Ինչ խաղալիք կստեղծեի

Ֆլորա Հակոբյան

Ջրարբիի միջնակարգ դպրոց

5-րդ դասարան

Ես 11 տարեկան եմ և ինչպես իմ բոլոր տարեկիցները, ինքս էլ սիրում եմ ամենատարբեր խաղեր խաղալ, զանազան խաղալիքներ նվեր ստանալ, երբեմն էլ դնել խաղալիքներս մի տաքուկ անկյունում և հեքիաթ կարդալ, դաս սովորեցնել, երգել ու պարել նրանց համար։

Որքա՜ն կուզեի ստեղծել խաղալիք, որը իր հետ կբերեր խաղաղությունն ու բարությունը, ներողամտությունն ու հաշտությունը, քաղցրությունը, ժպիտները, հույսերն ու սերը։ Երանի՜ ես հրաշագործ-ստեղծարար լինեի, երանի՜ կերտեի աշխարհի ամենահզոր խաղալիքը, որը աննման ու յուրօրինակ կլիներ։ Ես խաղալիքը կպատրաստեի արևածագին, երբ արևը իր խոր քնից դուրս է գալիս, լուսավորում աշխարհը, արթնացնում մարդկանց, դաշտ կանչում հողագործին, դպրոց կանչում աշակերտին, կարծես վերահսկում մարդուն, ուղղորդում նրա քայլերը։ Արևածագը նոր կյանքի խորհրդանիշն է, այն կյանքի, որը պետք է ստեղծի իմ խաղալիքը։ Երբ արևը ամպերի հետևից դուրս կգար, երբ մարդիկ կանցնեին իրենց աշխատանքին, ես կնստեի մեր պատշգամբում, կվերցնեի իմ աշխատանքային գործիքները, և կսկսվեր խաղալիքի կերտումը։ Լուռ, բայց երջանիկ ժպիտով դեպի ինձ կգային աշխատանքն ու հաջողությունը և կդառնային խաղալիքի ոտքերը, որոնք պետք է նրան շարժեին ու առաջ տանեին, այնուհետև ավելի հանգիստ քայլերով ինձ մոտ կգար առողջությունը և կդառնար խաղալիքի փոքրիկ որովայնը, որը պետք է ապահովեր մարդու՝ առողջ ու օգտակար սնունդի ընդունումը և թույլ չտար, որ նա վնասեր իրեն։ Թեև շատ լուրջ, բայց պատրաստակամ ինձ մոտ կգային արդարությունն ու ազնվությունը և կդառնային խաղալիքի ձեռքեր, որոնք չպետք է թույլ տային՝ աշխարհում որևէ անազնիվ ու անարդար բան տեղի ունենա։ Խաղալիքի սիրտը կստեղծվեր մաքրությունից և ներողամտությունից, սիրուց և հավատից, որ առաջնորդեր մարդուն դեպի լուսավոր ապագա։ Հետո իրենց հերթից համբերատար և հանդարտ ինձ մոտ կգային ուշիմությունն ու խոհեմությունը, տրամաբանությությունն ու խելամտությունը և կդառնային խաղալիքի գլուխը։ Հաղթանակը իր եղբայրների՝ քաջության, ուժի և անկոտրում կամքի հետ միասին, դարերի խորքից ինձ մոտ կշտապեր և կպսակեր իմ խաղալիքի գլուխը իր ոսկեծամ մազերով։ Իմ խաղալիքը կունենար ծովագույն աչքեր, որոնք կստեղծվեին Կաթնաղբյուրից, որից ջուր խմեց Ծովինարն ու ծնեց Սանասարին, Բաղդասարին։ Կաթնաղբյուրի ջուրն իրեն կմիացներ աշխարհի ողջ պարզությունը, և խաղալիքի աչքերը ջինջ հայացքով կնայեին ամեն ինչին։ Հայոց պարծանքը, որ վերաբերում է իր դարավոր անցյալին, և ոչ երբեք գոռոզությանը, կնստեր ծով աչքերի վերևում՝ փակելու «անձրևի ու ձյան» ճանապարհը, որոնք շատ կուզենան թափվել այդ մաքուր ու ջինջ ծովակը, խառնվել Կաթնաղբյուրին, սակայն թարթիչները կծալվեին, կիջեցնեին իրենց հպարտությունը, կխոնարհվեին, բայց նման բան թույլ չէին տա։ Հոնքերը կձևավորվեին ամրակուռ ու անսասան կամքով, քիթը՝ հայոց սարերի մաքուր ու տաք շնչով, իսկ շուրթերը հայոց հազարամյա ոսկեղենիկ տառերով, որոնք կարտահայտեին միայն քաղցր ու բարի, նուրբ ու հզոր հայերեն խոսքեր, որովհետև հայերենն աստվածային լեզու է՝ մաքուր ու անաղարտ։

Ի՞նչ կոչեմ քեզ, փոքրի՛կ խաղալիք, ի՞նչ անվանեմ, որ հետո դու աշխարհի հետ խոսես քո անունով, ի՞նչ անուն տամ, որ մարդիկ քո անունը լսելիս մտածեն, խորհեն, զղջան, ափսոսան, բարի դառնան, չատեն, չվիրավորեն, չդավաճանեն իրար, մտածեն մաքուր ու ճշտախոս լինելու, մեղքեր չգործելու, իրար շատ սիրելու և պարզապես ապրելու մասին։ Ես քեզ իմ փոքրիկ սրտի ողջ ցանկությամբ անվանում եմ Խաղաղություն, որ բոլորին երջանկացնես, որ զինվորին կռվի դաշտ չտանես, որ երեխային անհայր չթողնես, որ նորահարսին առանց փեսա չթողնես, որ երկիրը ավերի չմատնես, որ մարդուն մարդու ձեռքում գերի չթողնես, որ գործի դնես ողջ ուժդ, խելքդ, առողջությունդ, բարությունդ, մարդասիրությունդ, հայոց հազարամյա պատմությունը, պարծանքը, խելամտությունն ու խոհեմությունը և աշխարհում բարություն սփռես, որ ո՛չ մի մարդ, ո՛չ մի ժողովուրդ այլևս չտեսնի այն, ինչ տեսավ մեր ազգը, ինչ լսեցին մեր հայրերն ու մայրերը, հայ աղջիկն ու երեխան։ Ես քեզ կոչում եմ Խաղաղություն, որ խաղաղ երկինք լինի իմ երկրում, որ աշխարհի բոլոր մարդիկ քեզ վերցնեն ու նվիրեն իրար, որ երջանիկ ժպտան քեզ տեսնելիս, որ աշխարհի բոլոր մարդկանց տներում դու քո առանձին ու կարևոր տեղն ունենաս։

Ա՜խ, երանի ես խաղալիք ստեղծեի ու այն ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ անվանեի։

Հավանեցի՞ր. տարածիր