Արամայիս Տոնոյան
Գյումրու Տնտեսագիտական վարժարան
5-րդ դասարան
Լինում է, չի լինում… Ժուկով-ժամանակով… Կար-չկար… Սրանք բառեր են, որոնցով սկսվում է մեր մանկությունը: Այս բառերը հնչել են ականջիս տակ մորս շուրթերից, ու մինչև այսօր ուղեկցում են ինձ դրանցով սկսվող հեքիաթները: Երևի աշխարհում չկա մի մարդ, ով չսիրի հեքիաթներ, իսկ հեքիաթներ սիրող մարդիկ, իմ կարծիքով, տարբերում են բարին ու չարը, լավն ու վատը: Զարմանահրաշ է հեքիաթային աշխարհը, որտեղ կարող է կատարվել ամեն ինչ․ կենդանիները խոսում են մարդկային լեզվով, գորտը արքայազն է դառնում, կամ հակառակը: Ոսկե ձկնիկը կատարում է քո բոլոր ցանկությունները:
Հեքիաթներում պարզ հակադրվում են չարն ու բարին, լավն ու վատը, ճիշտն ու սխալը, ազնիվն ու անարդարը, խոհեմությունն ու անգիտությունը, խորամանկությունն ու միամտությունը:
Մեր մանկության աշխարհը գունագեղ էր դառնում, երբ անհաղթ աքլորը պատժում էր ագահ թագավորին, խորամանկ աղվեսը հիմարացնում էր միամիտ կկվին, գյուղացու՝ խելացի ու հնարամիտ աղջիկները պատժում էին անկուշտ արքային, նազիր-վեզիրին, ագահ տատիկն էլ ոսկե ձկնիկից անհնարինն էր պահանջում, իսկ գորտն էլ արքայազն էր դառնում:
Իսկ այժմ ես եմ ուզում գրել հեքիաթերեն, որպեսզի «անհնարինը» դառնա հնարավոր, որպեսզի չավարտվի իմ լուսավոր ու բազմագույն մանկությունը… Իմ հեքիաթը ընկերության մասինէ, ես այն վերնագրել եմ «Իսկական ընկերը»:
Մասրենու ծաղկաբաժակում կուչ էր եկել մի զատիկ: Տխուր էին անցնում օրերը նրա, որովհետև նրա հետ ոչ ոք ընկերություն չէր անում:
– Դու տգեղ ես, դու պուտեր չունես, ի՞նչ զատիկ առանց պուտերի,- ասում էին տեսնողները:
Հունիսյան մի տաք, արևոտ օր Նարեն խաղում էր այգում: Գարունն ու ամառը միասին զուգել էին դաշտը: Նարեն մի ճերմակաթերթ ծաղիկ է պոկում ու բույրն առնում: Շարժումից զատիկը, որ քնել էր ծաղկի վրա, արթնանում է.
-Բարև՛,- ասում է Նարեն:
Զատիկը լռում է:
– Ի՜նչ հետաքրքիր է․ զատիկ առանց պուտերի,- ասում է Նարեն:
Զատիկը սկսում է արտասվել և ասում է.
– Ինձ հետ ոչ ոք ընկերություն չի անում, որովհետև ես տգեղ եմ, պուտեր չունեմ:
– Ի՞նչ,- զարմանում է աղջիկը,- մի՞թե նա է իսկական ընկերը, ով գեղեցիկ է: Ո՛չ, այդպես չէ: Իսկական ընկերը նա է, ով բարի է, անկեղծ, նվիրված, ով ընկերոջը երբեք մենակ չի թողնում:
Զատիկը ուրախանում է:
– Իսկապե՞ս, իսկ դու կընկերանա՞ս ինձ հետ:
– Իհա՛րկե,- ասում է աղջիկը:
Զատիկը բացուխուփ է անում թևիկները և ուրախ-ուրախ սկսում է թռչկոտել:
– Տե՛ս, քեզ ի՜նչ հոյակապ եմ գունազարդելու,- ասում է աղջիկը:
Աղջիկը վերցնում է սև մատիտը և գործի անցնում: Ե՛վ ներկում է, և՛ խոսում ընկերության մասին:
– Իսկական ընկերը նա է, ում դու կարող ես լիովին վստահել:
– Եվ բնավ էլ կապ չունի արտաքին գեղեցկությունը․ կարևորը ներքինն է:
– Շնորհակալ եմ, սիրո՛ւն աղջիկ, դու իսկական ընկեր ես:
Հունիսյան տաք, արևոտ օր էր: Սիրուն զատիկը ուրախ-ուրախ ծաղկից ծաղիկ էր թռչում:
Իմ այս հեքիաթը կավարտեի այսպես. երկնքից ընկավ երեք խնձոր. մեկն այս հեքիաթը գրողին, մեկը՝ հեքիաթը կարդացողին, իսկ երրորդը՝ այն իրականություն դարձնողին: