Լեոնիդ Ենգիբարյան

«Թախծոտ աչքերով ծաղրածուն». այսպես են անվանում Լեոնիդ Ենգիբարյանին: Նա կրկեսում ներկայացնում էր իր գրած մանրապատումները:

Ահա դրանցից մեկը:

Հեքիաթասացը

Ամբողջ գիշեր հսկա տանը մի պատուհան էր լուսավորված: Այնտեղ ապրում էր հեքիաթասացը. ոմանք նրան պոետ էին կոչում: Նա հեքիաթներ էր գրում և նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթի դժվար է ապրել:

Նրա սեղանը լիքն էր բազմերանգ մատիտներով: Սարսափազդու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախները` կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներով…

Բայց օրերից մի օր չար և անգետ մի մարդ գողացավ հեքիաթասացի բոլոր մատիտները: Թողեց միայն սևը և սպիտակը` մտածելով. «Այ հիմա նա կգրի էնպես, ինչպես պետք է…»:

Խեղճ հեքիաթասացը տխո՜ւր-տխուր կանգնած էր դատարկ սեղանի առջև: Հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսը և դուրս եկավ տնից:

Նա չգիտեր՝ ուր է գնում: Նա դանդաղ շրջում էր անձրևոտ քաղաքում: Երբ հոգնեց ու կանգ առավ, կեչու մի թաց տերև պոկվեց ծառից, թռավ ու եկավ-կպավ նրա այտին: Տերևը մուգ կանաչ գույն ուներ, հեքիաթասացը տեսավ դա: Հետո նկատեց, որ ասֆալտն արծաթագույն է, հորիզոնն էլ` բաց երկնագույն, իսկ կղմինդրե տանիքները` կարմիր: Նա ժպտաց, հավաքեց այդ բոլոր գույներն ու վերադարձավ տուն:

Նա կրկին նկարում է:

Նա կրկին երջանիկ է:

Թարգմանեց Նարինե Թուխիկյանը

Հավանեցի՞ր. տարածիր