության լիարժեքությամբ, ամբողջությամբ, կատարելությամբ: Անձի այդ որակները ենթադրում են կրոնական բովանդակություն, ինչը հնարավորություն է տալիս այդ ուղղությունն անվանել հոգևոր-կրոնական: Հոգևոր-կրոնական հայրենասիրությունն ունի ամենամեծ և ամենահարուստ ավանդույթը, խոր և հզոր արմատներ:
Հայրենասիրությունը, եթե նկատի ունենանք ծագումը, առաջանում և զարգանում է որպես զգացմունք, որն ավելի ու ավելի է սոցիալականացվում և վեր հառնում հոգևոր-բարոյական հարստացման միջոցով: Հայրենասիրական զգացմունքի ըմբռնումը անբաժանելիորեն կապված է նրա գործունեության հետ, ինչն առավել կոնկրետ պլանով դրսևորվում է ակտիվ սոցիալական գործունեությամբ, գործողություններով և արարքներով, որ կատարվում են մարդու կողմից՝ ի բարօրություն հայրենիքի:
Հայրենասիրությունը՝ բնույթով որպես խորապես սոցիալական երևույթ, հասարակության գոյության և զարգացման հզոր աղբյուր է, հանդես է գալիս որպես մարդու կենսունակության, իսկ երբեմն էլ նրա կենսակայունության բնութագրիչ:
Հայրենասիրության բնորոշ դրսևորումներից մեկը հզոր պետականության երազանքն է: Այն արտացոլում է մեր հասարակության պատմական զարգացման յուրահատկությունը: Այդպիսի հայրենասիրության կարևոր գործոն է պետությունը: Ներկայումս հայ հասարակության զարգացման, ժամանակակից պետության ստեղծման համար կարևորագույն պայման է համարվում հայրերասիրության վերածնունդը:
Իսկական հայրենասիրությունը նրա հոգևոր բնույթի մեջ է: Հայրենասիրությունը կարևորագույն գործոն է սոցիալական խմբում անձի առավել լիարժեք դրսևորման համար: Այն ենթադրում է հայրենիքին անշահախնդիր, անմնացորդ ծառայություն:
Ելնելով այս ամենից՝ կարելի է ընդհանրացնել հայրենասիրության առավել էական կողմերը և սահմանել այն:
Հայրենասիրությունը անձի առավել նշանակալից բարոյական արժեքներից է, անհատի կարևորագույն հոգևոր ձեռքբերումը, որը բնութագրում է նրա զարգացման բարձրագույն մակարդակը և արտահայտվում է ինքնադրսևորման ակտիվ գործունեությամբ՝ ի բարօրություն հայրենիքի:
․․․․Այն բարեփոխումները, որոնք կոչված են վերածնելու Հայաստանը, չեն կարող իրենց հիմքում ունենալ բացասական և հակասոցիալական գաղափարներ ու բարքեր:
ՎԱՉԻԿ ԲՐՈՒՏՅԱՆ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ,
մանկ. գիտ. թեկն., դոցենտ