Շատ եմ ուզում, որ այս անունը լավ հիշես, որովհետև նա եղել է ամենահանճարեղ մարդկանցից մեկը:
Լեոնարդո դա Վինչին նկարիչ էր, քանդակագործ, գրող, ճարտարապետ, գիտնական և գյուտարար: Զարմացա՞ր: Բա՜: Պարզվում է, որ այդպես էլ կարող է լինել:
Նա դեռ մանկուց չափազանց հետաքրքրասեր էր: Եվ այդ անսահման հետաքրքրասիրությունն էր ստիպում նրան անվերջ ուսումնասիրել, դիտել, նկատել ամեն ինչ, սովորել:
Մի անգամ Լեոնարդոն հավաքեց բզեզներ, սարդեր, մորեխներ, օձեր, կարիճներ, չղջիկներ, մողեսներ, մկներ ու բերեց իր սենյակ, ուր ոչ ոքի չէր թողնում մտնել: Երկար ժամանակ մանրամասն ուսումնասիրեց այդ կենդանիներին ու նրանց խառնուրդից մի երևակայական սարսափելի հրեշ նկարեց:
Երբ աշխատանքն ավարտեց, վերջապես բացեց սենյակի դռներն ու տանեցիներին թույլ տվեց ներս մտնել: Լեոնարդոյի հայրը մտավ սենյակ և, գիտե՞ս ինչ եղավ. հենց որ տեսավ հրեշի նկարը, լեղաճաք եղած դուրս փախավ սենյակից…
Մի ուրիշ անգամ Լեոնարդոն բռնեց մի հսկա մողես, վրան կպցրեց ձկան և օձի սիրուն թեփուկներ, թևեր, պոզեր, մորուք ու բեղեր: Մողեսին նա պահում էր արկղի մեջ: Երբ տանը հյուրեր էին լինում, Լեոնարդոն հանդիսավորությամբ բերում էր արկղը, դնում հյուրասենյակի կենտրոնում ու բացում… Հյուրերը սարսափահար էին լինում. նրանց առջև անհայտ մի կենդանի էր` իսկական հրեշ: