Իսահակ Նյուտոն

Ինչպե՞ս է, որ մարդիկ ու առարկաները չեն թափվում երկրագնդի վրայից: Մտածե՞լ ես այդ մասին: Ամեն ինչ շատ պարզ է. երկրագունդը նման է մի մեծ մագնիսի, որը դեպի իրեն է ձգում ամեն բան:

Այս կարևոր հայտնագործությունն արել է անգլիացի մեծ գիտնական, ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը: Ասում են` մի օր նա զբոսնում էր խնձորի այգում, ու հանկարծ նրա աչքի առաջ ծառից պոկվում ու ցած է ընկնում մի հասած խնձոր: Նյուտոնը մտածում է՝ ինչպե՞ս է, որ խնձորն ուղիղ գետնին է ընկնում, այլ ոչ թե թռչում է ինչ-որ ուղղությամբ: Ուրեմն՝ կա մի ուժ, որը խնձորին ստիպում է ընկնել ուղիղ գետնին: Դա մագնիսական ձգողությունն է:

Այսպես մի խնձորը մեծ հայտնագործություն անելու առիթ դարձավ: Այդ դեպքից հետո «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը նշանակում է պատահական դեպքից ծնված կարևոր հայտնագործություն:

Իսկ ինչպիսի՞ն էր մեծ գիտնականը փոքր ժամանակ: Պարզվում է` ծույլիկ: Այս մասին ուզում եմ պատմել քեզ:

Ծույլիկ Նյուտոնը

Երբ հանճարեղ գիտնականը դեռ փոքր էր, դասարանում բոլորից վատ սովորողն էր: Ծույլ էր ու անուշադիր դասերին:

Նույն դասարանում մի տղա կար, որը ֆիզիկապես ուժեղ էր և հաճախ ծեծում էր թուլակազմ Նյուտոնին: Այդ տղան Նյուտոնից լավ էր սովորում:

– Ես ամեն ինչով քեզնից առաջ եմ,- Նյուտոնի հոգու հետ անընդհատ խաղում էր տղան:

Մի անգամ նա այնպե՛ս ուժեղ է խփում Նյուտոնի որովայնին, որ խեղճի համբերությունը սպառվում է: Նա էլ չի դիմանում ու պատասխանում է.

– Արի՛ գրազ գանք, որ մի ամսում ես ուսման մեջ քեզնից առաջ կանցնեմ:

– Չէ՜ մի, բա ո՜նց,- ծաղրում է տղան:

Երեկոյան Նյուտոնը, մի կերպ հաղթահարելով իր ծուլությունը, առաջին անգամ սովորեց բոլոր դասերը: Հաջորդ օրը նա դպրոցում գերազանց գնահատական ստացավ: Պարզվեց, որ սովորելն այնքան էլ բարդ գործ չէ: Եվ Նյուտոնը մի ամիս անց առաջ անցավ ոչ միայն իրեն նեղացնող տղայից, այլև ամբողջ դասարանից:

Բա, այդպես էլ է լինում:

Քո գործե՞րը ոնց են դպրոցում: Գուցե դժվարություննե՞ր ունես: Մի՛ վհատվիր, տեսնո՞ւմ ես, իրականում անհաղթահարելի բաներ չկան: Պարզապես մեծ ցանկություն է պետք: Մի քիչ էլ որ ջանք թափես, անպայման աշխատանքիդ արդյունքը կտեսնես: Ի՞նչ իմանաս, գուցե քո մեջ է՞լ մի մեծ գիտնական է թաքնված, և մի օր դու էլ կարող ես Նյուտոն դառնալ…

Հավանեցի՞ր. տարածիր