Ինչ է լեզվազգացողությունը

Լեզվազգացողությունը հատկանիշ է, որ ձևավորվում է առավելաբար ընթերցանությամբ, երբ մարդը գրքերից սովորում է զանազան բառեր՝ զանազան իմաստներով և իմաստային նրբերանգներով, յուրացնում է կապակցման օրինաչափություններ և այլն։

Լավ լեզվազգացողություն ունենալն անպայման չի նշանակում տվյալ լեզվի տեսության մասնագիտական իմացություն, ինչպես պարտադիր չէ, որ ավտոմեքենան շատ լավ վարող մեկը ամենայն մանրամասնությամբ տիրապետի նրա աշխատանքի բոլոր նրբություններին, իմանա բոլոր մանրումեծ բաղադրիչների անունները, տեղը, հատկանիշն ու գործառույթը։ Սակայն որոշ գիտելիքներ, այդուհանդերձ, պետք է ունենա։

Այդպես էլ առանցքային լեզվական հասկացություններին ու գիտելիքներին տիրապետելն է անհրաժեշտություն․ օրինակ՝ ենթագիտակցությամբ հանկարծ զգացած լեզվական սխալը ավելի հստակ հասկանալու և ըստ այդմ՝ շտկելու համար։

Լեզուն ունի իր տրամաբանական հենքը, և այդ տրամաբանությունից շեղումը հաճախ կարող է նաև «անհարմարավետության» զգացողություն առաջացնել, մինչև իսկ նյարդայնացնել ընթերցողին կամ լսողին՝ պահանջելով գիտակցության լարում՝ տվյալ խոսքը մտքում «տեղը գցելու» համար, որքան էլ դա շատ արագ կատարվի։

Այսպիսով՝ գրագետ կամ լեզվականորեն տրամաբանված խոսքը, ըստ էության, ոչ միայն հայրենասիրության արտահայտություն է, այլև հոգեբանական «թեթևության», մտքի մի հավելյալ լարվածության բացառման պայման։

Հավանեցի՞ր. տարածիր